Քառօրյա .պատերազմը ծանր է անդրադարձել հայ հասարակության հոգեբանության վրա, սրել էմոցիաներն ու դարձրել առավել դյուրագրգիռ։ Հասարակական քննարկումների օրակարգն այսօր ձեւավորվում է հիմնականում Ղարաբաղի ու բանակի շուրջ։ Սահմանին կանգնած զինվորը դարձել է բոլորի զավակը, եւ ով երբ ինչպես կարողանում է՝ գուրգուրում է, հոգ տանում։ Հավանաբար, այդ գերհոգատարությունն է պատճառը, որ բանակին վերաբերող որեւէ քայլ հիվանդագին արձագանքի է արժանանում եւ նսեմացվում, հաճախ՝ անարդարացի։ «
Հասարակությունը հստակ արտահայտում է իր վրդովմունքն այն թալանի ու կոռուպցիայի վերաբերյալ, ինչը կապ ունի վերջին պատերազմում այդքան զոհերի հանգամանքի հետ, ինչպես նաեւ ռազմական ոլորտում՝ նյութական բազայի տեսանկյունից մեր՝ Ադրբեջանին զիջելու հանգամանքի հետ։ Բավական խորն ու լուրջ է այդ մտահոգությունը, ինչը շատ լավ գիտակցում են նաեւ իշխանությունները։
Եվ եթե ինչ-որ քայլեր էլ անում են, ապա դա բավարար չէ այդ վրդովմունքը մեղմելու համար, պետք են կոնկրետ քայլեր»,- ասաց հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հոգեթերապեւտ Սամվել Խուդոյանը։ Ըստ նրա, պաշտոնատար անձանց միայն գործից ազատելով, հասարակությանը չես գոհացնի, հասարակությունն այսօր ծարավի է ավելի ռադիկալ գործողությունների, պահանջում է նաեւ պատիժ ու պատասխանատվություն։ Այս կերպ, ըստ մեր զրուցակցի, գոնե հնարավոր կլինի փոքր-ինչ «հովացնել» բացասական հոգեվիճակը, այլապես այն սպառնում է է՛լ ավելի խորացնել հասարակություն-իշխանություն անջրպետը։
Կարդացեք նաև
Խուդոյանի կարծիքով՝ հասարակությունն այժմ թույլ օղակ է ման գալիս, որպեսզի դատարկի իր մեջ կուտակված բացասական էմոցիաները, որոնք, արդարեւ, ի հայտ են եկել ապրիլյան վերջին զարգացումներից հետո։ Եվ այդ թույլ օղակը, ըստ հոգեբանի, դառնում են հիմնականում այն մարդիկ, որոնց վարքում կամ գործողություններում հասարակությունը «շեղում» է նկատում:
Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում
Լուսանկարում՝ ՀՀ նախագահի հրամանագրով աշխատանքից ազատված ՀՀ Պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը: