Համոզված է օպերային թատրոնի գլխավոր խմբավար Ռադիկ Մելիքյանը
Մայիսն օպերային թատրոնի համար խիստ հագեցած է լինելու. խիտ խաղացանկ, ներկայացումներ։ Այստեղ նշում են, որ վճռել են կյանքի կոչել այն ամենը, ինչ ժամանակին մտադրվել էր իրագործել Գեղամ Գրիգորյանը։
Օպերային թատրոնի գլխավոր խմբավար Ռադիկ Մելիքյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինչ գնով էլ լինի, պետք է շարունակեն այն ծրագրերը, որոնք նախանշել էր Գեղամ Գրիգորյանը։ «Մի քանի օր առաջ տեղի ունեցավ «Նորմա» օպերայի երկրորդ ներկայացումը։ Ծրագրերում կան «Տոսկան», «Եվգենի Օնեգինը»… Գեղամ Գրիգորյանի օրոք բավականին ձգվեցին ստեղծագործական կոլեկտիվները։ Ընդհանուր առմամբ շատ բան փոխվեց դեպի լավը, ցավոք, ժամանակը շատ կարճ էր»,- ասում է թատրոնի գլխավոր խմբավարը։
Խոսելով օպերային թատրոնի երգչախմբի մասին՝ Ռադիկ Մելիքյանը նկատում է, որ երգչախումբը համալրվել է երիտասարդ երգիչներով։ «Իհարկե, դա շատ բարդ պրոցես է, քանի որ ավելի քան 10 անուն ներկայացումներ են բեմ բարձրանում, որոնք երգչախմբի արտիստը պետք է երգի տարբեր լեզուներով, բացի այդ, դրան գումարվում է բեմական խաղը։ Երիտասարդ երգիչ-երգչուհիներին ժամանակ է պետք այդ ամենը յուրացնելու համար։ Նոր մարդուն, նույնիսկ ամենալավ որակներ ունեցող երիտասարդին ամեն մի օպերային պատրաստվելու համար նվազագույնը 2-3 ամիս է հարկավոր։ Մենք մոտ 1,5 տարի առաջ նման մի փորձ արել ենք։ Շուրջ 15 երիտասարդ ուսանողներ ընդգրկվեցին երգչախմբի կազմում, եւ այս պահին նրանք մասնակցում են բոլոր ներկայացումներին։ Առայժմ որոշակի բացթողումներ ունեն, սակայն ժամանակի ընթացքում ամեն ինչ կշտկվի։ Դա շատ բարդ գործընթաց է։ Պետք է ուշադիր լինել ընտրություն կատարելիս»,- ասում է մեր զրուցակիցը՝ ավելացնելով, որ օպերային թատրոնի երգչախմբի աշխատանքը, ի տարբերություն այլ երգչախմբերի, բավականին բարդ է։ Եթե այլ երգչախմբեր ամսվա մեջ մոտ 4 համերգ են ունենում, ապա օպերային թատրոնում շաբաթական միջինը 2 համերգ են տալիս, այստեղ ծանրաբեռնվածությունն ավելի մեծ է։
Ռադիկ Մելիքյանը նկատում է՝ մասնագետների գնահատականները երգչախմբի վերաբերյալ հուշում են, որ աշխատանքները ճիշտ ուղղությամբ են ընթանում։ Դրականորեն փոխվել է երգչախմբի որակը։ Սակայն գլխավոր խմբավարը նկատում է, որ առաջընթացի կողքին անելիքներ շատ կան։
Որոշ ժամանակ է, օպերային թատրոնը գործում է առանց գեղարվեստական ղեկավարի։ Մեր հարցին՝ դժվար չէ՞ այդպես աշխատելը, գլխավոր խմբավարը նկատում է, որ թատրոնում բոլորը փորձում են աշխատել այնպես, որ գեղարվեստական ղեկավարի պակասը շատ չզգացվի. «Կարեւորագույն պաշտոն է, եւ որքան շուտ ունենանք գեղարվեստական ղեկավար, այնքան լավ։ Իհարկե, ստեղծագործական խմբերն ունեն իրենց ղեկավարները, սակայն գեղարվեստական ղեկավարը խիստ անհրաժեշտ է։ Բայց քանի դեռ չունենք, շատ ավելի հավաք ու ձիգ ենք գործում»։
Իսկ օպերային թատրոնի կոլեկտիվն ո՞ւմ է տեսնում թատրոնի գեղարվեստական ղեկավարի աթոռին։ Պարոն Մելիքյանը կարծում է, որ սա այն պաշտոններից է, որն ամենօրյա, ամենժամյա անմիջական շփման մեջ է արտիստների հետ՝ լինի մեներգիչ, երգչախմբի, թե նվագախմբի արտիստ։ «Կոլեկտիվը պետք է ճանաչի, հարգի, սիրի այդ մարդուն։ Նա պետք է ծանոթ լինի թատրոնին, խոհանոցին, աշխատողներին։ Եվ հաշվի առնելով այս հանգամանքները՝ ճիշտ կլիներ, որպեսզի գեղարվեստական ղեկավարին ոչ թե նշանակեին, այլ ընտրեին, ընտրեին նրանք, ովքեր պետք է աշխատեն վերջինիս հետ։ Չի բացառվում, որ լինի հաջող նշանակում, սակայն վտանգ կա, որ կարող է համատեղ աշխատանքը չստացվել։ Սա վարչական պաշտոն չէ»,- շեշտում է գլխավոր խմբավարը՝ բերելով եվրոպական որոշ թատրոնների օրինակը, որտեղ նույնիսկ երգչախմբի երգիչներին ընտրում են երգչախմբի անդամները։ Առավել եւս՝ գեղարվեստական ղեկավարը պետք է ընտրվի կոլեկտիվի կողմից։
ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
12.05.2016