Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԴՈՒՐՍ

Մայիս 13,2016 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ երեսուներկուերորդ

ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԴՈՒՐՍ

Եվ ես Վարուժին ասացի՝ «բայց Հրանտինը շատ ուժեղ պորտրետ ա», եւ Վարուժը նայեց դիմանկարիս, հետո նայեց ինձ ու ժպտալով ասաց՝ «քոնն էլ պակասը չի», եւ ես ժպտալով ասացի՝ «Հրանտինն ավելի ուժեղ ա», եւ Վարուժը  մի քիչ մտածեց ու ասաց՝ «իրա պորտրետն ինչքան էլ ուժեղ ըլնի, մեկ ա՝ եթե էդ բեյրութցին չառներ, վրես էր մնալու» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «լավագույն դեպքում պիտի կամ պատկերասրահին կամ էլ գրականության թանգարանին նվիրեի», եւ ես մի քիչ մտածեցի ու հարցրի՝ «որ պորտրետ չեն առնում, էդ բեյրութցին ո՞նց ա Հրանտի պորտրետն առել», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու  ասաց՝ «ճիշտն ասած՝ ես էլ զարմացա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «սփյուռքահայերը սովորաբար Շիրազ ու Սեւակ են  սիրում» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «բայց էս Վարանդը Հրանտին ուղղակի պաշտում ա», եւ ես հարցրի՝ «Հրանտը գիտի՞, որ իրա պորտրետն առել են», եւ Վարուժն ասաց՝ «չէ. առաջինը քեզ եմ ասում», եւ ես ժպտալով հարցրի՝ «իրան ասե՞մ, որ առել են», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու խորամանկ ժպտալով ասաց՝ «կակռազ քեզ ասում եմ, որ իրան ասես» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ասա՝ թող սիրտը մի քիչ մրմռա», եւ ես հարցրի՝ «ինչի՞ պիտի սիրտը մրմռա», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ասաց՝ «փաստորեն, իրա չհավանած պորտրետը հազար դոլարով թռցրել են» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «իսկ իրան ձրի էի տալիս, բայց չվերցրեց»  եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «չնայած, որ ասես, կարող ա լավ էլ ուրախանա», եւ ես զարմացած հարցրի՝ «ինչի՞ պիտի ուրախանա», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ասաց՝ «շատ կուրախանա, որ Վարանդն իրան էդքան  պաշտում ա», եւ ես ժպտալով Վարուժին ասացի՝ «Բեյրութում դու էլ լիքը պաշտողներ ունես», եւ Վարուժը ժպտալով հարցրեց՝ «ես ե՞մ ասել», եւ ես ժպտալով ասացի՝ «աչքովս եմ տեսել», եւ Վարուժը զարմացած հարցրեց՝ «աչքովդ ի՞նչ ես տեսել», եւ ես ասացի՝ «անցյալ տարի Բեյրութ էի գնացել», եւ Վարուժը հարցրեց՝ «հետո՞ ինչ, որ Բեյրութ էիր գնացել», եւ ես ասացի՝ «Բեյրութում քեզնով շատ էին հետաքրքրվում», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մի անգամ ասել ես», եւ ես ասացի՝ «Համազգայինի աշխատողներն ասում էին, որ շատ են ուզում Բեյրութում քո անհատական ցուցահանդեսը բացեն», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ էլ ես ասել», եւ ես ասացի՝ «իրանք քեզ զանգել ու խնդրել են, բայց դու չես համաձայնվել», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «ես եմ ասե՞լ, որ չեմ համաձայնվել», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «համ դու ես ասել, համ էլ՝ իրանք», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «բա քեզ չես հարցրե՞լ՝ ինչի եմ հրաժարվել», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «հարցրել եմ, բայց պատասխան չեմ ստացել», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու թախծոտ ժպտալով ասաց՝ «էդ հարցի պատասխանը մի քանի անգամ ինձնից ստացել ես, բայց ոնց որ մոռացել ես» եւ մի քիչ էլ մտածեց  ու ավելացրեց՝ «որ էդ հարցը քեզ  վերաբերեր, հաստատ  կհիշեիր» եւ մի քիչ էլ մտածեց ու թախծոտ ժպտալով ասաց՝ «մարդիկ ուրիշներին վերաբերող հարցերը  շատ հեշտ են մոռանում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «էս ասածս ոչ միայն քեզ ա վերաբերում, այլեւ բոլորին ու ինձ էլ», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «ես որ քո շանսերն ունենայի, հիմա միլիոնատեր էի», եւ Վարուժն արհամարհական նայեց ինձ ու քամահրանքով հարցրեց՝ «որ իմ շանսերն ունենայիր՝ ի՞նչ կանեիր», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «ոչ մի բան էլ չէի անի» եւ մի քիչ էլ մտածեցի ու ավելացրի՝ «կհամաձայնվեի, որ Բեյրութում ու Փարիզում ցուցահանդեսս բացեն», եւ Վարուժը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ գիտես, որ Փարիզում էլ են ուզել  ցուցահանդեսս բացեն», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «դու ես ասել», եւ Վարուժը  մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ էդ ասածս հիշում ես, մյուս ասածներս էլ պիտի հիշեիր», եւ ես Վարուժին հարցրի՝ «ո՞ր ասածներդ», եւ Վարուժն ասաց՝ «քեզ հազար անգամ չեմ ասե՞լ, որ կյանքումս ինքնաթիռ նստած ու Հայաստանից դուրս էկած չկամ», եւ ես ասացի՝ «ասել ես» եւ մի քիչ մտածեցի ու ասացի՝ «բայց ուրիշ բան էլ ես ասել», եւ Վարուժը զարմացած հարցրեց՝ «ուրիշ ի՞նչ եմ ասել» եւ ես ժպտալով ասացի՝ «ասել ես, որ մի անգամ ինքնաթիռ նստել ու Հայաստանից դուրս ես էկել», եւ Վարուժը զարմացած նայեց ինձ ու ասաց՝ «շատ ուժեղ հիշողություն ունես» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ինչը որ քեզ ձեռնտու ա, լավ էլ հիշում ես», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչն ա ինձ ձեռնտու», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու քմծիծաղով ասաց՝ «ինձ հակառակվելը» եւ մի քիչ էլ մտածեց ու հարցրեց՝ «Մոսկվա թռնելս նկատի ունես, չէ՞», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հա»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031