Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկա Բաբայան. «Հայաստանում 3,5 միլիոն մշակույթի գործիչ կա, մի այդքան էլ նախագահ»

Մայիս 13,2016 17:40

Եվրոպական Միության Արեւելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի շրջանակում մայիսի 13-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում «Կադանս» երաժշտության կենտրոնի հիմնադիր և գործադիր տնօրեն Նիկա Բաբայանը վարեց առաջին աշխատաժողովը: «Պետք է հասկանանք, թե ուր ենք գնում ու ինչու, նվնվոցներ չեմ սիրում, նեգատիվ խոսակցությունների չեմ մասնակցում՝ ստեղծարարության պակաս, փողի պակաս, կոռուպցիա եւ այլն»,- խոսքն այսպես սկսեց պարոն Բաբայանը:

Ապա կես կատակ-կես լուրջ հավելեց, որ Հայաստանում 3,5 միլիոն մշակույթի գործիչ կա, մի այդքան էլ նախագահ: Օբյեկտիվ լինելու համար էլ ասաց, որ մեր երկրում խոշոր նախագծերը հիմնականում իրականություն են դառնում մշակույթի նախարարության հետ համատեղ:

Մշակութային առաջնորդի ու կառավարչի կերպարի համար գծագրված «պատվանդանին», նա մի քանի հոգու կանգնեցրեց: Նրանց թվում էր լուսահոգի կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը, որը լինելով համեստ մարդ, Բաբայանի ձեւակերպմամբ, կոմպոզիտորների միության անդամների համար իր հեղինակության հաշվին մեկ հեռախոսազանգով հարցեր էր լուծում, բնակարան ու ավտոմեքենա տալիս:

«Կադանս» երաժշտության կենտրոնի հիմնադիրը նշում է, որ թեեւ Միրզոյանի ձայնը կարող էր շատ լսելի լինել, սակայն նա միշտ խուսափում էր բարձրաձայնել ինչ-ինչ երեւույթների մասին: «Օրինակ, ինքը շատ էր զայրացել, երբ օպերայի տնօրենը հայելապատ դահլիճը վերցրել ու վերածել էր աշխատասենյակի, փոխանակ այդ դահլիճով փող աշխատեր, չէ՞ որ դա համերգային դահլիճ էր»,- նշում է Նիկա Բաբայանը:

Իբրեւ կերպարվեստի ոլորտի լավագույն կազմակերպիչ էլ, Բաբայանը նշեց Ժամանակակից արվեստի թանգարանի հիմնադիր լուսահոգի Հենրիկ Իգիթյանի անունը, ասաց, որ օտարերկրացի ուսանողներն ու դասախոսները այնքան էին հուզվում Իգիթյանի՝ մշակույթի պատմության թեմայով զրույցներից, որ արտասվում էին: «Կարող են ասել, որ Հենրիկը քոչարյանամետ էր, բայց Քոչարյանի հանդեպ նրա համակրանքը չի նշանակում, թե ինքը վատն էր»,- համոզված է բանախոսը:

Մշակութային «պատվանդանին» Նիկա Բաբայանը կանգնեցրեց նաեւ Գաֆեսճեան ժամանակակից արվեստի թանգարանի հիմնադիր, ամերիկաբնակ մեծահարուստ Ջերարդ Գաֆեսճեանին, «Ավրորա» եւ «100 կյանք» նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանին, Փարաջանովի թանգարանի հիմնադիր եւ տնօրեն Զավեն Սարգսյանին, եւս մի քանի հոգու:

Նիկա Բաբայանի համոզմամբ, նման անհատներ կան Հայաստանում, կան նաեւ արտասահմանում, ոմանք նրա խոսքերով, Հայաստանի հետ գործ բռնել չեն ուզում: «Հանրահայտ «Քովենտ Գարդեն» օպերայի ամենամեծ ֆինանսավորողը բրիտանացի գործարար եւ բարերար Վաչե Մանուկյանն է, բայց Հայաստանին փող չի ուզում տալ, զզվել-գնացել է, կամ դուք գիտե՞ք, որ Նուբար Աֆեյանը «Մետրոպոլիտեն» օպերայի տնօրենների խորհրդի անդամ է: Դե թող մեկը մեր ֆիլհարմոնիկից կամ օպերայից փորձի նրանց մոտենալ, փող ուզել, իհարկե չեն տա: Օրինակ՝ Մեծ Բրիտանիայում, որպեսզի քո օպերային թատրոնը աշխատի, ֆինանսավորվի, պետք է ծրագիր ներկայացնես, իսկ մեզ մոտ դահլիճը աշխատասենյակ են սարքում, էլ չասեմ, որ օպերային թատրոնի բեմական կոստյումների արտադրամասը վաղուց վաճառված է»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031