Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը պատրաստ է անգամ ծառայողական մեքենայից հրաժարվել, եթե գերատեսչությունների ծախսերի կրճատման ժամանակ անգամ դրա անհրաժեշտությունը լինի:
Այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց նախարարը՝ մեր հարցին, թե վարչապետի հորդորը գերատեսչական, ներկայացուցչական ծախսերը կրճատելու եւ բյուջեի միջոցներն արդյունավետ ծախսելու վերաբերյալ նախարարությունն ինչպե՞ս է պատրաստվում իրականացնել: Արտեմ Ասատրյանից նաեւ հետաքրքրվեցինք, թե կհրաժարվի՞ իրեն պետական միջոցներով հատկացրած ծառայողական մեքենայից եւ սովորական քաղաքացիների պես կերթեւեկի՞ երթուղայինով:
«Եթե դա ամենակարեւոր խնդիրը կհամարվի եւ դա կնպաստի մեր երկրի խնդիրների լուծմանն, ապա` իհարկե»:
Կարդացեք նաև
Մեր այն հարցին, թե մասնավորապես ինչպիսի ծախսեր է կրճատելու նախարարությունը եւ մինչեւ հիմա ի՞նչ անարդյունավետ ծախսեր է արել, Արտեմ Ասատրյանը պատասխանեց. «Մենք այս պահին, հենց այդ աշխատանքներն ենք իրականացնում: Այսինքն` մենք, երբ որ գնահատենք, գնահատման արդյունքում կունենանք առաջարկություններ եւ այդ ժամանակ ձեզ կտեղեկացնենք»:
Ըստ նրա, բոլոր պետական կառավարման մարմիններն իրականացնում են առաջին հերթին իրենց կողմից իրականացվող ծախսերի գնահատում, վերլուծություն, որի արդյունքում կներկայացվեն առաջարկություններ կառավարություն. «Կարծում եմ միասնական լուծումներ կլինեն ամբողջ պետական կառավարման համակարգի առումով»:
«Կոռուպցիան բոլոր համակարգերում առկա է եւ մեր բոլորի խնդիրն է դա հասցնել նվազագույնի»,- կրկին անդրադառնալով վարչապետի երեկվա հայտարարությանն ասաց սոցապնախարարը: Ըստ նրա, սոցիալական ոլորտում կոռուպցիայի դեմ կպայքարեն տեղեկատվական համակարգերը ներդնելու միջոցով` միտումնավոր եւ պատահական սխալները բացառելու համար:
Նախարարի խոսքերով. «Մեր բյուջեի 30 տոկոսն ուղղվում է սոցիալական ոլորտին, որի մեծ մասը դրամական վճարումներ են` քաղաքացիների կենսաթոշակների, նպաստների, պարգեւավճարների դրամական գումարների տեսքով եւ այստեղ ամենակարեւոր խնդիրն այն է, որ մեր համակարգերն ամբողջությամբ նույնականացվեն քաղաքացիների հետ, իրավունքի իրացումը ապահովվի տեղեկատվական համակարգի միջոցով, որպեսզի որեւէ սխալ իրավունքի իրացում տեղի չունենա»:
Ըստ նախարարի, վերջին տարիների ընթացքում այդ ճանապարհով մի քանի միլիարդ դրամ են խնայել, որը կրկին ուղղվել է սոցիալական պաշտպանության ծրագրերի իրականացմանը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ