Լրահոս
Օրվա լրահոսը

Արա քո գործը, մնացածը կարեւոր չէ

Մայիս 13,2016 10:06

Կան բաներ, որոնք հավասարապես վերաբերում են թե՛ ազգերին եւ թե՛ անհատներին: Պարզապես վերջինների օրինակով հոգեբանական մեխանիզմները բացատրելն ավելի հեշտ է, քան այն դեպքում, երբ խոսք է գնում մարդկանց խմբերի մասին: Այն, ինչ ես հիմա կգրեմ խոսքի մոգական ազդեցության մասին, կարելի է կիրառել թե անձնական եւ թե ազգային մակարդակով:

Դուք, օրինակ, ասում եք` «որքան դժբախտ եմ ես»: Դա իրականում նշանակում է` ես ինքս ինձ ինչ-որ հանգամանքների կամ ինչ-որ մարդկանց զոհ եմ համարում: Ես լցված եմ խղճահարությամբ իմ անձի հանդեպ եւ գուցե ենթագիտակցորեն սպասում եմ արտաքին ազդակների, որոնք եւս մեկ անգամ կապացուցեն, որ ես իսկապես հիմքեր ունեմ ինքս ինձ խղճալու: Ես, կարծես, խնդրում եմ ինձ հանդիպած մարդկանց` «մի հատ վիրավորեք ինձ, որ ես ինձ ավելի դժբախտ զգամ»: Ես կփնտրեմ նաեւ ինձ նման դժբախտ մարդկանց, որպեսզի մենք միասին ողբանք կյանքի անարդարությունից: Դա ուղիղ ճանապարհ է` կյանքը դժոխք սարքելու: Ահա թե ինչ է նշանակում «ի՜նչ դժբախտ եմ» հոգոցը:

Եթե դուք ասում եք` «ես չեմ կարող դա անել», դուք դա չեք էլ փորձի անել կամ կփորձեք՝ չանելու նպատակով: Նույնը՝ այլ հոգոցներ. եթե ասում եք` «ես քոսոտ եմ», ուրեմն այդպես էլ կա: Եթե ասում եք` «իմ բախտը երբեք չի բերում», դա էապես մեծացնում է հավանականությունը, որ դուք «վատ խաղաքարտ» եք քաշելու: Եվ որքան շատ դուք ձեր մասին կրկնեք այդ պնդումները, այնքան «կուժգնանա» դրանց մոգական ազդեցությունը:
Ենթադրենք, մենք որոշել ենք ինքներս մեզ «չկախարդել»: Բայց մեզ ճիշտ նույն ձեւով փորձում են «կախարդել» ուրիշները: Մանկուց դա անում են մեզ սիրող ծնողները` դու չես կարող սա անել, դու լավ չես երգում, կոկիկ չես գրում, դու փնթի ես, դու ծույլ ես: Հետո նրանց միանում են մեր «չուզողները»` որոնք արդեն ունեն հատուկ շահագրգռվածություններ` մեզ խոսքերով խոցելու: Ինչպե՞ս խուսափել մեզ բարդույթավորող այդ խոսքերի բացասական «մագիայից»: Շատ պարզ. ոչ մի բան չընդունել մեր հաշվին: Մարդը հայհոյում, վիրավորում, ձեզ համար տհաճ բաներ է ասում ոչ թե այն պատճառով, որ դուք նրան շատ եք հետաքրքրում: Ոչ, դուք նրան բացարձակապես չեք հետաքրքրում. պարզապես այդ մարդն ունի ինչ-որ խնդիրներ, ինչ-որ շահեր, ինչ-որ հոգեկան խռովք, որը շտապում է պարպել: Ձեր անձի, ձեր գործունեության հետ դա որեւէ կապ չունի: Արժե՞ ժամանակ եւ նյարդեր ծախսել՝ մտածելու համար` «վայ, գուցե ճիշտ է ասում», «ինչպե՞ս նրան պատասխանեմ», «ինչպե՞ս նրանից վրեժ լուծեմ»:Այդ մարդն այդպես է տեսնում աշխարհը` նրա խոսքերն այլ բանի մասին չեն վկայում:
Ի՞նչ է, ես ինքս չգիտե՞մ իմ թերություններն ու ուժեղ կողմերը: Թե՞ սպասում եմ, որ որեւէ մեկն՝ իրականում իր հոգեբանական «վերքերից» խոսելիս տա իմ անունը: Ընդ որում, պարտադիր չէ, որ դա լինի իմ «չուզողը» կամ ինձ նախանձողը՝ պարզապես ամեն մարդ իր խնդիրներն ունի, եւ շատերը դրանց մասին իրենց դատողությունները ձեւակերպում են որպես որեւէ մեկի հասցեին մեղադրանք եւ խարազանում: Կարեւոր է, որ ես ի՛նքս նույն կերպ չվարվեմ:

Իսկ հիմա նույն մտքերը տարածեք մեր բոլորի՝ հայերիս վրա: Կարծում եմ՝ ամեն ինչ պարզ է:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Գնահատում եմ հոդվածի հակագաղջային ուղղվածությունը, սակայն որոշ վիճահարույց դրույթների, այնուամենայնիվ, չեմ կարող չանդրադառնալ:
    ** Արա քո գործը, մնացածը կարեւոր չէ **, այսինքն՝ դու եղիր սոցիալիստական աշխատանքի հարվածային, իսկ մնացած խնդիրները կհոգա մայր Պարտիա՞ն, հա՞…, սա չի հիշեցնո՞ւմ.
    .
    Եղի՛ր հեզ, բանո՛ղ եզ,
    Եվ վարի՛ր այս անվերջ սևահողը,
    Երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ,
    Որոճա քեզ բաժին ընկած խոտը,
    Մինչև կբացվի առավոտը…
    .
    Սրանք ամորֆ, ճորտացված հանրույթի քարոզչակոդեր են, առաջինը՝ ուղիղ նշանառությամբ, երկրորդը՝ ծաղրական:
    Ըստ իս՝ ժամանակակից հասարակության մեջ այդ կարգախոսը պետք է լիներ այսպիսին.
    – Արա՛ քո գործը, սակայն մնացածը պահիր ուշադրությանդ ծիրում, զի առանց մնացածի քո գործը ոչինչ է:
    Հիմա դիտարկենք «ի՜նչ դժբախտ եմ» ինքնափչացման կոդը, սակայն՝ հակադիր տեսանկյունից.
    «Արա, ախպեր, էս ինչ դզող վիճակ ա՞: Երկիրս՝ առաջ, երկիրս՝ ապահով, կոռուպցիայի մաման լացըցրել ենք, սաղ սփյուռքը ՛՛արի տուն՛՛ ա գրվըմ, Էրևան-Բաքու պոյեզն էլ՝ ասեղ քցելու տեղ չկա, սաղ գնում են չայ խմելու ու դրանց հետևներին ձեռ-մեռ տալու…»
    Կարծում եմ, էս ՛՛դզողների՛՛ ճամբարում ավելի դժբախտ են, քան՝ ՛՛բուն դժբախտների՛՛, հետևություն՝ իրավիճակի սթափ ու իրատեսական գնահատականը այլընտրանք չունի:
    Լիովին համամիտ եմ միայն հեղինակի «ես չեմ կարող դա անել» ինքնափչացման կոդի քննադատության հետ, որը վնասակար է կյանքի գրեթե բոլոր բնագավառներում. առողջապահականից մինչև ռազմահայրենասիրական, և որպեսզի դա ավելի ցցուն լինի այդ մասին խորհողների համար, պայմանականորեն անվանենք դա ՛՛Իմպոտենտների քայլերգ՛՛:
    Հոդվածի վերջին՝ ամփոփիչ նախադասությունն էլ թեև ճիշտ է ձևակերպված, սակայն մնացել է թերի: Պետք է լիներ.
    Կարծում եմ՝ պարզ է, որ ամեն ինչ բարդ է:

  2. Լավատես says:

    Երբ մի բան պետք է անեմ, բայց հավես չունեմ ալարում եմ, հնարում եմ հազար ու մի պատճառ էդ իմ չուզենալս արդարացնելու կամ հետաձգելու համար: Բայց պատճառ գտնելու հավես էլ չունեմ, էդ րոպեին պատկերացնում եմ այն ինչ պետք է անեմ ու հրամայում եմ ինքս ինձ՝ Ուզո’ւմ եմ որ անես, էլ ո՞նց ինձ նման տղու ուզածը չանես: Աստված թող ուզողներին իրենց ուզածը տա ու մի բան էլ ավել, իսկ չուզողներին ալարկոտներին վատ պարողներին պատճառ որոնողներին իրենց չուզածով տա:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031