Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանի պատասխանը ՀՀ վարչապետի վերջին հայտարարությանը

Մայիս 13,2016 14:20

Օրերս հրապարակվեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը Հայաստանում կոռուպցիայի դեմ անհաշտ պայքար ծավալելու և մենաշնորհների վերացման խնդրի շուրջ։ Որպես ԵՀՄՖ-ի նախագահ, հայտարարում եմ, որ վարչապետի այս քայլը համարում եմ անիմաստ և էժանագին շոու, որը բազմիցս արդեն կրկնվել է։

Հիշեցնեմ Հովիկ Աբրահամյանին 2013թ․հոկտեմբերին Բրյուսելում իմ ունեցած ելույթը, որտեղ անխնա հայհոյեցի հայկական իշխանություններին՝ ցինիզմի չափերը անցած կոռուպցիայի, արդարադատության անսահման ցածր մակարդակի և դրանց հետևանքով ուժգնացած արտագաղթի հարցում բացառիկ ազգադավ մոտեցումների համար։ Ի պատասխան, այն ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ չի կարելի Բրյուսելում անպատասխանատու ելույթ ունենալ և առանց մատնանշելու կոնկրետ փաստեր, քննադատել գործող իշխանություններին։ Աբրահամյանը ամենայն պատասխանատվությամբ խնդրեց կոնկրետ մատնանշել ամենաաղաղակող մի քանի դեպք և հայտնեց պատրաստակամություն՝ ինձ ԱԺ քննարկումների հրավիրելու և համատեղ այդ չարիքների դեմ պայքարելու ցանկություն։ Դրան հաջորդող շաբաթվա ընթացքում ԵՀՄՖ-ի փորձագետները Հովիկ Աբրահամյանին ուղարկեցին երեք բաց նամակ, որտեղ նշված էր հանրությանը քաջ հայտնի և մեր երկրի հիմքերը ավերող հետևյալ փաստերի մասին․

1․ այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից «Նաիրիտ» գործարանի համար ստացված վարկերի գրպանման աղաղակող փաստը իր ողջ մանրամասներով,

2․ նույն վարչապետի կողմից օֆշորային հայտնի սկանդալի փաստը՝ ապացույցներով (կցվել էր նաև Կիպրոսի իրավական մարմինների կողմից ստացված հաստատումը, որ Տիգրան Սարգսյանը մասնակից է օֆշորային խայտառակ գործարքների),

3․ ներկայացվել էր Հայաստանի հանքաարդյունաբերության ոլորտում մենաշնորհից օգտվողների և բնապահպանության հարցում նրանց կողմից թույլ տրված ավազակաբարո մոտեցումները։

Պարոն Աբրահամյանի բացառիկ անպատասխանատու հայտարարությունները մնացին օդի մեջ և մեր ասածը մնաց «ձայն բարբառո անապատի»։ Ավելին, 2014թ-ին մենք Երևան բերեցինք «Նաիրիտի» վերականգնման հարցով խիստ հետաքրքրված օտարերկրյա ներդրողների խումբ, ովքեր պատրաստ էին 3-4 ամսում գործարկել «Նաիրիտի» առաջին հոսքագիծը։ Հանդիպումներ տեղի ունեցան Էներգետիկայի փոխնախարարների հետ, ինչպես նաև վարվեցին բանակցություններ արդեն վարչապետ դարձած Հովիկ Աբրահամյանի հետ՝ նախարար Դավիթ Հարությունյանի միջոցով։ Աբրահամյանին գրավոր ներկայացվեցին «Նաիրիտի» վերականգնման մեր առաջարկները։ Երեք-չորս այցելություններից հետո, Աբրահամյանից ոչ մի պատասխան չստանալու արդյունքում, ներդրողները հրաժարվեցին իրենց մտադրություններից։ Բոլորիս համար պարզ դարձավ, որ իր կաշառակերության անսահման չափերով հայտնի Էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը հանձնարարություն էր ստացել վարչապետից և նախագահից՝ թաղել «Նաիրիտը», խաբելով հասարակությանը և տարբեր տիպի հայտարարություններով հասնել նրան, որ «Նաիրիտի» աշխատակիցները ազատվեն աշխատանքից, քիմիայի բազմափորձ մասնագետները՝ անցնեն թոշակի, և «Նաիրիտը» վերջնականապես փակվի։ Այսօր արդեն մենք դրա ականատեսն ենք։

Եզրակացություն․ վարչապետ Հովիկ Աբրահամյանի այսօրվա հայտարարությունը պետք է ընկալել քառօրյա պատերազմից հետո Հայաստանում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը մեղմացնելու, անասելի չափերի հասնող կոռուցպիայի դեմ կոսմետիկ և ծիծաղելի, աննշմար քայլեր անելով քաղաքացիական հասարակության աչքերին թոզ փչելու և բանակի ռազմատեխնիկական բազայի ոչ բավարար մակարդակը պարտակելու անհաջող փորձ։ ԵՀՄՖ-ն հայտարարում է, որ ունի ծրագիր՝ Հայաստանի բյուջեն 2-3 մլրդ․ դոլարով անմիջապես լցնելու, 3-5 մլրդ․ դոլարի ներդրումներ Եվրոպայից և Ռուսաստանից երկու-երեք տարվա ընթացքում իրականացնելու և Հայաստանի արդյունաբերությունն ու տնտեսությունը սրընթաց զարգացնելու պլաններ։ Ի տարբերություն Հովիկ Աբրահամյանի, մենք պատասխանատու ենք մեր կատարած հայտարարություններին և պատրաստ ենք նրա կողմից հրավեր ստանալու դեպքում անմիջապես հանդիպել նրա հետ և ներկայացնել մեր ծրագրերը։

Միաժամանակ, որպես ԵՀՄՖ-ի նախագահ, հայտարարում եմ, որ Հայաստանի իշխանությունները հետաքրքրված չեն նման առաջարկներով և ավելի քան համոզված եմ, որ ևս մեկ անգամ անպատասխան են թողելու իմ այս հայտարարությունը։ Նման դիրքորոշումը անշուշտ համարում եմ Հայաստանի և համայն հայության շահերին դեմ ուղղված, և պատասխան չստանալու դեպքում իրավունք եմ վերապահում անելու հետևություններ։

 

ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյան

Բրատիսլավա, Սլովակիա

13․05․ 2016թ․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031