Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյանն՝ Արթուր Աղաբեկյանին. «Վստահությունն ավելի բարձր արժեք է, որը չունեք»

Մայիս 13,2016 14:35

ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր «Մարտիկ» հիմնադրամի վերաբերյալ Անահիտ Բախշյանի հրապարակմանը:

Ի պատասխան տիկին Բախշյանը գրում է.

«Հարգելի պարոն Աղաբեկյան,

Նախ շնորհակալ եմ արագ արձագանքելու համար, ոնց որ թե՝ ցավեցրի և ոչ միայն Ձեզ:

Երկրորդ՝ զարմանալի էր Ձեր «Մի ցավ ավել, մի ցավ պակաս» արտահայտությունը, նախընտրելի է, որ ցավերը, որքան կարելի է, պակաս լինեն, նամանավանդ այն ցավերը, որոնք ես եմ նկատի ունեցել, նաև՝ իհարկե Ձեր նկատի ունեցածները:

Երրորդ՝ լավ չեք նայել ԼՂՀ կառավարության բացած հատուկ հաշվեհամարին իմ փոխանցումը՝ Artak Navasardyan 1735 Բախշյան Անահիտ 60,000:

Չորրորդ՝ գանք Հիմնադրամին: 2003թ. Վենետիկում ասել եք. «Սա էլեկտրոնային հուշարձան է լինելու բոլոր մասնակիցների համար, չորս մարդու ստորագրության դեպքում կարող են ծախսվել միայն այդ միջոցները՝ ՀՀ նախագահ, Ամենայն Հայոց կաթողիկոս, պաշտպանության նախարար եւ հիմնադրամի նախագահ։ Հիմնադրամի գումարները պետք է ծախսվեն խիստ անհրաժեշտության դեպքում, այն պետք է լինի մեր ժողովրդի հոգեպահուստը»։

Կանոնադրության նպատակներն են. «Կազմակերպչական, կրթական, բարեգործական, քարոզչական և այլ ծրագրերին աջակցություն»: Սա ես արտագրել եմ azdarar.am-ի (azdarar.am/announcments/cat/133/00156221/) հաշվետվությունից: Մի քիչ անհասկանալի են անընդհատություն և շարունակականություն պահանջող կանոնադրական նպատակներն ու ժողովրդի անձեռնմխելի «հոգեպահուստ» հասկացությունը:

Այնուհետև նշել եք. «Ցավոք, այն նպատակը, որ ես դրել էի իմ առջև, ամբողջությամբ չիրականացավ, որովհետև մեր հասարակության մեջ միշտ պակաս չեն եղել Ձեր նման չարախոսները»: Ենթադրենք՝ ես չարախոս եմ, որովհետև առանց մեկ լումա փոխանցելու համարձակվում եմ հարցնել, թե ինչ կազմակերպչական, կրթական, քարոզչական, բարեգործական և այլ ծրագրերի աջակցության վրա են ծախսվել և ծախսվում «Մարտիկ» հիմնադրամի անձեռնմխելի գումարները: Ուրեմն <«չարախո՞ս» են նաև այն 12404 հոգին, ովքեր փոխանցումներ են արել ու մեկ ամիս առաջ համարձակվել են հետաքրքրվել այդ գումարների ճակատագրով և հարցրել են. «Արդյոք այժմ այդ ճակատագրական պա՞հը չէ, որպեսզի այդ գումարները ծախսվեն հայկական բանակին անհրաժեշտ զինամթերքով ու զենքով ապահովելու համար», որին ի պատասխան 19.04.2016թ. Մեդիամաքսին ասել եք. «Կանոնադրությունում հստակ է գրված` եթե երկրի անվտանգությանը սպառնում է վտանգ: Վստահ եմ, որ եթե այդպիսի վտանգի առկայություն լինի, ապա ՀՀ նախագահը, Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու պաշտպանության նախարարը նման որոշում կայացնելու են»: Այսինքն՝ երկրի անվտանգությանը դեռևս ոչինչ չի՞ սպառնում, հետաքրքիր է, թե էլ ի՞նչ պետք է լինի, որ ՀՀ նախագահը, Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու պաշտպանության նախարարը նման որոշում կայացնեն:

Հիմա գանք Ազդարարի հաշվետվությանը, որտեղ իսկապես կա 1.2 մլն-ից ավելի գումար, որի միայն տոկոսները, ըստ հաշվետվության 1-ին սքանավորած փաստաթղթի, 2015թ. կազմել են 48մլն 895 535 ՀՀ դրամ, իսկ ըստ 6-րդի՝ 45մլն, տարբերությունը մոտ 4մլն է: 2015-ին աշխատակազմը 7 հոգուց է բաղկացած եղել, աշխատավարձի ֆոնդը, ըստ 1-ին սքանավորած փաստաթղթի, 14մլն 158.907 դրամ է, իսկ ըստ 6-րդի՝ 12մլն 492հազ. դրամ, որը 2014-ի համեմատությամբ ավելացել է: Այստեղ էլ կա տարբերություն: Ասեմ, որ հաշվետվության թվով 6 PDF փաստաթղթերում թվերի մեջ էլի կան տարբերություններ, չնայած հաշվետվությունը աուդիտի ենթարկած կազմակերպությունը այն համարել է անթերի:

Այնուամենայնիվ, հիմնադրամի գումարը չի եղել անձեռնմխելի, ու ֆինանսական տարում ընդհանուր օգտագործված միջոցների ընդհանուր չափը եղել է 81 473 116ՀՀ դրամ, որից կանոնադրական նպատակների համար՝ 58 575 732ՀՀ դրամ:

Հիմա ուզում ենք հասկանալ՝ ի՞նչ կրթական, բարեգործական, կազմակերպչական ծրագրեր են իրականացվել կոնկրետ այդ գումարով, ինչի՞ համար է աշխատավարձ ստացել 7 հոգանոց աշխատակազմը, որի գործունեության մասին ոչինչ չի հրապարակվում և ինչո՞ւ ՀՀ նախագահը, Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու պաշտպանության նախարարը որոշում չեն կայացնում օգտագործել «Մարտիկ»-ի գումարները՝ վիրավոր զինվորներին արտասահմանում բուժելու նպատակի համար այն դեպքում, երբ մասնավոր մարդկանց միջոցներով է կազմակերպվում նրանց բուժումը:

Հ.Գ. պարոն Աղաբեկյան, խնդրում եմ այլևս իմ անվան հետ չկապեք «չարախոս» ածականը, միևնույն է՝ չի կպնելու, իսկ որպեսզի իշխանության հասցեին «չչարախոսեն», ժողովրդի մոտ ձեռք բերեք վստահություն»:

 

Երեւան քաղաքի ավագանի

«Բարեւ Երեւան» խմբակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031