Լրահոս
Օրվա լրահոսը

Զինծառայողների համար բացված «Մարտիկի» մասին Արցախում շատերը չգիտեն

Մայիս 12,2016 22:58

2002 թվականին զինծառայողների համար բացված «Մարտիկ» հիմնադրամի գործունեության մասին Արցախի ընդդիմադիր գործիչները տեղեկություններ չունեն:

Հիշեցնենք, որ  Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը ԼՂ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն է: Ըստ նրա՝ հիմնադրամի ֆոնդին այս պահին կա 1 մլն դոլար:

«Ես տեղեկություններ չունեմ, թե ինչքան գումար կա հիմնադրամի ֆոնդին, ոչ էլ հիմնադրամի գործունեության սկզբունքներին եմ տեղյակ: Դրա համար որեւէ մեկնաբանությունից զերծ կմնամ, որովհետեւ չգիտեմ՝ ինչ ձեւով է աշխատում: Ես ուսանող էի, հիշում եմ, որ նման բան բացվեց, կարծեմ 100 դոլար նվիրատվություն էր ամեն մեկը տալիս, դառնում մարտիկ: Ինչ-որ նման բան հիշում եմ»,- Aravot.am-ին ասաց Արցախում «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը:

Մեր հարցին, եթե մենք արդիական սպառազինություն ձեռք բերելու խնդիր ունենք, չե՞ք կարծում, որ հիմնադրամի կուտակած մեկ միլիոն դոլարը կարող էր ուղղվել այդ խնդիրների ուղղությամբ, պարոն Խանումյանն ասաց. «Կրկնում եմ՝ չգիտեմ՝ թե այդ հիմնադրամն ինչ սկզբունքներով է աշխատում, այդ գումարներն ինչին պետք է ծառայեն»:

Մեր հարցին, եթե 14 տարի գործող հիմնադրամի ֆոնդին կուտակած գումարների չափերի մասին միայն վերջերս հայտարարվեց, այն էլ այն բանից հետո, երբ մեծ քննադատություն սկսվեց, թե ուր են գնում բանակին հատկացվող գումարները,   հնարավո՞ր է  կոռուպցիոն ռիսկեր կան հիմանդրամի գործունեությունում, պարոն Խանումյանն ասաց. «Ամեն ինչ էլ կարող է լինել, ոչինչ էլ չի կարելի բացառել»:

 «Մարտիկ» հիմնադրամի գործունեությունից  տեղեկություններ չուներ նաեւ Արցախի «Շարժում 88» կուսակցության ներկայացուցիչ Էդուարդ Աղաբեկյանը. «Տեղյակ չեմ այդ հիմնադրամի ունեցած մեկ միլիոն դոլարի մասին, բայց այստեղ հարցն այլ է. մենք արդեն 25 տարի է՝ պետություն ունենք՝ ոչ թե մեկ, այլ երկու պետություն ունենք: Պետություն, որը պետականորեն պետք է հոգա սպառազինության  ու պաշտպանության մնացած հարցերը: Նման հարցերը լուծել հրապարակային հիմնադրամների տեսքով հնարավոր չէ: Կարող է հիմնադրամը օժանդակել, սոցիալական խնդիրներ լուծել, բայց սպառազինության հարցով հիմնադրամ իմ ուղեղում չի տեղավորվում: Մեկ միլիոն դոլարով ի՞նչ սպառազինություն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հ. Գ. ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում անդրադարձել է հիմնադրամի առնչությամբ հնչած մտահոգությանը.

«Տկն. Բախշյան, կարդացի «Որոշել եմ այնպես ցավեցնել Սերժ Սարգսյանին, որ ծպտուն հանի». ուր է «Մարտիկ»-ի 1 միլիոնը» վերնագրով Ձեր հրապարակած հոդվածը: Ամենայն անկեղծությամբ, ես միշտ Ձեզ համարել եմ եթե ոչ քաղաքական գործիչ, ապա մեր հասարակության մտահոգ խավի ներկայացուցիչ, անկեղծ ասած, խորը հիասթափվեցի, երբ կարդացի Ձեր հրապարակած հոդվածը:

Մի ցավ ավել, մի ցավ պակաս՝ առանց այդ էլ մենք մեծ ցավ ենք ապրում: Գիտեմ, որ ցավացնող ունենք՝ ի դեմս մեր հակառակորդի, բայց նկատում եմ՝ թիկունքից էլ փորձողներ կան:

Երբ կարդացի հոդվածը, առաջինը ուսումնասիրեցի martik.am կայքում տեղարդված մասնակիցների ցանկը: Փնտրեցի Ձեր անունը և շատ ուրախացա, որ այնտեղ չգտա Ձեզ, հետո մտածեցի՝ կարող է պատահի ԼՂՀ Կառավարության բացած հատուկ հաշվեհամարին 100 դրամ գումար եք փոխանցել: Ցավոք, այդտեղ Ձեր անունը չգտա:

Ինչո՞ւ եմ հենց ես պատասխանում Ձեզ, որովհետև Դուք շփոթության մեջ եք գցել մեր հասարակությանը, հիմնադիրները ոչ միայն ես և Սերժ Սարգսյանն ենք, այլև Սեդրակ Սեդրակյանը, Արսեն աբեղա Սանոսյանը, Միշա Մելքոնյանը («Մարտիկ» հիմնադրամի Կանոնադրություն ընդհանուր դրույթներ կետ 1.7):

Եվ ի գիտություն Ձեզ ասեմ, որ «Մարտիկ» հիմնադրամի ստեղծման գաղափարը իմն է եղել և այն իրականության մեջ, իմ կարծիքով, ամենահաջողված նախագծերից մեկն է, ցավոք, այն նպատակը, որ ես դրել էի իմ առջև ամբողջությամբ չիրականացավ, որովհետև մեր հասարակության մեջ միշտ պակաս չեն եղել Ձեր նման չարախոսները:

Տկն. Բախշյան, որպեսզի հստակ կողմնորոշվեք, թե ում պիտի դատի տաք, ապա կարդացեք «Մարտիկ» հիմնադրամի կանոնադրության 4-րդ գլխի 4.2 և 4.3 կետերը և Դուք կտեսնեք, որ հիմնադիրները հիմնադրամի կառավարման հետ ոչ մի առնչություն չունեն, մեջբերում եք azdarar.am կայքը, կարծես չեք էլ փորձել փնտրել և գտնել «Մարտիկ» հիմնադրամի հաշվետվությունը:

Ճառ ասելը հեշտ է, զանգ կախելն է դժվար:

Սիրելի հայրենակիցներ,

«Մարտիկ» հիմնադրամի մասնակից կարող է լինել ցանկացած հայ, ով 100 ԱՄՆ դոլար է փոխանցում «Մարտիկ» հիմնադրամի հաշվեհամարին և տրամադրում իր անուն ազգանունն ու լուսանկարը martik.am կայքում զետեղելու համար: Իսկ հոգաբարձուների խորհրդի անդամ կարող է լինել այն քարոզիչը, ում քարոզչությամբ (միջնորդությամբ) 1000 մարդ կդառնա «Մարտիկ» հիմնադրամի մասնակից ( «Մարտիկ» հիմնադրամի կանոնադրություն 4 գլուխ 4.2 կետ):

«Մարտիկ» հիմնադրամը մինչև 2005թ. ունեցել է 8200 մասնակից, հետագայում բանկային տոկոսներով համալրվել է «Մարտիկ» հիմնադրամի մասնակիցների ցանկը, և այժմ հիմնադրամի մասնակից են համարվում 12404 հոգի: Մնացած մասնակիցները Արցախյան պատերազմում զոհված մեր հերոսների անուններն են: Նպատակ ենք ունեցել, տալով նրանց «Մարտիկ» հիմնադրամի մասնակցի կարգավիճակ հավերժացնել նրանց կենդանի հիշատակը, որպեսզի նրանք մասնակից դառնան հիմնադրամի կանոնանդրության 5-րդ գլխի 5/6 կետերի խնդիրների կյանքի կոչմանը:

«5.6. Հիմնադրամի մասնակիցների ներդրած գումարներն անձեռնմխելի են և կարող են օգտագործվել միայն Հայաստանի անվտանգությանն ու պաշտպանությանը սպառնացող վտանգի դեպքում` ՀՀ նախագահի, ՀՀ պաշտպանության նախարարի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հիմնադրամի նախագահի համաձայնությամբ: Սույն ենթակետի դրույթները փոփոխման ենթակա չեն և պետք է անվերապահորեն ընդունվեն հոգաբարձուների խորհրդի անդամների կողմից»:

Հ.Գ.- Տկն. Բախշյան, վստահ եմ martik.am–ում զետեղված կանոնադրությունը և մնացած հրապարակումները կարդալուց հետո կհասկանաք, որ Ձեր հրապարակումը անտեղի էր:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031