«Երեկվա ելույթը երկակի տպավորություն թողեց, առաջինը կա երևի գիտակցում, որ վիճակը այնպիսին է, որ ես հաճախ ասում եմ, որ եթե այսպես շարունակվի, կհանգեցնի պետականության կորստի, ապրիլյան պատերազմն էլ սա ցույց տվեց»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց «Թրանսփարենսի Ինտերնեյշնլ» ՀԿ ղեկավար Վարուժան Հոկտանյանն`անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի երեկվա հայտարարությանը:
Վարուժան Հոկտանյանն «այսպիսի մակարդակի» կոռուպցիան իսկապես լրջագույն մարտահրավեր է համարում, եւ իսկապես դա կարող է մեր պետականության կորստին հանգեցնել: «Միեւնույն ժամանակ չհասկացա, թե ի՞նչ կարիք կար այդ ամենը հայտարարելու: Դեկլարատիվ տպավորություն թողեց»,- ասաց Վարուժան Հոկտանյանը` մտահոգություն հայտնելով, որ նորից ամեն ինչ կմնա թղթի վրա. «Սա շատ դժվարին քայլ է այն տեսանկյունից, որ այստեղ լրջագույն քաղաքական կամք է պետք»:
Ըստ բանախոսի, որոշակի պահի եկել է այն գիտակցումը, որ այսպես շարունակել չի կարելի ու անգամ կոռուպցիայի «կնքահայրերը» գիտակցելով դա` սկսել են փոփոխություններ անել. «Ես առաջնորդվում եմ կոնկրետ քայլերով: Այդ քայլերը չեմ տեսնում: Ես միշտ նշել եմ, որ Հայաստանի դեպքում կոռուպցիայի հիմքում՝ արմատները, դա մոնոպիլիզացիան է, որից բխում է քաղաքական դաշտի մոնոպոլիզացիան, դա քաղաքական և բիզնես վերնախավերի սերտաճումն է և իշխանության տարբեր ճյուղերի միջև հավասարակշռության բացակայությունը»:
Վարուժան Հոկտանյանը դեռ փորձում է հասկանալ`որքանո՞վ լուրջ կլինի վարչապետի ասածը: Մեծ հույսեր, ամեն դեպքում, չի կապում:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ