Օրերս տենոր և երգահան Մասիս Առաքելյանը Բեռլինից մեկնել էր Թեհրան` մեներգությամբ հանդես գալու համար: «Ես հրավեր ստացա Թեհրանի հայ մարզամշակութային «Րաֆֆի» համալիրի տնօրինության կողմից և բնականաբար չէի կարող մերժել այն, որովհետև միջոցառումն իրականացվելու էր Արցախին զորակցելու նպատակով: Մասնավորապես այս օրերին կարևորը հայրենիքին օգուտ տալն է»,- մեզ հետ զրույցում նշեց Մասիս Առաքելյանը:
«Կռունկ` հայկական դասական երգեր» խորագրով մենահամերգի ժամանակ, որը տեղի է ունեցել «Րաֆֆի» համալիրի «Մասիս» սրահում, տենոր Մասիս Առաքելյանը ներկայացրել է իր և մի շարք հայ երգահանների ու կատարողների երգեր` Կոմիտաս Վարդապետի, Սայաթ Նովայի, Շառլ Ազնավուրի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Գրիգոր Տալյանի և Շահեն Սարգսյանի: Նրան նվագակցել է դաշնակահարուհի Ռանա Հայդարյանը:
Ինչպես մեզ երգիչը տեղեկացրեց, յուրաքանչյուր երգը կատարելուց առաջ նա նախ հանդիսատեսին տեղեկություններ է հաղորդել տվյալ երգի հեղինակի, երաժշտության ու իմաստի վերաբերյալ և բացատրել, թե հայ երգարվեստի մեծերը ինչպես են երկխոսել բնության և հայրենի հողի հետ` երգերի մեջ արտացոլելով իրենց ապրումները:
Կարդացեք նաև
Դասական երգերի երեկոն Մասիս Առաքելյանը Թեհրանում ավարտվել է Շառլ Ազնավուրի հայտնի «Մաման» երգով` հայերեն տարբերակով` հանդիսատեսի հոտնկայս և երկարատև ծափերի ներքո:
Երեկոյի ավարտին «Րաֆֆի» հայ մարզամշակութային համալիրի կողմից միության նախագահ Ռաֆիկ Մելիք-Սեթյանն ու վարչական անդամ Ռիմա Զեյնալվանդը շնորհակալություն են հայտնել մենակատարներին` իրենց հայանպաստ գործունեության համար:
Այնուհետև միության փոխնախագահ Ժոզեֆ Ամիրյանը մեկ առ մեկ շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել համերգի հաջող կազմակերպման համար: Վերջինս առանձնակի շնորհակալություն է հայտնել Մասիս Առաքելյանին, որ առանց որևէ ակնկալիքի` ընդունել է միության հրավերը` մասնակցելու Թեհրանում Հայոց Ցեղասպանության 101-րդ տարելիցի առիթով կազմակերպվող միջոցառումների շարանին և հատկապես «Րաֆֆի» համալիրի կողմից կազմակերպված` Արցախին աջակցելու ծրագրին:
Մասիս Առաքելյանն էլ իր եզրափակիչ խոսքում հույս է հայտնել, որ իրանահայ արվեստասեր համայնքը միշտ թիկունք կկանգնի Արցախին և հայրենիքին: Իսկ վաճառված ձայնասկավառակների և համերգից ստացված ամբողջական եկամուտը հատկացվելու է Արցախին:
Գայանե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Արվեստագիտության թեկնածու
Մասիս ջան, բրավոոոո քեզ, մեծ գործ ես արել: Հուսանք, որ ցանկալին իսկապես նպատակակետին կհասնի: