Ադրբեջանի խորհրդարանի՝ Միլլի մեջլիսի ղեկավար Օքթայ Ասադովը խոսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին եւ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնությանը՝ Արցախի հակամարտության կարգավորմանը աջակցելու համար։ Այս մասին հաղորդում է ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը։
Ասադովը ելույթ է ունեցել Բաքվում բացված Դաղստանի մշակութային օրերի շրջանակներում և անդրադարձել ԼՂՀ հակամարտությանը՝ ասելով. «Մենք երախտապարտ ենք Ռուսաստանին՝ հայ-ադրբեջանական Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը աջակցելու համար։ Ադրբեջանը տարածաշրջանում խաղաղության կողմնակից է»։
Ասադովը խոսել է նաև ռուս-ադրբեջանական հարաբերություններից՝ նշելով, որ երկու երկրների միջև նախորդ տարվա ապրանքաշրջանառությունը կազմել է 2 միլիարդ ԱՄՆ դոլար. «Մենք պատմական ընդհանուր ճանապարհ ենք անցել։ Կուզեի հատուկ ընդգծել նախագահներ Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի ներդրումը Ադրբեջանի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում»։