Լրահոս
Օրվա լրահոսը

«Գարեգին Առաջին կաթողիկոսը հավատաց այդ ծրագրին ու սկսեց ֆինանսավորել այն». Հարություն Թոփիկյան

Մայիս 13,2016 16:54

«20 տարի… Պարտքս եմ համարում հիշել 1996 թվականը, երբ Գարեգին Առաջին ամենայն հայոց կաթողիկոսը հավատաց Կոմիտասի աշխարհիկ խմբերգերն ամբողջացնելու, ձայնագրելու, տարածելու ծրագրին և սկսեց ֆինանսավորել այն: Այնուհետև մեկուկես տարով կնքված պայմանագիրը երկարացվեց, որովհետև Գարեգին Առաջինը տեսավ աշխատանքային բուռն ընթացք, մղում, հրավերներ… Առաջին հրավերն Իտալիայից եղավ»,- «Արմենպրես» լրատվական գործակալությունում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հիշեց Երևանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար Հարություն Թոփիկյանը:

ՀՀ արվեստի վաստակավոր գործչի խոսքով՝ եղել են դժվար տարիներ, բայց միշտ ունեցել են հրաշալի ընկերներ, որոնք «պահել են ջահը»: Իսկ 2009 թվականից արդեն երգչախումբը պետական կարգավիճակ ստացավ:

Երևանի կամերային երգչախմբի ղեկավար Լաուրա Բասենցյանը հիշեցրեց Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մայիսի 16-ին՝ ժամը 19:00-ին կայանալիք համերգի մասին, որը նվիրված է կամերային երգչախմբի գործունեության 20-ամյակին:

Հոբելյանական համերգի ընթացքում կհնչեն Կոմիտասի, Էդգար Հովհաննիսյանի, Երվանդ Երկանյանի ստեղծագործություններից: Որպես մենակատարներ հանդես կգան Տիգրան Համասյանը /դաշնամուր/, Քրիստինե Սահակյանը /մեցցո-սոպրանո/, Մարինե Դեինյանը /սոպրանո/, Հովհաննես Ներսեսյանը /բաս/ և Պերճ Քարազյանը /տենոր/:

Ասուլիսի ընթացքում անդրադարձ եղավ նաև հանդիսատեսին: Հ. Թոփիկյանն ասաց, որ երգչախումբը հավատարիմ հանդիսական ունի, համերգները հիմնականում լեցուն դահլիճներում են անցնում, սակայն որոշակի տարբերություն կա տեղի և դրսի հանդիսատեսի միջև. «Բացարձակ չվիրավորելով մեր սիրելի ունկնդիրներին՝ պետք է ասեմ, որ դրսում մարդիկ ավելի «հղկված են»՝ ծափահարել լիարժեք, բեմից սպասել բերկրալի մի բան: Գուցե ասածս խիստ թվա, բայց մեզ մոտ խելացի լինելու պատճառով կամ բարդույթով միշտ սխալ են փնտրում: Բայց գալ համերգ, լսել երաժշտություն… Եթե կյանքում քեզ բերկրանք են տալիս, թեկուզ մի ակնթարթ, պետք է շնորհակալ լինես: Այդտեղ արդեն սխալը կամ թերությունը դառնում է երկրորդական: Հայ արվեստագետի հետ ունկնդրի բարեկամության խնդիր ունենք այսօր»,- կարծում է Հ. Թոփիկյանը:

Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն, ալտահար Վաչե Հովեյանն էլ նկատեց, որ մենք լավ հանդիսատես ունենք, միայն թե նա ուշանալու սովորություն ունի, որի պատճառով երբեմն խնդիրներ են առաջանում. «Մեր կենտրոնը հիմա նոր կանոնադրություն ունի, ըստ որի՝ համերգը սկսելուց առաջ ներսից փակում ենք դռները: Համերգից ուշացածները կարող են ներս մտնել միայն ընդմիջման ժամանակ, իսկ եթե ընդմիջում չկա, ստիպված են լինում բաց թողնել համերգը»,- հիշեցրեց Վ. Հովեյանը, և իր զարմանքն արտահայտեց, որ այս փոփոխության հետ կապված դժգոհություններ են եղել ու կան. «Չեմ հասկանում՝ ինչու: Ասում են՝ մեր երկրում օրենքի պակաս կա, էս կա, էն կա, բայց երբ փորձում ես օրենքը պահել, նեղանում են ու սկսում բողոքել»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031