Իրաքի մայրաքաղաք Բաղդադում անձը չպարզված 3 հոգի կրակ են բացել քաղաքի սրճարաններից մեկի ուղղությամբ։ Այս մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը։
Տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 12 քաղաքացի, ևս 25-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Աղբյուրի հաղորդած տվյալների համաձայն՝ հարձակումը տեղի է ունեցել 2016թ. մայիսի 12-ի լույս 13-ի գիշերը և տևել է շուրջ տասը րոպե։
Ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրների համաձայն՝ Բաղդադի այդ թաղամասում, որտեղ տեղի է ունեցել ահաբեկչությունը, իրականացվում է ուժեղացված հսկողություն։ Ընդ որում, ահաբեկչությունը կատարելուց առաջ այն իրագործողներին հաջողվել է ճեղքել ոստիկանական հսկողության երեք կետ և վերջիվերջո հասնել նպատակին։
Վերջին շրջանում Իրաքում շարունակում է իրավիճակը ծայրահեղ լարված մնալ։ Սա առաջին հերթին պայմանավորված է այդ երկրում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ակտիվացման հետ։ Բաղդադում և քաղաքին հարակից շրջաններում պարբերաբար պայթյուններ են գրանցվում, որոնց հետևանքով զոհվում են բազմաթիվ քաղաքացիականներ և հասարակական կարգը հսկող ծառայողներ։
Կարդացեք նաև
Այս վերջին դեպքից առաջ Բաղդադում տեղի ունեցած ահաբեկչական շղթայական գործողությունների հետևանքով զոհվեց 94 և վիրավորվեց 150 քաղաքացի։ Սրա պատասխանատվությունը կրկին ստանձնել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։