«Ադրբեջանում բազմաթիվ բնակավայրեր կան գյուղական տարածքներում, որտեղից շատ քիչ մարդ կա սոցցանցերում ներկայացված: Շատ քիչ մարդ է լսելի: 2000-3000 բնակիչ ունեցող գյուղում ընդամենը 2-3 հոգի գտանք «Օդնոկլասսնիկի» ցանցում, փաստորեն, 1 տոկոսից էլ քիչ: Իրենք համացանցից հեռու են մնում, շփման մեջ են զգույշ: Այդքան էլ հեշտ չի ադրբեջանցուն ինչ-որ ուղղորդող հարցերով համոզել, որ ինչ-որ բան պատմի»,- այսօր «Հայելի» ակումբում Razm.info մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանն այսպես բացատրեց Ադրբեջանի՝ իր զոհերը, կորուստները հաջողությամբ թաքցնելը:
Տարոն Հովհաննիսյանն ասաց, որ հայկական կողմը ադրբեջաներեն թարգմանել եւ տարածել է իրենց կորուստների ցուցակը, որը սկսել են իրենց ԶԼՄ-ները եւ քաղաքացիները տարածել, որովհետեւ ինֆորմացիայի քաղցից այնտեղ շոկային վիճակ է ստեղծվել: Մինչ այդ եղել է միայն առանձին ինչ-որ գյուղացիների գրառում, որ «մեր գյուղից 4-ին բերեցին, 5-ին բերեցին»:
Ինչ վերաբերում է մեր կորուստներին, Կարեն Վրթանեսյանի խոսքերով՝ Ադրբեջանում մեր մեկ-երկու բարձունքն այնպես են ներկայացնում, իբր գրավել են ամբողջ Արցախը: Դիտարկմանը, որ մեկ-երկու բարձունքի մասի՞ն է միայն խոսքը՝ Կարեն Վրթանեսյանն արձագանքեց. «Եկեք չխառնենք դիրքն ու բարձունքը»:
Ինչ վերաբերում է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի աղմկահարույց հայտարարությանը՝ կորցրած տարածքների մասին, թե 7 մլն քառակուսի մետր ենք կորցրել՝ Կարեն Վրթանեսյանն ասաց. «Ինքը կարող էր խոսել 7 մլրդ քառակուսի սանտիմետրի մասին: Եվ քանի ինքս կետ առ կետ չեմ տեսել, չեմ հաշվել, ոչ մի թիվ չեմ բարձրաձայնի՝ զուտ ինչ-որ ուշադրություն գրավելու համար»:
Կարդացեք նաև
Կարոն Վրթանեսյանն ասաց, որ Ադրբեջանը անգամ իր զինտեխնիկայի կորուստներն է կոծկում. «Իրենք ընդունել են մեկ ուղղաթիռի կորուստ ու մեկ զրահատեխնիկայի: Իրենք թվաբանությունից ոնց որ էդքան էլ լավ չեն: Իբր անգամ տանկի կորուստ չեն ունեցել, ինչն անհնար է: Երբ նույնիսկ ուղղաթիռի կորուստը չընդունեցին, դա բավականին վատ անդրադարձավ իրենց լսարանի վրա: Երբ տեսանյութը հայկական կողմը տարածեց, նոր ընդունեցին. «Իրենց զինտեխնիկան առավելություն ունի, բայց ասել, որ դա կտրուկ փոխում է ուժերի բալանսը, սխալ է: Շատ շահարկվեց 80-ականների զենք արտահայտությունը, այսօր 70-ականների զենք էլ է կիրառվում: ԱՄՆ-ն 50-ականների արտադրած ինքնաթիռներ էլ է կիրառում: Այդ ամենը արդիականացվում է: Մենք պետք է հետ չմնանք, բայց նույնիսկ իրենց գնումներով հանդերձ, չենք կարող ասել, որ ուժային հավասարակշռությունը խախտվում է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ