Մայիսի 13-ին, ժամը 4:25-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց զանգած քաղաքացին հայտնում է, թե Դոդոխյան փողոցի 24 տնից վիճաբանության ձայներ են լսվում:
Շտապ մեկնած օպերատիվ խումբը հիշյալ հասցեում հայտնաբերել է բնակարանատերեր Լևոն Ա.-ին, Դավիթ Ա.-ին, Սամվել Հ.-ին, ինչպես և երկու անձանց՝ մարմնական վնասվածքներով:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ վերջիններս Երևանի Պոպովի փողոցի բնակիչներ, 1991 թ. ծնված Էդգար Մանուկյանն ու 1987 թ. ծնված Հրաչյա Ֆալանջյանն են:
Ճշտվել է, որ նրանք նույն օրը, ժամը 4:00-ին, ավազակային հարձակման նպատակով լոգարանի պատուհանից մտել են Դոդոխյան 24 տուն, որտեղ հանդիպելով բնակարանատերերի դիմադրությանը՝ ատրճանակի ու դանակի գործադրմամբ հրազենային ու ծակած-կտրած վնասվածքներ են պատճառել նրանց:
Կարդացեք նաև
Ավազակային հարձակում գործածները նույնպես վնասվածքներ են ստացել, ինչի հետևանքով Հրաչյա Ֆալանջյանը մահացել է, իսկ Էդգար Մանուկյանը տեղափոխվել է հիվանդանոց:
Նշենք, որ Հրաչյա Ֆալանջյանը ոստիկան է եղել. նրա նկատմամբ մայիսի 1-ին, կարգապահական կոպիտ խախտման համար, նշանակվել էր ծառայողական քննություն, որի արդյունքներով նա ազատվել էր աշխատանքից:
Նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ ոստիկանություն