«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի համոզմամբ, Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի առաջիկա հանդիպումը բեկումնային ճեղքեր չի առաջացնի, կարեւոր պայմանավորվածություններ չեն լինի:
«Որովհետեւ ներքին հարթակում ակնհայտ է, որ թե Արցախի, թե Հայաստանի հասարակության ճնշող մեծամասնությունը, գրեթե բոլոր քաղաքական ուժերը տրամադրված են մինչեւ վերջ պայքարի, ազատագրված տարածքների վերադարձման մասին խոսք չկա, խաղաղապահ զորքերի տեղակայման վերաբերյալ էլ բացասական տրամադրություններ են: Եթե Սերժ Սարգսյանը գնա հակառակ, ինքը խնդիրներ կունենա այստեղ, կարժանանա դավաճան պիտակին ու համապատասխան իրավիճակում կհայտնվի: Չեմ կարծում՝ այս պարագայում Սերժ Սարգսյանը գնա զիջումների»,- այսօր «Փաստարկ» ակումբում ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Ըստ նրա, Թուրքիայի ներքին խնդիրների, սիրիական հարցի ֆոնին, Հայաստանը իրական հնարավորություն ունի տարածաշրջանում դառնալ գործոն, որովհետեւ, ի տարբերություն այլ վայրերի, Հայաստանում կայունության գրավական կա. «Առավելագույնը, ինչ կարող են իրականացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները, հրադադարի ժամանակավոր հետաձգումն է: Վերջնարդյունքում չեմ տեսնում, որ Ադրբեջանը խաղաղ կարգավորման գնա»:
Պարոն Մարտիրոսյանն անդրադարձավ նաեւ Հովիկ Աբրահամյանի՝ նախօրեին կոռուպցիայի դեմ պայքարի մասին կատարած հայտարարությանը եւ ասաց՝ վարչապետի միակ ճշմարիտ խոսքն ամբողջ այդ ելույթում «հարգելի գործընկերներ» արտահայտությունն էր. «Մնացած մտքերն այն մտքերն էին, որոնք ողջ կեղծված ընտրությունների արդյունքում ընտրված վարչապետը պետք է ասեր: Նրա ելույթը քրեական ինքնախոստովանական ցուցմունք էր, քաղաքական առումով՝ հրաժարականի տանող, պետք է վերջում ասեր, որ հրաժարվում է պաշտոնից»:
Կարդացեք նաև
Պարոն Մարտիրոսյանը նկատեց, որ ինչքան խոսում են կոռուպցիայից, այնքան այն խորանում է. «Հայաստանի բյուջեն չի փոխվել, ոչ էլ ՀՆԱ-ի ծավալներն են փոխվել, եթե չասեմ, որ նվազել են: Տնտեսության զարգացում բառը գոյություն չունի, զարգացել են իրենց բիզնեսները, եկամուտները, պետությունը, որպես այդպիսին, չի զարգացել: 2008-ից հետո 300.000 քաղաքացի պաշտոնապես արտագաղթել է: Ի՞նչ զարգացման մասին է խոսքը»:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը նկատեց, որ
Հովիկ Աբրահամյանի ելույթը իր ազդեցիկությամբ զիջեց ՍերԺ Սարգսյանի հայտնի ելույթին՝ ձուկը գլխից պետք է բռնելու մասին. «Չկար այդ պաթոսը, թույլ էր»:
Կոռուպցիայի դեմ պայքարի համար նախատեսված խորհրդակցություններին միանալու իմաստ էլ պարոն Մարտիրոսյանը չի տեսնում, որովհետեւ, ըստ նրա. «Եթե մի երկրում չկա իրավապահ համակարգ, անկախ դատական համակարգ՝ ինչպե՞ս է բացահայտվելու կոռուպցիան, այդ կոնսուլտացիային գնալը ժամանակ վատնելու միջոց է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ