Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացիական հայց ենք ներկայացնելու ընդդեմ Ռուսաստանի Դաշնության, որ հասկանան՝ լուրջ պատասխանատվություն են կրում. Ավետիսյանների պաշտպան (Ֆոտոշարք եւ տեսանյութ)

Մայիս 13,2016 16:47

Այսօր Վալերի Պերմյակովի դատավարության ժամանակ ընթերցվեցին վերջինիս ծառայակից ընկերներ Ռոման Մալցովի, Դենիս Տարասովի ու հրամանատարի՝ Անդրեյ Նիկիշինի նախաքննական ցուցմունքները:

Ռոման Մալցովն իր ցուցմունքում նշում է, որ մոտ մեկ ամիս է ծառայել Վալերի Պերմյակովի հետ, նրան ռազմաբազայում անվանել են «Ռիժիկ», նա երբեւէ կոնֆլիկտներ չի ունեցել ծառայակից ընկերների հետ ու նրա մոտ տարօրինակություններ, հոգեկան շեղումներ չի նկատել:

Տարօրինակություններ չունենալու մասին իր նախաքննական ցուցմունքում մի քանի անգամ պնդել է նաեւ Վալերի Պերմյակովի անմիջական հրամանատարը՝ Անդրեյ Նիկիշինը, որը մանրամասնել է, թե ինչպես Չիտայից Գյումրի տեղափոխեց Վալերի Պեմյակովին: Նա նշել է, որ 2014 թվականին գործուղվել է Չիտա՝ այնտեղից տանկի մեխանիկներ ընտրելու, թեկնածուներից ոչ մեկի հետ ինքը անհատական զրույց չի ունեցել, անգամ չի հիշում հարցեր տվե՞լ է Պերմյակովին, թե՞ ոչ, սակայն հիշում է, որ զորակոչիկներից մեկը՝ (խոսքը Պերմյակովի մասին է) հանդուգն պահվածքով, մոտեցել է իրեն ու հարցրել արդյոք իրեն էլ հնարավո՞ր չէ տեղափոխել Հայաստան:

Permyakov_3

«Պերմյակովը ոչնչով աչքի չէր ընկնում, ես ուսումնասիրել եմ նրանց թղթերը, որպեսզի ձեւակերպումների մեջ անճշտություններ չլինեին: 2014 թվականի նոյեմբերին եկանք Երեւան, իսկ Երեւանից զորակոչիկների հետ տեղափոխվել ենք Գյումրի էլեկտրական գնացքով: Պերմյակովը ոչնչով առանձնապես աչքի չի ընկել, բացասական վարքագիծ չի ունեցել: Դրական միայն հիշում եմ այն, որ լսել եմ, թե լավ մեխանիկ է: Ծառայության ընթացքում նա վատ արարք չի կատարել, առողջության մասին գանգատ չի ներկայացրել, տույժերի ու խրախուսանքների չի արժանացել, զորամասը լքելու դեպքեր չեն արձանագրվել: Նրա մոտ ոչ մի տարօրինակություն չեմ նկատել: Թեսթ է անցել հոգեբանի մոտ , հոգեբանական թեսթի արդյունքները եղել են դրական: Դրանից հետո անհատական զրույց եմ ունեցել հետը, ասել է՝ հայրս ձեռնարկատեր է, մայրը չեմ հիշում ինչ է աշխատում: Նա իրեն սովորական է պահել, արտառոց ոչ մի բան չեմ նկատել նրա մոտ», -ասել է Նիկիշինը:

Permyakov_5

Նա նաեւ պատմել է, թե ինչպես է Վալերի Պերմյակովը լքել պահակակետը, ըստ Նիկիշինի, դեպքի օրն էլ նա իրեն սովորական է պահել, գիշերը ժամը 2.50-ին, երբ ինքը գտնվել է ռազմաբազայից դուրս, տեղեկացել է Պերմյակովի դասալքության մասին: Վերադառնալով ռազմաբազա՝ նրա առաջին հարցը եղել է այն, թե զենքը գտե՞լ են Պերմյակովի, պատասխանել են՝ ոչ:

Այնուհետ հեռախոսազանգ է հնչեցրել՝ փորձելով տեղեկություններ ստանալ Պերմյակովի գտնվելու վայրի մասին, հետո գնացել է պահակակետ, իսկ առավոտյան լույսը չբացված՝ գնացել է ցուցմունք տալու:

Permyakov_2

Ավետիսյանների իրավահաջորդների շահերը պաշտպանող Լուսինե Սահակյանը նշում է, որ Չիտայում ընտրություն փաստացի չի կատարվել, Նիկիշինը նույնիսկ զինակոչիկների անձնական գործերը չի ուսումնասիրել՝ տեսնելու ճիշտ լրացվա՞ծ են տվյալները, թե՞ ոչ:

«Նիկիշինը Պերմյակովին Հայաստանի Հանրապետություն տեղափոխելուց նշում է, որ հոգեբանի հետ է հատուկ զրույց ունեցել, որպեսզի ընտրվեն անձինք: Նշեմ, որ նրա անձնական գործը նրա հետ մեկտեղ տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն, նաեւ տեղափոխվել է հիվանդության պատմությունը, որտեղ եղել են այն բոլոր փաստաթղթերը, որոնք հրապարակվեցին դատարանում: Բոլորդ էլ համոզվեցիք, որ դեռ Ռուսաստանի Դաշնությունում ծառայության ընթացքում իմացել են նրա առողջական խնդիրների մասին: Նման պարագայում նրան տեղափոխել են Հայաստանի Հանրապետություն: Իմացել են, որ զենք չի կարող կրել, նման պայմաններում էլի ընտրվել է Պերմյակովը, ընտրությունը ձեւական բնույթ է կրում: Նիկիշինը ներկայացնում է, որ ընտրություն է կատարվել, իրականում ոչ մի ընտրություն էլ չի կատարվել: Պերմյակովը հենց որպես վատ զինվոր է տեղափոխվել Հայաստան»,- ասաց Լուսինե Սահակյանը:

Նա նաեւ ասաց, որ իրավական ուղի են փնտրում ռուսական հրամանատարական կազմի մեղավորներին պատասխանատվության ենթարկելու, քանի որ պաշտոնանկ անելով ու զորացրելով՝ խնդիր չի լուծվել: «Մենք քաղաքացիական հայց ենք ներկայացնելու ընդդեմ Ռուսաստանի Դաշնության, որպեսզի ֆինանսական պատասխանատվություն կրելով՝ իրենք հասկանան, որ լուրջ պատասխանատվություն են կրում՝ այստեղ զինվորներ ուղարկելով: Նրանց ընտրությունը իրական պետք է լինի ու իրականում լավագույնները պետք է ընտրվեն, տեղափոխվեն Հայաստան ծառայելու», -ասաց Լուսինե Սահակյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031