Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Մելիքյան. «Հայ զինվորի թափված արյունը կեղտոտ առևտրի առարկա լինել չի կարող»

Մայիս 12,2016 23:56

«Հատկապես Հայաստանի ու Արցախի իշխող քաղաքական դասը պետք է իրեն հաշիվ տա այն բանում, որ եթե մինչ այդ հանդիպումն Ադրբեջանը ետ չքաշի իր ստորաբաժանումները քառօրյա պատերազմի ընթացքում գրաված հայկական դիրքերից, ապա Ալիև-Սարգսյան հանդիպումն ընդամենը կոչված է լինելու միջազգային մակարդակում ամրագրել պաշտոնական Բաքվի կողմից ցանկացած պահի պատերազմը վերսկսելու իրավունքն ու կանխավ կտա այդօրինակ պահվածքի արդարացումը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն`անդրադառնալով եկող շաբաթ, Վիեննայում ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպմանը:

Հիշեցնենք, այդ մասին այսօր հայտարարություն են տարածել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

Aravot.am-ն Արման Մելիքյանից հետաքրքրվել էր`ի՞նչ ակնկալել այդ հանդիպումից, եթե նոր առաջարկներ չկան, եղածներն Ադրբեջանը մերժել է 25 տարի, իսկ ապրիլյան պատերազմական գործողություններից հետո Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ բանակցություններ չեն կարող կայանալ, քանի դեռ սահմաններում կրակում են: Սահմաններում կրակոցներն, ի դեպ, չեն դադարել:

«ԼՂՀ և ԱՀ ԶՈՒ շփման գծում փոխվստահության ամրապնդման և պատերազմական գործողությունների կանխումն ապահովող արդյունավետ միջոցների ներդրման խնդրի շուրջ համանախագահներն այս փուլում խոսելիք ունեն բացառապես Իլհամ Ալիեւի հետ և միմիայն վերջինիս կողմից այս հարցի կապակցությամբ հրապարակավ արտահայտած համաձայնության պարագայում և գրաված դիրքերից զորքերը ետ քաշելու դեպքում է, որ պարոն Սերժ Սարգսյանը, գուցե, իրավունք կստանա Հայաստանի անունից մասնակցել նմանօրինակ հանդիպման: Բավական է այլևս՝ հայ զինվորի թափված արյունը կեղտոտ առևտրի առարկա լինել չի կարող և այսօր իշխանության ղեկին կանգնած մարդկանց և բոլոր մնացյալներին մեր հասարակությունը հենց այդ պարզ ճշմարտությունն է, որ պետք է հասցնի»,- ասաց Արման Մելիքյանը`հավելելով` բոլորն էլ շատ լավ են հասկանում, որ քառօրյա պատերազմում հակառակորդը չկարողացավ կոտրել մեր պաշտպանությունը բացառապես 18-20 տարեկան հայ ժամկետային զինծառայողների անձնվեր հայրենասիրության և արիության շնորհիվ, շնորհիվ այն բանի, որ այդ տղաներից ոմանք իրենց վրա պատասխանատվություն վերցրին կազմակերպելու պաշտպանական մարտերն իրենց ընկած հրամանատարների փոխարեն: Իսկ Ակնա-Ասկերան ուղղությամբ ադրբեջանական զինուժի հիմնական հարվածի կասեցումն էլ, կարծես, այլևս բանակային ծառայությունն ի պաշտոնե թողած գեներալ-պատգամավոր Վիտալի Բալասանյանի նախաձեռնողականության արդյունքն էր:

«Ոչ մեկի ներդրումը չեմ նսեմացնում և ոչ մեկին չեմ անտեսում այս բաներն ասելով, բայց իրերն իրենց անուններով կոչելը հրամայական անհրաժեշտություն է»,- ասաց Արման Մելիքյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031