Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն ինչ լուծվում է Մոսկվայից զանգով»

Մայիս 13,2016 18:30

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդաշարի շրջանակներում ՀՀ-ի կողմից ԼՂՀ ճանաչման շուրջ բանավիճում են ԳԽ պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանը եւ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

1988-ին Հայկական ՍՍՀ գերագույն սովետի որոշմամբ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը մտել է Հայկական ՍՍՀ կազմի մեջ: 1991-ի դեկտեմբերի 10-ին ԼՂՀ-ում անցկացվեց հանրաքվե, որի արդյունքներով ԼՂՀ-ն հռչակվեց անկախ պետություն:

Առայսօր տարբեր իրավիճակներում տարբեր գործիչների կողմից խոսվում է ՀՀ-ի կողմից ԼՂՀ ճանաչման անհրաժեշտության կամ դրա հնարավոր սպառնալիքների մասին: 2007 թվականին «Ժառանգություն» կուսակցության նախագահը խորհրդարանում հանդես եկավ ԼՂՀ ճանաչման մասին նախաձեռնությամբ: Այն տապալվեց: Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հարցը դարձյալ արդիական է: Ապրիլի 2-ին Անվտանգության խորհրդի նիստում նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարեց ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ ռազմական փոխգործակցության փաստաթուղթ պատրաստել, ինչը ենթադրում է նաեւ, որ ՀՀ-ն կճանաչի ԼՂՀ անկախությունը: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կրկին ներկայացրեց ԼՂՀ ճանաչման նախագիծը: Նրան միացավ Հրանտ Բագրատյանը:

Նելլի Գրիգորյան- Պարոն Մարտիրոսյան, կուսակցությունում հաշվարկե՞լ եք՝ ի՞նչ կտա ՀՀ-ի կողմից ԼՂՀ ճանաչումը, կլուծի՞ առկա խնդիրները, թե՞ դրանց նորերը կավելացնի:

Արմեն Մարտիրոսյան- Այն հիմնավորումներից, որոնց հետ կապված մինչ այժմ չեն ընդունել մեր մոտեցումը, ըստ էության, մեկն էր փաստարկված` պատերազմի հետ կապված: Բայց այն ժամանակ մենք այդ հարցին պատասխանել ենք` Ադրբեջանը պատերազմ սկսելու է ոչ թե կախված նրանից, թե՝ կճանաչե՞նք ԼՂՀ անկախությունը, թե՞ ոչ, այլ բացառապես այն պատճառով՝ եթե ինքը զգա, որ ռազմական առավելություն ունի Հայաստանի նկատմամբ:

Ն. Գ.- Ինչը եւ եղավ:

Ա. Մ.- Ինչը եւ եղավ: Ակնհայտ էր, որ 2011 թվականից հետո միայն ՌԴ-ից 5 միլիարդի սպառազինություն գնեց: Նաեւ Իսրայել կար, այլ երկրներից էլ էր սպառազինվում:

Որոշակի առումով զգաց, որ Հայաստանի նկատմամբ սպառազինության առավելություն ունի, եւ ինքն ապրիլյան գործողությունները սկսեց: Մնացած առումներով որեւէ հիմնավոր բացատրություն չի հնչել, եւ որեւէ մեկը չի կարող ասել, որ անկախության ճանաչումը ապտակ է համանախագահող երկրներին, անհարգալից վերաբերմունք նրանց նկատմամբ: Չկա աշխարհում այդպիսի բան: Ընդամենը քո սուվերեն իրավունքի իրացումն ես կատարում արտաքին քաղաքական դաշտում: Իհարկե, սա որոշակի նեղություն կպատճառեր իշխանություններին եւ միջազգային հանրությանը՝ այն առումով, որ որոշակիորեն իրավիճակը փոխված կլիներ, եւ իրենք արդեն պետք է հաշվի նստեն եւ գործեն համաձայն դրա: Իսկ ՀՀ իշխանությունների համար անհարմարություն էր ստեղծվելու, քանի որ իրենք այս կեղծված ընտրություններով իշխանության մնալու համար միշտ ասել են` կգնանք փոխզիջումների: Բայց իրականության մեջ` զիջումների: Միջազգային հանրությանը՝ ի դեմս ՀՀ իշխանությունների, ավելի մեղմ օպոնենտ է պետք, ինչն իրենք ստանում են կեղծված ընտրություններով:

Իսկ ի՞նչ կտա ԼՂՀ ճանաչումը Հայաստանին. մենք հաշվարկել ենք` դա Հայաստանին տալիս է ինքնիշխանության հնարավորություն: Վերջապես Հայաստանը պիտի՞ կտրվի ռուսական ուղիղ հրահանգների այստեղ կատարումից: Մինչեւ հիմա Հայաստանը ռուսական թելադրանքով է առաջ շարժվել` ՀԱՊԿ, ԵԱՏՄ մտնել, ԼՂ հարց… մինչեւ հիմա էլ մենք տեսնում ենք, որ ապրիլի 4-ին Մոսկվայից զանգեցին եւ ասացին` եկեք հրադադարի պայմանավորվածություն կնքեք, եւ գնացին՝ այն դեպքում, երբ Արցախի ուժերն արդեն հակագրոհի էին գնում, ադրբեջանական զորքերը խուճապի մեջ էին, իսկ Ադրբեջանի ձեռքում կային հայկական գրավյալ դիրքեր: Հիմա էլ կան: Իշխանությունների ասած մի քանի հարյուր մետրը, ցավոք, իրականությանը չի համապատասխանում: Հայաստանը ավելի շատ տարածք է զիջել, դիրքերի թիվն էլ շատ ավելին է, քան իշխանություններն ասում են: Բայց հնարավորություն կար ոչ միայն վերաազատագրելու այդ դիրքերը, այլեւ առաջ շարժվելու, ինչը կասեցվեց ռուսական հրամանով:

Ն. Գ.– Պարոն Բաղդասարյան, կարծում եք, որ ԼՂՀ ճանաչումով ՀՀ-ն հնարավորություն ստանո՞ւմ է իր ինքնիշխանությունը վերականգնելու:

Ալբերտ Բաղդասարյան– Այդ տրամաբանությամբ եթե գնանք, ես կառաջարկեմ ոչ թե ճանաչել ԼՂՀ անկախությունը, այլ Արցախը Հայաստանի անբաժանելի մաս ճանաչել, եւ հարցը կտեղափոխվի հայրենասիրության հարթություն` ո՞ր սահմաններում: Միջազգային քաղաքականության մեջ պատմական արդարություն գաղափար գոյություն չունի: Դա կարող ես հիմնավորում դնել կոնկրետ արդյունքի համար, բայց դրանով չես կարող արդյունքի հասնել: ԼՂՀ-ն, որն իր խնդրով, որպես ինքնուրույն միավոր, առայսօր ճանաչվում է աշխարհի կողմից, երկու պատճառով է` 1994 թվականների ռազմական հաղթանակները, եւ 1990-94 թվականներին Հայաստանը Անդրկովկասում ընկալվում էր որպես ժողովրդավարության կղզի, որի զարգացման տենդենցները համարվում էին համահունչ միջազգային նորմերին: Այդ ժամանակ նույնիսկ ելցինյան զարգացումներն էին եվրոպական համարում: Բոլորը կարծում էին, թե սովետական տոտալիտարիզմը վերջացել է, եւ ոչ ոք չէր պատկերացնում, որ մի քսան տարի հետո պուտինյան կայսերական նոր քաղաքականությունը նոր սառը պատերազմ կներմուծի աշխարհի քաղաքականության մեջ:

Ե՛վ ԼՂՀ-ն ճանաչելը, ե՛ւ որպես մաս ընդունելը քաղաքական նույն հիմնավորումներն ունեն, որին ես կողմ եմ: Բայց նաեւ կա հարցի իրացման ժամանակը: Եթե ԼՂՀ անկախությունը կամ միավորումը ճանաչեինք ապրիլի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, նույնիսկ 6-ին, աշխարհի համար ընկալելի կլիներ: Բայց եթե աշխարհը մարսել է, անցել ենք նորից «ստատուս քվոյին», եւ դու անում ես, որ… ես կարծում եմ՝ դրանով ավելի շատ գլխացավանքներ կառաջացնենք, քան քաղաքական արդյունքներ կտա:
Ն. Գ.- Այն, որ քառօրյա պատերազմից հետո իշխանությունը պետք է քայլեր աներ եւ չի անում, համենայնդեպս՝ տեսանելի չեն դրանք, հասկանալի է, բայց անընդհատ խոսելով ԼՂՀ ճանաչման մասին եւ հարցն անընդհատ օրակարգում պահելով՝ մանրադրամ չե՞նք դարձնում այն:

Ա. Մ.– Ոչ:

Ն. Գ.- Մանավանդ, որ ականատեսը եղանք, թե մի քանի օր առաջ կառավարությունը որքան անգրագետ ձեւով օգտագործեց ընդդիմադիր պատգամավորների նախագիծը, դրա քննարկումները:

Ա. Մ- Ես կասեի՝ շատ ճարպիկ ձեւով օգտագործեց: Նույնիսկ Սահմանադրական դատարանին կարողացավ գերազանցել իր որոշումների ընդունման…

Ա. Բ.– Ինձ թվում է՝ այդտեղ խորիմաստության բան չկա: Մոսկվայից զանգի հետեւանք էր, ինչ-որ մի չինովնիկ իր ենթակային զանգել ասել էր` սա էսպես է, մենք էլ նստել, լուրջ քննարկում ենք:

Ա. Մ.- Այսպիսով, ինձ թվում է, որ մենք ցույց ենք տալիս, որ Հայաստանում այլընտրանքային մոտեցում կա: Միջազգային հանրություն, որքան էլ դու ընդունել ես կեղծված ընտրությունները, որքան էլ իշխանիկները փորձել են այստեղ քաղաքական դաշտը, այլընտրանքային մոտեցումը կա:

Զրույցի այլ մանրամասները`


ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031