Լրահոս
Օրվա լրահոսը

Բժիշկների հավաստագրում․նոր համակարգը դեռ ամբողջությամբ կայացած չէ

Մայիս 13,2016 17:35

13 մայիս, Երեւան – Հայաստանի բուժաշխատողների մասնագիտական հավաստագրման մասին նոր կարգը, որն ուժի մեջ է մտել մայիսի 4-ից, գաղափարական նոր մոտեցումներ է առաջադրում առողջապահության ոլորտում շարունակական մասնագիտական զարգացմանը։

Նոր կարգին վերաբերող մարտահրավերներին ու առաջիկա անելիքներին էր վերաբերում մայիսի 13-ին Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) նախաձեռնությամբ կազմակերպված քննարկումը, որի ընթացքում պարզաբանվեցին «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի փոփոխված տարբերակին վերաբերող հարցերը։
Քննարկումը վարում էր ՀՕՖ-ի առողջապահական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանը, որ կարեւորեց հատկապես Հայաստանի մարզերում աշխատող բժիշկների համար նոր կարգի շնորհիվ ստեղծվող հնարավորությունները:

Նոր կանոնակարգի համաձայն` Հայաստանի ավագ եւ միջին բուժաշխատողները մասնագիտական հավաստագրումը ձեռք են բերելու շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտների միջոցով՝ պարբերաբար մասնակցելով դասընթացների, վերապատրաստումների, գիտաժողովների:

Օրենքի hեղինակ, ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը նշեց, որ ռազմավարական այս փոփոխությունը շատ կարեւոր է ազգաբնակչության առողջապահական սպասարկման որակը բարձրացնելու համար․
«Մեր նպատակն այն է, որ վերացնենք ֆիկտիվ վերապատրաստումների՝ արդեն ձեւավորված ավանդույթը։ Միեւնույն ժամանակ կարեւոր է, որ մենք փոփոխության ենք գնում, սակայն նախկին՝ վերապատրաստումների միջոցով գիտելիքները թարմացնելու մոդելից դեռ չենք հրաժարվում, քանի դեռ ամբողջությամբ չենք մշակել այն փոխարինելու մեխանիզմները»։

Առողջապահության նախարարության անձնակազմի կառավարման վարչության պետ Սամվել Սողոմոնյանը նշեց, որ կրեդիտներ են շնորհվելու նաեւ վերջին հինգ տարիների ընթացքում նախարարության կողմից հաստատված վերապատրաստումների, դասընթացների, սեմինարների եւ կոնֆերանսների մասնակիցներին։
«Ներկայում էլ շաբաթական միջին հաշվով 2-3 միջոցառումներ են տեղի ունենում Հայաստանում, որոնք շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտներ են ապահովում»,- ասաց նա։

ԵՊԲՀ թիվ 1 համալսարանական հիվանդանոցի պլաստիկ վիրաբույժ, ՀՕՖ-ի ԲՇՄ խորհրդի անդամ Գեւորգ Յաղջյանը համակարգի կայացման գործում կարեւորեց մասնագիտական բժշկական ասոցիացիաների դերը։

Քննարկմանը մասնակցում էին նաեւ Ազգային ժողովի առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի հանձնաժողովի, Առողջապահության նախարարության Գիտաբժշկական գրադարանի, Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Հանրային առողջապահության ֆակուլտետի, միջազգային կազմակերպությունների առողջապահական ծրագրերի, ինչպես նաեւ մարզերի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունների ներկայացուցիչներ, բժիշկներ։
Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031