ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ավարտից հետո լրագրողների հարցերին պատասխանեց կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա նախ անդրադարձ կատարեց սահմանում տեղի ունեցողին՝ նշելով, որ չնայած երեկ ունեցել ենք զոհ, սակայն իրավիճակն առաջնագծում համեմատաբար հանգիստ է: Նա նաեւ խոսեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մասին, որտեղ միջնորդները նշել էին, որ ցանկանում են կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը:
Էդուարդ Շարմազանովը նորից նշեց, որ Հայաստանի նախագահի պաշտոնական դիրքորոշումը կհրապարակվի օրենքով նախատեսված ժամկետներում, նախագահի աշխատակազմը հանրությանը հանդիպման մասին կիրազեկի:
Խոսելով միջնորդների հայտարարության մասին՝ Էդուարդ Շարմազանովն ասաց. «Համանախագահների հայտարարության բառապաշարը համահունչ էր հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ապրիլյան թեզիսների ղարաբաղյան կարգավորման ուղղությանը: Այնտեղ հստակ նշված էր վստահության մեխանիզմների ամրապնդման մասին, նշվում է զինադադարի պահպանելիության մասին, այսինքն՝ այն միտքը, այն մեսիջները, այն թեզիսները, որը տվել է հանրապետության նախագահը ապրիլյան պատերազմի ժամանակ եւ դրանից հետո, հիմնականում տեղ են գտել համանախագահների հայտարարության մեջ»,- ասաց նա:
Շարմազանովը հիշատակեց «թերահավատներին», որոնք նշում էին, որ Սարգսյանի գնահատականների կոշտացումը կարող է հանգեցնել ԼՂՀ հիմնախնդրի շուրջ ստեղծվող տարաձայնությունների, համանախագահների եւ Հայաստանի կարծիքի տարանջատման, սակայն ըստ պարոն Շարմազանովի՝ նրանց կանխատեսումները չիրականացան:
Կարդացեք նաև
ՀՀԿ խոսնակը խոսեց նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ տնտեսության բարենորոգումների մասին արված հայտարարության մասին: Նա նշեց, որ այն տեղավորվում է Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ին արած հայտարարության համատեքստում:
Ըստ Շարմազանովի՝ երկրի կառավարման թերություններն իրենք ավելի վաղ են նկատել:
«Ապրիլյան քառօրյա պատերազմը ցույց տվեց մեր ե՛ւ դրական, ե՛ւ բացասական կողմերը: Ոչ սովորական իրավիճակ էր: Միշտ ճգնաժամային իրավիճակում երեւում են պետության, օրգանիզմի պլյուսներն ու մինուսները, եւ բնականաբար ապրիլյան քառօրա պատերազմը ավելի ցայտուն դարձրեց ե՛ւ մեր առավելությունները, ե՛ւ մեր թերությունները, եւ շատ դրական է, որ կառավարությունը պատրաստակամ է տեսնել իր թերությունները, պատրաստակամ է լուծել իր թերությունները, եւ պատրաստակամ է ասել հանրությանը, որ բավարար չէ մինչ այս ստացած արդյունքը»,- ասաց պարոն Շարմազանովը՝ նշելով, որ երբ ասում են, թե բավարար չէ, չի նշանակում, որ ոչինչ չի արվում:
Ըստ նրա՝ պատերազմով պայմանավորված չեն եղել իրենց գործողությունները, պատերազմը պարզապես արագացրել է բարեփոխումների ընթացքը եւ խնդիրների լուծման անհրաժեշտությունը:
«Այս հարցերը օրակարգ են բերվել փետրվարի 12-ին՝ հանրապետության նախագահի համոզմունքից ելնելով, պարզապես կրկնում եմ՝ ապրիլյան պատերազմը արագացրեց գործընթացը»,- ասաց ՀՀԿ խոսնակը:
Շարմազանովը լրագրողներից մեկի դիմումով անդրադարձավ Եվրատեսիլի հայաստանյան մասնակից Իվետա Մուկուչյանի՝ Արցախի դրոշը ծածանելուն. «Շատ էլ լավ է արել, որ ծածանել է, մեր մասնակցի իրավունքն է՝ Մեծ Հայքի դրոշը բարձրացնի, թե Տիգրան Մեծի ժամանակների Հայաստանի դրոշը բարձրացնի»:
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ