«Երբ փոքր էի, հորս հետ հաճախ էինք զբոսնում Դիլիջանում: Կարող էր, օրինակ, խնդրել ինձ, որ կռանամ ու մանուշակից հոտ քաշեմ: Երեխա էի, կարևորություն չէի տալիս այդ ամենին, բայց նրա «խաթր» անում էի: Հիմա եմ զգում՝ ինչքան մեծ բան է նա ինձ փոխանցել՝ սեր բնության, գեղեցիկի հանդեպ, որ կարողանամ մի պահ կանգ առնել ու գնահատել այդ գեղեցիկը»,- Aravot.am-ի հետ զրույցում հիշում է կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի որդին՝ Արշակ Միրզոյանը:
Այսօր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր, կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի ծննդյան 95-ամյակն է: Այդ կապակցությամբ Կոմիտասի անվան պանթեոն էին այցելել կոմպոզիտորի ընտանիքի անդամները, հասարակական-քաղաքական, մշակութային գործիչներ, ուսանողներ և այլք:
«Այսօր տոն է, ու պետք է տոնենք: Չենք մտածում, որ նա մեզ հետ չէ․ շարունակում է մեզ հետ լինել թե իր երաժշտությամբ, թե սուր հումորով, թե իմաստությամբ ու բարությամբ: Երբ ողջ էր, ամեն տարի նրա ծննդյան օրը մաման ջղայնանում էր, թե՝ գոնե ասա՝ քսա՞ն հոգի է գալիս, թե՞ հիսուն, ասում էր՝ չգիտեմ ինչքան մարդ կգա, բաց դռների օր է․․․ Ինչքան հեռանում են այդ օրերը, հիշողություններն ավելի են քաղցրանում»,- ասաց կոմպոզիտորի որդին:
Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի գնահատմամբ՝ Էդվարդ Միրզոյանը երբեք քանակի հետևից չի ընկել, անհաջող գործ գրեթե չի գրել։
Կարդացեք նաև
«Յուրօրինակ արվեստագետ էր։ Մշտապես ձգտում էր կատարյալին։ Ստեղծագործելիս մեծագույն տառապանքի՝ որոնողական մտքի, կասկածների միջով է անցել, ինչը վերադառնում է մեզ՝ իբրև բացարձակ հեշտ գրված գործ, որովհետև երկար հղացված է: Միայն սիմֆոնիան (Սիմֆոնիա լարային նվագախմբի և լիտավրների համար, 1962 թ. -Ս․ Հ․) յոթ տարվա աշխատանքի արդյունք է։ Յոթ տարի նվագել է առանց որևէ բան գրի առնելու: Գործընկերներն են ստիպել, որ նստի ու գրի առնի»,- պատմեց նա։
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ