Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վախթանգ Դարչինյան. «Ուզում եմ չորրորդ քաշային կարգում էլ չեմպիոնական գոտիներ նվաճել»

Մայիս 13,2016 15:30

Վանաձորցի բռնցքամարտիկը WBC վարկածով աշխարհի չեմպիոնի
գոտու համար մենամարտի նախապատրաստությունը սկսում է Ծաղկաձորում

Երեք քաշային կարգերում աշխարհի չեմպիոնի եւ մեկ քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչումը նվաճած Վախթանգ Դարչինյանը պատրաստվում է գրոհել չորրորդ՝ 55.5 կգ, քաշային կարգը: Նա մտադրություն ունի նաեւ այս քաշային կարգի գոտիները միավորել: Հերթական մրցակիցը WBC վարկածով աշխարհի չեմպիոն, մեքսիկացի Հուգո Ռուիսն է լինելու, որի հետ մենամարտը կայանալու է հուլիսի 2-ին կամ 9-ին՝ ԱՄՆ-ում:

Հայաստան գալուն պես Վախթանգը բացառիկ հարցազրույց տվեց «Առավոտին»:

-Վախթանգ: Դու մարզական բացառիկ ճանապարհ ես անցել ու հասել ես այնպիսի բարձունքների, որոնց մասին պրոֆեսիոնալ բռնցքամարտի բազմաթիվ աստղեր երազել անգամ չեն համարձակվում: Բայց, ինչպես երեւում է, կանգ առնելու մտադրություն չունես:

-Ես աշխարհի գոտի նվաճել եմ երեք քաշային կարգում, եղել բացարձակ չեմպիոն, ընդհանուր առմամբ՝ նվաճել չեմպիոնական ութ գոտի: Աշխարհում քիչ բռնցքամարտիկներ են այդպիսի բան արել: Ճիշտ նկատեցիք: Շատ-շատերի համար դա երազանք է: Ուզում եմ չորրորդ քաշային կարգում էլ տիտղոս նվաճել, հետո մեկ տարվա ընթացքում միավորել բոլոր գոտիները, այստեղ էլ դառնալ բացարձակ չեմպիոն: Եթե հաջողվի, պատմության մեջ կլինեմ երկու քաշային կարգերում բացարձակ չեմպիոն դարձած միակ բռնցքամարտիկը: Կստացվի՝ լավ: Չի՞ ստացվի՝ մեկ տարի հետո հրաժեշտ կտամ ակտիվ բռնցքամարտին:

-Փաստորեն, պատասխանատու մենամարտիդ մոտավորապես երկու ամիս է մնում, իսկ դու նախապատրաստվելու փոխարեն՝ եկել ես Հայաստան:

-Հիմնականում հենց այդ նպատակով էլ եկել եմ: Մոտ երկու շաբաթ Ծաղկաձորում ընդհանուր ֆիզպատրաստականությունս եմ բարձրացնելու, որից հետո մեկնելու եմ ԱՄՆ: Այնտեղ էլ կանցկացնեմ մարզումներիս վերջին փուլը:

-Մրցակցիդ ուսումնասիրե՞լ ես:

-Անշուշտ: Նա ինձնից բարձրահասակ է: Ֆիզիկական տվյալներն այնքան էլ այն չեն, բայց լավ հարվածներ ունի, հատկապես՝ աջ ուղիղները: Ի վերջո, աշխարհի չեմպիոն է:

-Ինչպե՞ս ես գնահատում քո հնարավորությունները:

-Ես սիրում եմ բարձրահասակ մրցակիցներ ունենալ: Ռուիսն ինձ հարմար մրցակից է: Կարծում եմ՝ պետք է հաղթեմ նոկաուտով:

-Ո՞վ է քեզ օգնելու նախապատրաստվել:

-Ամերիկայում մարզիչս կլինի Էդմոնդ Թարվերդյանը (նա Ռոնդա Ռոուզիի մարզիչն է: Ա. Հ.): Արդեն ամեն բան պայմանավորված ու մշակված է: Այնտեղ ունենալու եմ մարզումային մրցակիցներ, որոնք տեղ են զբաղեցնում լավագույն տասնյակներում:
-Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին Ավստրալիայից զանգահարեցիր ինձ: Անհանգստացած էիր ու Aravot.am-ի միջոցով քո զորակցությունը հայտնեցիր հայ զինվորին՝ հորդորելով բարձր պահել հաղթողի ոգին: Հիմա այստեղ ես:
-Սովորաբար, պրոֆեսիոնալ մարզիկի համար առաջնայինն իր գործն է: Բայց ես հայ եմ ու չեմ կարող այս ամենի կողքով անցնել: Ծաղկաձորյան մարզումներից հետո ուզում եմ անպայման մեկնել Արցախ, հանդիպել մեր հայրենակիցներին, մեր հերոս զինվորներին, ոգեւորել, ասել նրանց, որ ես, մենք բոլորս նրանց հետ ենք: Ու միայն դրանից հետո մեկնել ԱՄՆ: Վստահ եմ՝ վերջնական հաղթանակը մերն է լինելու:

 
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031