Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Նորմա՞լ էր, երբ մենք էն մութ տարիներին սեւ ու ցեխոտ հաց էինք ուտում». Ռուզաննա Մուրադյան

Մայիս 13,2016 15:55

«Էնպես չի, որ ելույթ ունեցավ նախագահը, վարչապետը՝ կոռուպցիան վերացավ: Ոչ, կոռուպցիան դարերով եկել է»,- այսօր «Հայելի» ակումբում հրավիրած ասուլիսում խոսելով վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարության մասին՝ ասաց ՀՀԿ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը: Նա ասաց, որ կոռուպցիայի դեմ պետք է միասնական ուժերով պայքարել, պետք է վարչապետին խրախուսենք, լավ գործ է սկսել:

ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանի խոսքերով՝ «Հայտարարությունը, որը արվեց՝ լրջագույնս եմ գնահատում: Առաջին անգամ մենք վարչապետի մակարդակով սկսեցինք խոսել մեր երկրի մասին ու վարչապետը բաց տեքստով ասաց՝ խոսել են մոնոպոլիաների մասին, բայց ուշադրություն չենք դարձրել: Ես ողջունում եմ վարչապետին՝ այդ համարձակ հայտարարության համար»:

Մեր հարցին՝ գիտե՞ք քանի անգամ է նման հայտարարություն եղել՝ Ռուզաննա Մուրադյանն արձագանքեց. «Չէ, չեմ կարծում, որ այդ քանի անգամը այս անգամվա նման է»:

Մեր հարցին՝ չէ՞ր կարող վարչապետն այդ նույն հայտարարությունը հայելու առաջ ինքն իրեն ասեր ու գար աներ՝ ՀՀԿ պատգամավորն ասաց. «Չէր, կարող, որովհետեւ այդ հայտարարության մեջ մասնակից կողմեր կան, շատ կարեւոր է, որ ականջալուր լինի յուրաքանչյուր անհատ: Տեսեք, ինքը լավ բան է արել, դուք նորից փորձում եք վատը տեսնել»:

Մեր դիտարկմանը՝ դեռ չի արել, միայն ասել է՝ Ռուզաննա Մուրադյանը պատասխանեց. «Դե հիմա ասել է, որ անի, պիտի ասի ու անի»:

Գուրգեն Եղիազարյանն էլ պաշտպանեց. «Երբ մեկը լավ բան է անում, պետք է ոչ թե քննադատենք, այլ հասկանաք, թե ինչպես կարող ենք օգնել այդ դրական սկզբին: Հովիկ Աբրահամյանը, ի տարբերություն տարբեր տեսակի մոլախոտերի, տարիներ առաջ արդեն հարուստ մարդ էր: Ես գիտեի մարդ, որ նույնիսկ կոշիկ չուներ հագած, էսօր մուլտիմիլիարդատեր է: Ինքն էլ ստեղ չի, «սրբի» հետ մի գործ է կատարել, գնացել է»:

Ռուզաննա Մուրադյանը հորդորեց վատատես լրագրողներին լավը տեսնել: Մեր դիտարկմանը, որ մենք տեսնում ենք, թե ինչպես են սուղ պայմաններում կառավարության շենքի համար դուռ առնում հաճարի փայտից՝ 2.5 մլն դրամ, դռան շրջանակը՝ 1.6 մլն դրամ…Ռուզաննա Մուրադյանն արձագանքեց. «Նոր էջ է բացվում: Ես ձեզանից շատ խնդիրներ կարող եմ թվարկել, անընդհատ խնդիրների կույտ պետք չի ստեղծել: Իհարկե, խնդիրներ միշտ են եղել: Ես հիշում եմ, երբ ես ուսուցիչ էի, էն մութ տարիներին ամիսներով աշխատավարձ չէի ստանում, դա նորմա՞լ էր: Նորմա՞լ էր, երբ մենք սեւ ու ցեխոտ հաց էինք ուտում»:

Այդտեղ Գուրգեն Եղիազարյանը չհամաձայնեց՝ այն երկրում, որը պատերազմի մեջ էր, երկրաշարժ էր տեսել, դուք չէիք կարող ավելի լավ ապրել:

Ռուզաննա Մուրադյանը պատասխանեց. «Այնպես չի, որ պատերազմից դուրս ենք եկել, 20 տարի է՝ պատերազմ է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031