Լրահոս
Օրվա լրահոսը

«Բուժքույր լինելու համար նախեւառաջ պետք է լինել մարդասեր»

Մայիս 13,2016 18:00

«Բուժքույրն ավարտելով ու դիպլոմ ստանալով չի դառնում բուժքույր, այլ դու տարիների ընթացքում ես որպես բուժքույր կայանում: Բուժքրոջ մասնագիտությունը շատ բարդ է, եւ ամեն մեկը չէ, որ կարող է դառնալ բուժքույր, այն, կարելի է ասել, կոչում է, բուժքույր դառնալու համար դու պետք է հոգեպես պատրաստ լինես, մասնագիտությունդ շատ սիրես, լինես մարդասեր, մեծահոգի, հոգեբանորեն տրամադրված»,-«Առավոտի» հետ զրույցում ասում է Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնի գլխավոր բուժքույր Նարինե Վարդանյանը՝ վստահեցնելով, որ բուժքույրը բարդ եւ միաժամանակ պատասխանատու գործ է կատարում: Մայիսի 12-ը Բուժքույրերի միջազգային օրն է: Չնայած բուժքույրերի տոնը մեկդարյա պատմություն ունի, բայց Բուժքույրերի միջազգային խորհուրդն այն պաշտոնապես նշում է 1971 թվականից, իսկ Հայաստանում տոնը սկսել են նշել 2004-ից: Տոնի առիթով զրուցեցինք կենտրոնի բուժքույրերի հետ, որոնք, չնայած օրվա ընթացքում կատարած ծանր աշխատանքին, հաջորդ օրը մեծ եռանդով աշխատանքի են վերադառնում՝ մտադրությամբ, որ մեկ հիվանդի էլ են ոտքի կանգնեցնելու:

Բժշկի նշանակումներից հետո հիվանդի խնամքը կատարում է բուժքույրը: Ըստ Նարինե Վարդանյանի՝ բուժքույրը ոչ միայն բժշկի օգնականն է, այլեւ դա առանձին մասնագիտություն է, որը կոչված է իրագործելու մարդկային առաքելությունը. «Բուժքույրը շատ մեծ դեր ունի առողջապահության ոլորտում, համարյա կազմում է ամենամեծ աշխատուժը: Առանց բուժքրոջ ես չեմ պատկերացնում ոչ մի առողջապահական հիմնարկ: Բուժքույրերը ոչ միայն կատարում են բուժսպասարկում, այլեւ հիվանդների խնամքով են զբաղվում»:

Տիկին Վարդանյանի խոսքերով՝ հայաստանյան բուժհիմնարկների բուժքույրերն էլ ավելի լայնածավալ աշխատանք են կատարում: Միջազգային սեմինարներից մեկի ժամանակ նույնիսկ արտերկրի բժիշկները զարմանք են հայտնել մեր բուժքույրերի աշխատանքի առնչությամբ, քանի որ նրանց մոտ բուժքույրը նեղ մասնագիտական գործ է անում եւ, կարելի է ասել, մեկ գործողություն է կատարում. «Մեր բուժքույրը գրեթե բոլոր աշխատանքներն անգիր գիտի»:

Կենտրոնի այրվածքային բաժանմունքի ավագ բուժքույր Լալա Չոբանյանի խոսքերով էլ՝ ճիշտ է, իրենց բաժանմունքում բուժքույրերն ամեն ինչ գիտեն, բայց, այդուամենայնիվ, համակարգված, ամեն մեկն իր տեղում իր աշխատանքն է անում եւ իր գործի վարպետն է. «Կես խոսքից բժշկին հասկանում են, նույնիսկ հայացքով, եւ արվում է ամեն ինչ, որպեսզի ե՛ւ աշխատանքը կատարվի բարձր որակով, ե՛ւ հիվանդը հնարավորինս շուտ ոտքի կանգնի: Կլինիկա մտնող հիվանդին առաջինը դիմավորում է բուժքույրը: Ընդունարանում կազմակերպվում է նրա աշխատանքը, եւ բժշկի ուղղորդմամբ հիվանդն ուղեկցվում է համապատասխան բաժանմունք»:

Գայանե Միքայելյանը Վերակենդանացման բաժանմունքի ավագ բուժքույրն է: Տարիների փորձը նրան ե՛ւ հոգեբան է դարձրել, ե՛ւ հիվանդների համար քույր, մայր: Այստեղ հիվանդներն ընդունվում են ծայրահեղ ծանր, շոկային վիճակում, եւ երբ հարազատները լսում են վերակենդանացման բաժանմունքի անունը, նրանց նույնպես հոգեբանական աջակցություն է պետք լինում: Այդ ծանր գործն էլ իր վրա է վերցնում ավագ բուժքույր Գայանե Միքայելյանը:

«Մինչ վերակենդանացման բաժանմունք գալը ընդունարանից զանգ ենք ստանում, որ հիվանդ է գալիս: Տեղն արագ պատրաստում ենք, անմիջապես միացվում է կաթիլային: Հիվանդի խնամքը եւ բուժսպասարկումն ընկնում է բուժքրոջ վրա: Հարազատներն իրար խառնված՝ չեն իմանում ինչպես այդ վիշտը հաղթահարել, եւ ստիպված ենք լինում նրանց հետ էլ խոսել, հույս տալ, որ ամեն բան լավ կլինի: Մեկ օր պառկում են, եւ երբ լսում են, որ իրենց հիվանդը շոկից դուրս է եկել, փոքր-ինչ հանգստանում են: Բայց դա մեզ համար ամենօրյա աշխատանք է»:

Բուժքույրերը նշում են, որ այդ ամենի դիմաց փոխհատուցումը լինում է այն, որ հիվանդն ապաքինվում ոտքի է կանգնում եւ երախտագիտության ու մեծարանքի խոսքեր է ասում բուժաշխատողների հասցեին՝ շատ դեպքերում խոստովանելով, որ նրան երկրորդ կյանք են պարգեւել: Բացի այդ, մեր զրուցակիցները նշեցին, որ էներգիա եւ եռանդ ստանում են իրենց համախմբված կոլեկտիվից. «Մենք այնպիսի կոլեկտիվ ենք ստեղծել, այնպիսի բժիշկներ ու բուժքույրեր ունենք, որ հաջորդ օրն աշխատանքի ենք գալիս, որպեսզի իրար տեսնենք, ողջունենք եւ լծվենք աշխատանքի, որպեսզի մեկ հիվանդի էլ ոտքի կանգնեցնենք: Մեր առաքելությունը, աշխատանքը միայն գնահատվում է հիվանդի առողջ լինելով»,- ասում է Լալա Չոբանյանը:

Կենտրոնի ամենակրտսեր բուժքույրերից է Քրիստինե Ասատրյանը, որն ունենալով մի քանի մասնագիտություն՝ ամենեւին մտադիր չի եղել ընտրել բուժքրոջ գործը: Սակայն այս բուժհիմնարկում պրակտիկան անցնելով՝ որոշել է հենց այստեղ էլ աշխատանքի անցնել: Ներկայումս բուժքույր Քրիստինեն զբաղվում է Չեռնոբոլի վթարից տուժած քաղաքացիների բուժմամբ: Նա ասում է՝ հիվանդների հետ մեկ ընտանիքի պես ենք դարձել, քանի որ նրանց բուժման կուրսը երկարաժամկետ է: Նա կենտրոնում աշխատում է արդեն երեք տարի: Բուժհիմնարկում գործի անցնելու ցանկությունը Քրիստինե Ասատրյանի մոտ առաջացել է նաեւ ավագ գործընկերների ջերմ վերաբերմունքը զգալով, որոնք մեծ պատրաստակամությամբ իրենց փորձը փոխանցել են նրան:

Այստեղ բուժում ստացած շատ հիվանդներ բուժանձնակազմին չեն մոռանում եւ ժամանակ առ ժամանակ այցելում են նրանց տեսության:

«Մեկ էլ տարիներ անց մտնում են՝ արդեն մեծացած, փոխված, ասում են՝ չե՞ք հիշում, ես այսինչն եմ, ու հարցուփորձ են անում՝ այս բժիշկը կամ բուժքույրն աշխատո՞ւմ է, գնամ՝ տեսնեմ: Տարիներ են անցել, չենք ճանաչում, բայց իրենք չեն մոռանում: Մեզ մոտ երկար են պառկում եւ բուժաշխատողների հետ թե հոգեբանորեն, թե հարազատորեն կապվում են: Եվ քանի որ մեր բուժաշխատողներն էլ նրանց հետ ջերմ ու սիրալիր են վերաբերվում, երբեւիցե չեն մոռանում: Դա նաեւ գալիս է նրանից, որ պաթոլոգիան շատ ծանր է, մանավանդ՝ երեխաների հետ կապված, եւ կյանքի ու մահվան հետ պայքար տվող մարդը սկսում է վերարժեւորել թե՛ կյանքը եւ թե՛ իր վերաբերմունքը»,- ասում է Այրվածքային բաժանմունքի վարիչ Կարինե Բաբայանը: Կարեւորելով բուժքրոջ դերը՝ բժշկուհի Բաբայանն ասում է. «Երբ բժիշկը հանգիստ է լինում, գիտի, որ թիկունքում քույր կա, գիտի, որ իր աշխատանքը կազմակերպված է, կարող է նույնիսկ հանգիստ քնել կամ հանգստանալ, որովհետեւ նա գիտի, որ պրոֆեսիոնալների հետ է աշխատում եւ վերջապես բարի մարդկանց հետ է աշխատում: Բարի բառը հենց այնպես ասված չէ, բարի, որ մարդն այստեղ եփվել է եւ գիտի ինչպես մոտենալ հիվանդին, քանի որ նույնիսկ այդ հաղորդակցվելը մեծ նշանակություն ունի:

18-19-րդ դարում իզուր չէր, որ ֆինանսապես ապահով եւ կրթված կանայք գնում գթության քույր էին աշխատում: Այսինքն՝ դա հեղինակություն վայելող մասնագիտություն է եղել: Բուժքուրը պետք է կիրթ լինի, որպեսզի կարողանա ամեն տեսակի խավի մոտեցում ցուցաբերել: Բուժքույրը պետք է բարի լինի, իսկ հարուստ մարդն ավելի բարի է քան աղքատը: Դե, պատկերացրեք՝ իրենց աշխատավարձով այդքան բարություն, դա արդեն խոսում է մարդու մասին»:

 
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031