«Պարգեւատրվել եմ մարտական առաջադրանքները կատարելու համար: Առաջնագծում եմ եղել, տարբեր առաջադրանքներ եմ կատարել, մարտական հերթափոխ եմ իրականացրել, ապրիլի երեքին գնացել եմ, մի քանի օր է՝ ինչ վերադարձել եմ»,- Aravot.am-ին ասաց Զարզանդ Նիկողոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչի համար պարգեւատրվեց:
«Առաջնագծում բոլորն են մարտական առաջադրանք ու մարտական հերթափոխ կատարում: Եվ այդ բոլորի մեջ առանձնացնել Զարզանդ Նիկողոսյանին ու պարգեւատրել, կարող է միայն Մանվել Գրիգորյանն անել: Դա արդեն զավեշտի է վերածվում, անհարմար է: Խաղաղության տարիներին, կարծում եմ՝ զորավարը նախ եւ առաջ պետք է մտածեր՝ զինվորին ի՞նչ է հասնում, ի՞նչ չի հասնում, ոչ թե պարզապես եռասերունդ, քառասերունդ ասեին, բյուջեից փողեր ստանային ու հետո հասկանայինք, որ այդտեղ ահռելի բացթողումներ ունենք: Այսքանից հետո գնալ այնտեղ հասնել ու շքանշաններ բաժանել, պատիվ չի բերում, անպատիվ արարք է նույնիսկ իշխանությունների կողմից մեծարված զորավար Մանվել Գրիգորյանի համար: Այդ արարքների համար միշտ ժպտացել ու ցավել եմ: Ինչ են ուզում ասել, պարզ չէ, թե իրենց թվում է՝ շքանշան բաժանելը տունտունիկ է՝ արհամարհելով հարյուրից ավելի զոհերին, որ ունեցանք: Ես դա վիրավորանք եմ համարում՝ անկախ նրանից՝ շքանշան տվողի անունը Մանվել Գրիգորյան է, թե Սեյրան Օհանյան»,- մեզ հետ զրույցում ասաց ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ