Հայաստանյան ազատազրկման վայրերում գտնվող շատուշատ դատապարտյալներից բազմաթիվ հեռախոսազանգեր, նամակներ եմ ստացել՝ կապված առաջնագիծ մեկնելու իրենց պատրաստակամության, իրենց փորձն ու գիտելիքներն անմնացորդ հայրենիքին այս դժվար օրերին տալու մասին:
Նրանց մեջ կան զենքի փորձառու մասնագետներ, ազատամարտիկներ:
Երեկ պատահաբար մի գեղեցիկ քայլի մասին տեղեկացա, երբ անձնական խնդրով գտնվում էի բանկերից մեկում:
Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող, ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանի հարազատներից մեկը նրա անունից 80 000 դրամ գումար փոխանցեց Արցախ՝ զինվորների օգնության նպատակով:
Կարդացեք նաև
Դատապարտյալի հարազատները, որոնք նրա ցանկությունն էին կատարում, ասացին, որ Արմենը հրաժարվել է հանձնուք ստանալուց, փոխարենը հորդորել է հանձնուքի փոխարեն գումարը փոխանցել Արցախ:
Նրանք վստահ էին, որ եթե Արմենը լիներ ազատության մեջ, ապա կլիներ զինվորների կողքին:
Հիշեցնեմ, որ այս տարվա օգոստոսին կլրանա ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի մտերիմներից մեկի՝ Արմեն Տեր-Սահակյանի ազատությունից զրկվելու քսան տարին:
Ռ. Մ.
«Առավոտ» օրաթերթ
13.05.2016