Լրահոս
Օրվա լրահոսը

Այս ամենախոսուն լռությունը

Մայիս 13,2016 14:30

Վիգեն Չալդրանյանի «Վարդապետի լռությունը» ֆիլմի լոսանջելեսյան ցուցադրությունը կայացավ «Paramount Pictures» կինոստուդիայի դահլիճում

Վերջերս «Վարդապետի լռությունը» ֆիլմի լոսանջելեսյան պրեմիերայի բացման խոսքում ֆիլմի հեղինակ Վիգեն Չալդրանյանը զուգահեռներ անցկացրեց հարյուր եւ ավելի տարի ձգվող եղեռնագործությունների եւ այս ապրիլին արցախյան սահմանում կայացած հայ-ադրբեջանական բախումների միջեւ: Ցավագին զուգահեռ է, բայց ֆիլմը հենց այդ մասին է՝ չդադարող ցեղասպանության, անտարբերության, մատնության ու անդառնալի սխալների: Ինչի՞ մասին էր լռում Կոմիտասը:

Անվերջ խոնարհում ու պարտքի զգացողություն կա Կոմիտասի անվան հետ: Նա, ով իր աչքերում կուտակել էր Եղեռնի ողջ սարսափը, ում հոգին լակմուսի թղթի նման կլանել էր արհավիրքի ողջ սարսուռն ու մատնել նրան հավերժական լռության:
Այս ֆիլմն առաջադրում է նոր դիտակետից բացահայտել ազգային ողբերգությունը, Կոմիտասի նշանային կերպարը: Ցեղասպանության մասին պատմող ֆիլմը հենց այսօրվա իրականության մասին է. ներհյուսվում են ժամանակակից ցույցերի տեսարանները, երիտասարդների կյանքը` ուսանողական ըմբոստ առօրյան, մատնությունն ու վախը: Անցյալն առեղծվածային վարպետությամբ, բազմաթիվ լարերով «տեղավորվում» է ներկայի մեջ՝ ընդգրկելով ժամանակակից մարդու այսօրվա դրաման, նրա ցավի ու հուսալքության այսօրվա համրությունը:

Վկայագիրների հավաստմամբ՝ մի դիպվածից հետո Կոմիտասը դառնում է ծայրահեղ ինքնամփոփ: Անապատ է քշվում 103 մտավորական, այդ թվում նաեւ՝ Կոմիտասը: Ժանդարմի տված դույլով ջուրը փոխանցում են նախ Կոմիտասին: Թուրքը ոտքով խփում է ու շրջում դույլը: Վիրավորանքից նվաստացած Կոմիտասն ափերով ծածկում է դեմքը: Այս դեպքից հետո Կոմիտասն այլեւս նախկին կենսուրախ ու ժպտերեսը չէր:

Ֆիլմի գլխավոր հերոս Էդգար Նովենցը (դերակատար՝ Վարդան Մկրտչյան), ով վեպ է գրում Կոմիտասի մասին, զրուցում է իր ուսանողների հետ: Նրանք փորձում են պարզել՝ ինչ հանգամանքներում կփրկվեր Կոմիտասը, ինչպես հնարավոր կլիներ խուսափել եղեռնագործությունից. եթե Կոմիտասը մնար Էջմիածնում, եթե նրան Էջմիածնում չհալածեին վանականները… «Պատմությունը եթե-ներով չի կառուցվում, եւ անցածն այլեւս շտկել չի լինի»,- ուսանողներին պարզաբանում է Էդգար Նովենցը: Այսօրվա մտավորականի կեցվածքը Վիգեն Չալդրանյանի կինոարվեստում մշտապես ուշադրության արժանացած թեմաներից է: Մտավորականի հարգված եւ արժեւորած դիրքը կարծես Վիգեն Չալդրանյանի թաքուն երազը լինի, հետապնդող մի երազ, ուր մշակույթն է ազգի դեմքը, իսկ մտավորականի անաչառ խոսքը լսելի է երկրին ու երկնքին. «Որովհետեւ մտավորականությունը դա իդեալական հասարակության կենսաձեւ է,- ասում է Վիգեն Չալդրանյանը,- դա այն մարդն է, որ արթնանում է ժողովրդի մասին մտածելով»:
Կինոնկարում Կոմիտասի Սոնա յարը մի նոր կերպավորում է ստացել, մի նոր Սոնա: Ժապավենին պարուրված է բանաստեղծուհի Սոնա Վանի չքնաղ պոեզիան: Բանաստեղծուհու ստեղծագործություններին Վիգեն Չալդրանյանը անդրադարձել է դեռեւս 1993 թվականին («Պիտի երթամ, հեռանամ»):

Ֆիլմի հերոսուհին`միայնակ ու հղի Սոնան, (դերակատար՝ Անի Ղազարյան) 100 դրամով չափում է անցորդների մարմնի ջերմությունը` միջինը 37.71: «Փաստորեն, հիմնականում հիվանդ են»,- եզրակացնում է գլխավոր հերոսը՝ Էդգար Նովենցը: Փնտրտուքն այն «առողջ» ջերմության, սրտացավության, որ ցանկացած ցավի բուժում է: Կոմիտասի կերպարը ֆիլմում բացահայտվում է որպես խորհրդանիշ, ոչ որպես պատմական անձ: Մեծագույն կոմպոզիտորի դիմագիծը էկրանին ժամանակակից այլ հնարավոր կոմիտասների ներկայությամբ է: Կոմիտասներ նաեւ կարող են մեր օրերում լինել: Նրա ճանապարհը դեռ անցնել է պետք` ցավը ընդունել, բուժելու` այնպես, ինչպես սուրոգատ մայրը ֆիլմում աստիճանաբար է սիրում իր մեջ զարգացող պտղին, սիրում ու ճչում երկունքի ցավից (ֆիլմի վերջին տեսարանը):

Հաճախ ենք շռայլել ազգասիրությունն ու հայրենասիրությունը տարփողող բառեր, արժեզրկել ու փոշիացրել անդառնալիորեն: Եվ որքան դժվար է այլեւս չափավորված ու դիպուկ մեզ վերադարձնել այդ բառերի նախկին իմաստն ու նրանց խորքում ապրող նուրբ զգացողությունները: Այդ կորսված իմաստների շնչառությունն ու ռիթմն է մեզ վերադարձնում Չալդրանյանի պատկերաշարը: Ռեժիսորի չափանիշը նույնպես խոսուն լռությունն է, լռության ձայնը, լռության պատգամն ու խորհրդածությունը, չալդրանյանական գույների մեղմությունը, շարժապատկերի ռիթմը, խոհերը, «աննկատ» երաժշտությունը` կարծես ընդամենը խախտում են լռությունը:
Կոմիտաս, ինչո՞ւ լռեցիր:

«Կարծում եմ՝ Կոմիտասը տիեզերքից էր տրված՝ որպես «ազգի խիղճ»,- ասում է Վիգեն Չալդրանյանը,- այսօր խնդիր ունենք վերադարձնելու այդ խիղճը, վերադառնալու դեպի Կոմիտասը: Խոսելու ժամանակն է…»:

 
ԱՆԻ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031