ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվում են Ընտրական օրենսգրքի փոփոխությունները: Այս հարցն, արդեն երկրորդ ընթերցմամբ, նախատեսվում է քննարկել խորհրդարանի լիագումար նիստում, եկող շաբաթ մեկնարկող քառօրյայում: Առաջինից երկրորդ ընթերցում փոփոխություններ են կատարվել ՀԿ-ների առաջարկությունների, ՄԱԿ-ի տեխնիկական փորձագետների, Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ-ԺՄԻԳ-ի օրերս ստացված եզրակացության հիման վրա:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, նախագծի համահեղինակ Դավիթ Հարությունյանն այսօր ներկայացրեց հիմնական փոփոխությունները: Ըստ այդմ, Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի առաջարկով կատարվել են հետեւյալ փոփոխությունները`կոալիցիայի ձեւավորման համար տրամադրվող ժամանակահատվածը 10 օրի փոխարեն 13 օր է սահմանվել: Եթե կա երկրորդ փուլ, երեք օր էլ կտրամադրվի դաշինքների ձեւավորման համար:
Ըստ փոփոխությունների, քվեարկության ավարտից հետո, անմիջապես կտպագրվեն հիմնական ընտրողների ցուցակները, բոլոր վստահված անձինք կստանան տեսագրությունը, նաեւ քսան րոպե ժամանակ կունենան ստուգելու համար, թե որքանո՞վ են դրանք իրար համապատասխան: Դիտորդները եւ լրագրողները լուսանկարելու հնարավորություն կունենան: Եթե տեխնիկական խնդիր առաջանա, ՏԸՀ-ն կբավարարի ցուցակներին ծանոթանալու պատկան անձանց դիմումները: Եթե վերահաշվարկի դիմում էլ առկա լինի, զուգահեռ կտարվեն երկու գործընթացները:
Կարդացեք նաև
Կանանց քվոտաները խորհրդարանում կավելացվեն, բայց 2022 թվականից: Վերանայումներ են եղել նաեւ ազգային փոքրամասնություններին վերաբերվող դրույթում:
Մանրամասները`տեսանյութում
Կատարված փոփոխություններով, թեկնածուի տրանսպորտային ծախսերը եւ շտաբերի բացման ծախսերն այլեւս նախընտրական հիմնադրամում չեն ներառվի: Եթե հիմնադրամի գերածախս է եղել, առանց խախտումների եւ ծախսերը թաքցնելու, նախկինի հինգ տոկոսի փոխարեն այժմ 20 տոկոս գերածախսի հնարավորություն է տրվում: Հակառակ դեպքում, նախատեսված է տուգանք, եռապատիկի չափով:
Փոփոխություններ են կատարվել նաեւ գովազդային պաստառներ փակցնելու կարգում: Ֆիզիկական անձանց պատկանող տարածքներում առեւտրի եւ սննդի օբյեկտներում դրանք կարգելվեն: «Մարդիկ սննդի օբյեկտում քաղաքականությամբ չպիտի զբաղվեն, այլ ուտեն»,- ասաց Դավիթ Հարությունյանը`հավելելով, որ իրենց դուր չի եկել, թե նախորդ ընտրություններում, սննդի կամ առեւտրի օբյեկտներում ինչպես էին ՀՀԿ-ի պաստառները փակցվել:
Սահմանափակումներ են մտցվել նաեւ բազմաբնակարան շենքերում գովազդային պաստառներ փակցնելու կարգում: Այդ փոփոխությունը բավական հուզեց վանաձորցի պատգամավոր Էդմոն Մարուքյանին: Դավիթ Հարությունյանը պարզաբանեց, որ սահմանափակել են գովազդային պաստառների փակցնումը բազմաբնակարան շենքերի վերելակներում:
Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի հարցին ի պատասխան, Դավիթ հարությունյանը հստակեցրեց, որ ֆիզիկական անձանց պատկանող տարածքներում, ասենք՝ պատշգամբներում, պաստառները կփակցվեն այդ անձի թույլտվությամբ:
«Սաղ Վանաձորը կկախի պարոն Մարուքյանի պաստառները»,- հումոր արեց Հովհաննես Սահակյանը:
Քարոզչական պաստառների փակցնումը կարգելվի բոլոր հանրակրթական դպրոցներում, այդ թվում՝ նաեւ ֆիզիկական անձանց պատկանող:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ