Մայիսի 25-ին Կենտրոն եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Մազմանյանը նշանակել է Բ.Խ.-ի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների անդամ Արտուր Հարությունյանի հայցադիմումի հիման վրա նախնական դատական նիստը:
Ազատամարտիկ, փորձագետ Սարգիս Հացպանյանի հետ պատասխանող էին ճանաչվել մի քանի լրատվամիջոցներ՝ «Առավոտ» օրաթերթ» ՍՊ ընկերությունը, «Նյուս.Ամ» լրատվական վերլուծական գործակալությունը, «Նոյյան տապան» լրատվական կենտրոնը:
Մայիսի 5-ին հայցվորի ներկայացուցիչը՝ փաստաբան Արտուր Հարությունյանը երկու՝ «Հայցի առարկան փոխելու մասին» եւ «Անպատշաճ պատասխանողով փոխարինելու խնդրանքով» միջնորդություններ է ներկայացրել դատարան:
Փաստաբան Արտուր Հարությունյանը տեղեկացրել է, որ «Նյուս.Ամ»-ի ներկայացուցչի հետ բանակցելիս պարզվել է, որ վիճարկվող հրապարակումը տպագրել է ոչ թե «Նյուս.Ամ»-ը, այլ «Նյութ.Ամ»-ը, հետեւաբար, միջնորդել է դատարանին, որպեսզի պատշաճ պատասխանող ճանաչվի «Նյութ.Ամ»-ը:
Հայցվորը պահանջել էր, որպեսզի դատարանը պարտավորեցնի լրատվական միջոցներին, հրապարակային ներողություն խնդրել Բ. Խ.-ից՝ «Մամա Ռոզա» նրան անվանելու համար, պարտավորեցվի նույն լրատվամիջոցներով հրապարակային հերքում տալ փետրվարի 16-ին «զրպարտության համար», պատասխանող լրատվամիջոցներից հօգուտ հայցվորի բռնագանձել 1 միլիոն դրամ՝ որպես վիրավորանք հասցնելու համար, ոչ նյութական վնասի եւ 2 միլիոն՝ զրպարտության համար:
Կարդացեք նաև
Նկատենք, որ հայցվորը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32 հոդվածի 1-ին կետով իրավունք ուներ գործի դատաքննությանը նախապատրաստման փուլում փոխելու հայցի հիմքը եւ առարկան, ավելացնելու կամ նվազեցնելու հայցային պահանջների չափը, մինչեւ առաջին ատյանի դատարանում գործի դատաքննությունը սկսվելը:
Ըստ այդմ, նա փոխել է հայցապահանջը, այսինքն՝ ծավալը, եւ պահանջում է, որպեսզի Սարգիս Հացպանյանը հրապարակային ներողություն խնդրի Բ. Խ.-ից՝ նրան «Մամա Ռոզա» ասելու համար, պարտավորեցնել Սարգիս Հացպանյանին հրապարակային հերքում տալ լրատվամիջոցներով ասուլիսին տարածած զրպարտության համար, իսկ լրատվամիջոցներին էլ պարտավորեցնել, որպեսզի Ս. Հացպանյանի հրապարակային ներողությունն ու հերքման տեքստերը հրապարակվեն: Այս նոր ծավալով հայցով հայցվոր կողմը պահանջում է զրպարտության ու վիրավորանքի համար գումարը բռնագանձել Ս.Հացպանյանից:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
12.05.2016