Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը մասնակցել է առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 8 թիմերի շուրջ 100 երեխաների մասնակցությամբ ֆուտբոլի մրցաշարի հաղթողների և մրցանակակիրների պարգևատրման հանդիսավոր արարողությանը: Ողջունելով մրցաշարի մասնակիցներին` մարզիչներին և կրթադաստիարակչական հաստատությունների տնօրեններին, Արամ Սուքիասյանը նշել է, որ մարզամշակութային այդպիսի միջոցառումներն առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին մեր հասարակությանը լիարժեք մերվելու լավ նախադրյալներ են ստեղծում, ինչի շնորհիվ ի հայտ են գալիս նաև տաղանդաշատ երեխաներ:
Քաղաքապետի տեղակալը 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր զբաղեցրած թիմերին հանձնել է Երևանի քաղաքապետի դիպլոմներ, գավաթներ և մեդալներ: Հաստատությունների տնօրեններին և մարզիչներին հանձնվել են շնորհակալագրեր: Խրախուսական մրցանակներ են հանձնվել լավագույն դարպասապահին և մի շարք այլ ֆուտբոլիստների:
Հիշեցնենք, որ մրցաշարը նախաձեռնել էր Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը՝ աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի հետ համատեղ: Կրթօջախները ներկայացնող թիմերը գործում են Երևանի քաղաքապետարանի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՀՀ ԿԳ նախարարության ենթակայությամբ: Առաջին տեղը կիսել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Սոս» մանկական գյուղի մանկատան թիմն ու ՀՀ ԿԳՆ հ. 15 հատուկ դպրոցի լսողության խանգարում ունեցող երեխաների կրթահամալիրի «Արարատ» թիմը: Երկրորդ տեղում են Երևանի քաղաքապետարանի ենթակայության խոսքի ծանր խանգարում ունեցող երեխաների հ. 8 դպրոցի «Զեյթուն» թիմն ու ՀՀ ԿԳՆ հ. 1 կրթահամալիրի «Էրեբունի» թիմը: Երրորդ տեղն զբաղեցրել են քաղաքապետարանի ենթակայության հ. 6 հատուկ դպրոցի «Բարսելոն» թիմը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հ. 2 խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունը: Շրջանաձև մրցակարգով անցկացվող առաջնությունը սպասարկել է ՀՖՖ մրցավարական անձնակազմը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն