«Ունենք 15 միլիոն եվրո հատկացված գումար Հայաստանի կառավարությանը կոռուպցիայի դեմ պայքարելու համար տրամադրելու: Երբ որ ասում եմ՝ կա, նկատի ունեմ, որ հատկացված է, բաշխված չէ: Ծախսված չէ, որովհետեւ մենք բաց ու անկեղծ ենք կառավարության մեր գործընկերների հետ. մեզ պետք են կոնկրետ արդյունքներ եւ եթե չտեսնենք նմանատիպ արդյունքներ, ապա այս 15 միլիոնը չի ծախսվի, չի փոխանցվի Հայաստանի կառավարությանը»,- այսօր հայտարարեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:
Պարոն դեսպանը մասնակցում էր «Կառավարություն-Քաղաքացիական հասարակություն» հակակոռուպցիոն համաժողովին:
Նա կարծիք հայտնեց նաեւ, որ կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանում պետք է լինի ազգային միասնության խնդիր. «Ես կարծում եմ, որ այս միջոցառումը ցույց է տալիս, որ կոռուպցիայի դեմ պայքարը պետք է դառնա Հայաստանի համար առաջնահերթություն: Կարող ենք հիշել վարչապետի վերջին հայտարարությունը, որով նա դժգոհություն հայտնեց կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքներից: Կարծում եմ, որ այս հարցը Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի: Սա ազգային անվտանգության հարց է Հայաստանի համար, կոռուպցիան թուլացնում է Հայաստանը: Այս տեսակետից, կարծում եմ, որ կարող ենք ականատես լինել տեսանելի փոփոխությունների»։
Դեսպանը դրական է համարում այն, որ ՀՀ կառավարությունը մի շարք կարեւոր փաստաթղթեր է ընդունել այս առիթով, Հակակոռուպցիոն խորհուրդը գործում է: «Ինձ թվում է՝ կառավարությունը եւ քաղաքացիական հասարակությունն ունեն ընդհանուր ընկալում ոչ միայն նոր պլանների, նոր բառերի, նոր հայտարարությունների, իմ կարծիքով հայ ժողովուրդն ակնկալում է իրական փաստեր: Նրանք ակնկալում են տեսանելի ապացույցներ, որ կոռուպցիայի դեմ պայքարը առաջընթաց է ապրում Հայաստանում: Մենք, որպես ԵՄ, աջակցում ենք յուրաքանչյուր ջանքի»,-ասաց Պյոտր Սվիտալսկին:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ