Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսաստանը հիմա էլ շարունակում է գաղտնի զենք վաճառել Ադրբեջանին»

Մայիս 13,2016 19:00

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահը վստահեցնում է,
որ շուտով այդ տվյալները հայտնի կդառնան լայն հասարակությանը

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը հավաստիացնում է, թե շատ շուտով տվյալներ կհայտնվեն այն մասին, որ այժմ էլ Ռուսաստանը գաղտնի կերպով շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին:
«Առավոտի» հետ զրույցում տիկին Սեդրակյանը նշեց, թե չի կարող այդ աղբյուրը բացահայտել, բայց ինքը տեղեկություններ ունի, որ Ռուսաստանը օր օրի ավելի է մեծացնում Ադրբեջանին վաճառվող զենքի ծավալները: Անուշ Սեդրակյանին հիշեցրինք, որ ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը օրեր առաջ մեկնաբանելով ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի հայտարարությունը, թե փաստաթուղթ ունե՞ք, որ ՌԴ-ն զենք է վաճառում Ադրբեջանին, հավաստիացրել էր, թե «դա գոնե այս պահին ապացույցն է այն բանի, որ հիմա ՌԴ-ն չի վաճառում զենք մեր հակառակորդին»: Անուշ Սեդրակյանը բնավ չի հավատում, որ այժմ Ռուսաստանը զենք չի վաճառում Ադրբեջանին: Նա կրկին շեշտեց. «Ավելին, հիմա պայմանագրային հիմունքներից անցել են գաղտնի վաճառքի: Հավաստի տվյալներ կան, որ Ռուսաստանը նույնիսկ ապառիկով է զենք տալիս Ադրբեջանին, մինչդեռ մեզ մոտ վարկը ձեւակերպում են, բայց զենք չեն տալիս»:

Տիկին Սեդրակյանը պնդում է, որ դա ՌԴ-ն ոչ թե որպես տնտեսական լծակ է օգտագործում, ինչպես փորձում էին համոզել, այլ իբրեւ քաղաքական գործիք. նա զենքի վաճառքի անհամամասնությամբ փոխում է տարածաշրջանի բալանսը: Մեր այն դիտարկմանը՝ բայց ՌԴ-ի կողմից Ադրբեջանին այս պահին զենք չվաճառելու հայտարարությունն արվել է իշխող կուսակցության մամուլի խոսնակի կողմից, մի՞թե դա այդքան անպատասխանատու հայտարարություն կարող է լինել, տիկին Սեդրակյանը հիշեցրեց, որ ժամանակին այդ նույն իշխող կուսակցության ներկայացուցիչները քրտինք մտած համոզում էին, որ զենքի վաճառքն ընդամենը տնտեսական գործառույթ է, որ ԵվրԱզԷս-ը ՀՀ-ի համար տնտեսական բարգավաճման եւ անվտանգության խնդիր է լուծում: Այնուհետեւ պնդեց. «Ինչպես Վոլինկինի, այնպես էլ մեր իշխող էլիտայի որոշ ներկայացուցիչների հայտարարությունները ոչ հավաստի եւ քաղաքականապես պատժելի են»:

Ըստ «Ազատ դեմոկրատներ»-ի փոխնախագահի` «նման աչքակապությունները կարելի է գնահատել իբրեւ պետական հանցանք», այնուհետեւ մեկնաբանեց. «Ես հասկանում եմ, որ ռուսական կայսրությանը պատկանելը շատերի համար անկյունաքարային մոտեցում է, բայց ոչ երբեք Արցախի կամ ՀՀ անկախության հաշվին»:
Տիկին Սեդրակյանը չի ցանկանում մեկնաբանել ՌԴ դեսպանատան երկրորդ քարտուղարի խոսքերը, որ ռուսական զենքը չի կարող գնալ Արցախ, քանի դեռ Հայաստանը չի ճանաչել ԼՂՀ անկախությունը: Փոխարենը կարծում է, որ արդեն պետք է սովորենք նրան, որ ռուս եւ հայ համահունչ դիվանագիտական հայտարարությունները զուրկ են տրամաբանությունից եւ թեկուզ աննշան բարի կամքի դրսեւորումներից. «Մեր չակերտավոր ռազմավարական դաշնակցի եւ ոխերիմ բարեկամի պահվածքը կրկին ապացուցում է, որ ՌԴ-ն շահագրգռված է տարածաշրջանում ՀՀ-ին եւ Ադրբեջանին միաժամանակ առկախ պահելով: Այդ գործընթացում ՌԴ-ն շատ ու շատ բարգավաճում է շնորհիվ նրա, որ ՀՀ-ում եւս կան ուժեր, որոնք աջակցում են ՌԴ վարած հակահայկական քաղաքականությանը: Մենք մեր երկրի ներսում էլ նման որակի հայտարարություններ ունենք, հիմնականում ավագ սերնդից ենք լսում, որ, օրինակ, ՀՀ-ն քոսոտ երկիր է եւ չպետք է մտնի զենքի արդյունաբերության եւ առքուվաճառքի մեջ, կամ լսել ենք, որ կան կառուցողական զենքեր: Այս բոլոր հայտարարությունները նույն շարքին եմ դասում»: Սակայն միեւնույն ժամանակ Անուշ Սեդրակյանը կարծում է, որ մեր երկրում էլ կան մարդիկ, որոնք իրատեսորեն են գնահատում իրավիճակը: Ըստ նրա` ինչպես Պուտինն էր հայտարարել, որ Ուկրաինային եւ Վրաստանին զենքի վաճառքը հարված է ՌԴ-ի հետ ռազմավարական հարաբերություններին, Հայաստանն էլ նույն կերպ պետք է վարվի Ադրբեջանին զենք վաճառելու պարագայում:

Զրույցի ավարտին տիկին Սեդրակյանը մի դիտարկում կատարեց, թե այս ամենի համար ո՞վ պետք է պատասխանատվություն կրեր, եթե ունենայինք խորհրդարանական կառավարման համակարգ: Ըստ նրա` պատասխանատվության բաշխումը պատասխանատվության վերացումն է: Անուշ Սեդրակյանը համոզված է, որ այդ դեպքում խորհրդարանը մի հարցի շուրջ կքվեարկեր, որը ըստ նրա` չէր լինի պետության համար նպաստավոր:

 
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    « չի կարող [կարծեցեալ «տեղեկութիւնների»] աղբյուրը բացահայտել »

    թարգմանութիւն՝ այս ամէ՜նը անհիմն, ԴԱՏԱՐԿ խօսքեր են,
    որոնք սակայն ունենալու են ազդեցութիւն որոշ հանրութեան մը մօտ

    ի դէպ, ես ել գաղտնի աղբիւրներ ունիմ որ գաղտնի տեղեկութիւններ ունին ըստ որոնց մոլորակը քառակուսի է

    գաղտնի է, բայց ահա՝ յայտնում եմ
    չեմ կարող աւելին ասել,
    դուք միայն ինծի հաւատացէք – եւ իմ գաղտնի աղբիւրին որ չեմ կարող բացայայտել-,
    դա այդպէս է, այդպէս է… հաստատ…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031