Վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ արդյունավետ պետություն կառուցելու, կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքարելու, պետական ապարատի ծախսերը կրճատելու մասին այսօր հնչեցրած հայտարարությունը «Կոմպաս» գիտահետազոտական, կրթական կենտրոնի փորձագետ, տնտեսագիտության թեկնածու Կարեն Պետրոսյանի տպավորությամբ մեղայական ելույթ է հիշեցնում:
Տնտեսագետը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Վարչապետի հայտարարության մեջ հստակ երեւում են որոշակի զղջման ու խոստովանության տարրեր, որովհետեւ նշվում է, որ պետությունը շռայլել է որոշակի գումարներ, դա իր առաջին հայտարարությունից է երեւում:
Երկրորդը, որ ունեն չափից շատ պետական աշխատողներ, որն անիմաստ չարաշահված է, եւ միգուցե դա տարիներ շարունակ եղել է ռեսուրս իշխանության վերարտադրության համար, և եթե այդպես էլ չէ, միջոցները վատնվել են:
Եվ երրորդը՝ ֆիքսվում են նաեւ տնտեսական գործոնները, մասնավորաբար մենաշնորհները, այսինքն մենք փաստում ենք, որ այս ամենը ունենք: Հիմա հրապարակային խոստովանությունը լավ բան է, բայց արդյոք սրան հաջորդո՞ւմ է հատուցումը, եթե տարիներ շարունակ թալանվել են պետական ռեսուրսները, ազգային ռեսուրսները, մարդկանց բիզնեսներին են վնաս եղել, որովհետեւ հանդուրժվել են մենաշնորհներ, ապա ո՞վ է այս ամենի համար հատուցելու:
Կարդացեք նաև
Եթե կա երկրում նման հանցագործություն, ապա ո՞վ է պատասխանատու, եթե կառավարությո՞ւնն է, կառավարությունը չպիտի ասի այսօրվանից սկսում ենք նոր էջից, կառավարությունն ասում է՝ ես հրաժարական եմ տալիս, էս քանի հոգին էլ դատվում են կամ պատասխանատվության են ենթարկվում: Եթե տնտեսական մրցակցության կարգավորման հանձնաժողովն է մեղավոր, ուրեմն իրենք ենք պատասխանատվության ենթարկվում, եթե պաշտոնական դիրքը չարաշահել են այլ չինովնիկներ կամ իրենց մենաշնորհային դիրքը չարաշահել են տնտեսական սուբյեկտները, ուրեմն բոլորը պետք է պատասխանատվության ենթարկվեն: Այսինքն, կանչել գերատեսչության ղեկավարներին, հանձնարել, որ գնան ստուգեն փաստը, որը դու արդեն արձանագրում ես, դա մի քիչ անհասկանալի է: Դու ասում ես, որ սրանք կան, բայց գնացեք ստուգեք: Ստուգեիք, անվանական գտնեիք՝ ովքեր են, հետո նոր ասեիք, որ կա, երբ որ ասում եք կա, գնացեք ստուգեք, սա արդեն անարժահավատ է դառնում, այսինքն դառնում է PR-ի խնդիր ու ոչ հատուցման»:
Ըստ մեր զրուցակցի, հանրությանը անվանական ցանկ ներկայացնելուց բացի, պետք է ներկայացնեն հստակ գործիքներ, որպեսզի չընկալվի որպես հերթական պոպուլիստական, նախընտրական հայտարարություն: «Եթե երկրի կառավարության առաջին դեմքն է նման հայտարարություն անում (կարծում եմ, որ երկրի առաջին դեմքի հետ էլ է հստակեցրել այս մեսիջը), եթե քրիստոնեական լեզվով ասենք, սա մեղքերի խոստովանություն է, բայց ապաշխարության ամենակարեւորը մասը՝ հատուցումը որտե՞ղ է: Եթե իրապես զղջացել եք, դե ասեք՝ ովքե՞ր պետք է պատասխան կրեն ու ինչպե՞ս պետք է այս հարցը լուծվի»:
Կառավարության ղեկավարի ելույթի՝ մենաշնորհների դեմ պայքարելու մասն էլ, տնտեսագետն այսպես վերլուծեց. «Մենաշնորհները հետանկախացման մեր երկրի գլխավոր տնտեսական չարիքն են եղել, կա եւ, անկեղծ, շատ դժվար եմ պատկերացնում, թե այս կառավարությունը ո՞նց պիտի դա վերացնի: Մենաշնորհներ կան թե՛ ներմուծման, թե՛ ներքին արտադրության ոլորտում, հիմա վարչապետը պետք է հստակ քայլեր ասեր՝ ի՞նչ իրավական ակտեր են փոխվելու մաքսային կամ հարկային օրենսդրության մեջ:
Տարիներ շարունակ, գիտեք, օլիգարխները եղել են պառլամենտում, մնացած պատգամավորների հետ համատեղ սպասարկել են իրենց մոնոպոլ դիրք գրավելու շահերը, սա երկար պրոցես է եղել, մի օրում չի կառուցվել այս մոնոպոլիան: Հիմա ի՞նչ իրավական լուծումներ է առաջարկում վարչապետը, դա հստակ խնդիր պետք է լինի, այսինքն մինչ այս կարգի հայտարարություն անելն, անհրաժեշտ է նախ ուսումնասիրել ինչի՞ հաշվին կառուցվեցին մոնոպիալները:
Օրինակ՝ ուսումնասիրվեր մաքսային օրենսդրությունը, ինչո՞ւ է մաքսային արժեքի որոշումը մեկի համար ուրիշ, մյուսի համար ուրիշ, ինչո՞ւ մեկը կարող է բերել ուրիշ գնով մաքսազերծի, մյուսին ուրիշ գնի հաշվարկ պիտի անեն, մի հատ խրթին ընթացակարգ: Պարզեիք, մի քայլ անեիք, ասեիք՝ զղջացել ենք, էս էլ մեր հատուցումն է: Ինչո՞ւ հսկայական ներմուծողներ չեն ձեւակերպում իրենց ապրանքները, շուկայում արհեստականորեն ունենում են մենաշնորհային դիրք: Այսինքն՝ թողնում են, գնաս բերես, քեզ չեն ասում մի բեր, հիմա ռեկետն ավելի մեղմ է դարձել, ասում են՝ գնա բեր, բայց դու կբերես, մաքսային բարձր արժեքով կմաքսազերծես, էն մյուսը ընդհանրապես մաքսային վճար չի տա, ու շուկայում ինքը քեզ կտա մի գնով, որ քո ինքնարժեքից ցածր է, դու էլ այլեւս մրցակցային միջավայրում չես լինի:
Ինչո՞ւ այսօր չի խոսում տնտեսական մրցակցության հանձնաժողովի տուգանքների չափի մասին, տուգանում են մեկ միլիոն դրամ, երբ որ մարդը, մոնոպոլ դիրքը օգտագործելով, ստացել է 5 միլիարդ դրամի օգուտ: Բերեք օրենսդրական նախաձեռնություն, որ օգուտի քառապատիկը պիտի վճարի, ոչ թե մեկ միլիոն դրամ: Ինքը եթե մենաշնորհի դեպքում օգուտ է ստացել, քառապատիկը պետք է հատուցի եւ ոչ թե մեկ միլիոն հատուցի, հինգ միլիարդ օգուտ ստանա, ո՞վ է ում վրա ծիծաղում, էսպես մենաշնորհ կարելի՞ է վերացնել:
Շատ կարեւոր մեկ ուրիշ բան. թույլտվություններ, ընթացակարգեր, պետք է հստակեցվի, եթե որեւէ մեկը իշխանության տարբեր օղակներում ունի կապեր, ծանոթներ եւ այլն, կոռուպցիայի մասին է խոսվում հատուկ, դա պետք է չբավարարի, որ այդ մարդը ունենա գործունության թույլտվություն, մյուսները չունենան կամ թույլտվության վճաները այնքան լինեն, որ միայն խոշորներին հասու լինեն:
Խոսում են փոքր ու միջին բիզնեսի խնդիրների մասին, դուք մի հատ նայեք, որ փոքր ու միջին բիզնեսին ֆինասավորում եք, ձեր՝ կառավարության ծրագրով ֆինասավորած բիզնեսից քանի՞ տոկոսն է, որ կենսունակ է: Սրանք հարցադրումներ են, որ պետք է պատասխաններով կառավարության ղեկավարը հանդես գա, ոչ թե հայտարարություն անի, որ սրանք կան, պետք է լուծումներով հանդես գա, որովհետեւ այն, ինչ կառավարության ղեկավարն ասել է, դա որեւէ մեկի համար՝ պահակից մինչեւ երկրի նախագահ, գաղտնիք չէ:
Անհրաժեշտ է PR-ից անցել լուծումների, ոչ թե ասես հանձնարարենք այս մարդկանց գնան ուսումնասիրեն, բա էդ մարդիկ էն ժամանակ չէի՞ն աշխատում, որ հանձնարարկան են տրվել, որ այդ գործերն անեն: Մինչեւ այժմ ի՞նչ են արել, իմ տված հարկերը ի՞նչ են արել էս մարդիկ, բերեք էդ փողերը վերադարձրեք, իրենց 4-5 տարվա աշխատավարձը հետ տան բյուջե, համաձայն եմ՝ սկսենք զրոյից»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ