Լրահոս
Օրվա լրահոսը

Հերոսի կինը` Էլզան, չգիտի 3-ամյա Ֆլորային ինչպես ասի, որ պապան այլեւս չի գալու

Մայիս 12,2016 21:38

3-ամյա Ֆլորան ամեն օր մորը հարցնում է` մամ, պապան ե՞րբ է  գալու, զանգի պապայի հետ խոսամ: Արցունքները խեղդելով մայրը` Էլզան, որն ընդամենը 20 տարեկան է, եւ դեռեւս ինքը կարիք ունի մայրական գուրգուրանքի, չգիտի երեխային ինչպե՞ս ասի, որ հայրն այլեւս չի գալու: Որքան էլ ասում է, որ` «պապան հերոս» է դարձել կամ երկնքում է, երեխան ոչ մի կերպ չի հասկանում, հաջորդ վայրկյանին փոքրիկը կրկին հորն է ուզում:

Ապրիլյան քառօրյա պատերազմն այս ընտանիքում էլ իր հետեւից թողեց որբացած երեխաներ: 2-ամյա Անգելինան եւ 3-ամյա Ֆլորան (լուսանկարում) մարտական գործողությունների ժամանակ Ջեբրայիլում ապրիլի 4-ին զոհված Վարդան Թադեւոսյանի երեխաներն են:

Vardan TadevosyanՀերոսի հարազատները պատմում են,  որ Վարդանը թեժ մարտերի ժամանակ արնաքամ է եղել, զրկվել է ոտքից, բայց չի նահանջել, զոհվել է՝ թշնամու բանակից երկու հոգու ոչնչացնելով:

Արդեն 38 օր է՝ երեխաներն առանց հոր են ապրում. երեխաների խնամքը, վշտի հետ միասին` մոր ուսերին է ծանրացել: Ամուսնու մահը խաթարել է ընտանիքի անդորրը:

Այս օրերին Էլզան երեխաների հետ Թալինում է` հորեղբոր տանն է ապրում, մինչեւ որ ամուսնու մահվան 40 օրը կլրանա: Երիտասարդ կինը չգիտի իր հետագա անելիքը, մոլորվել է. երկու փոքրիկ երեխաները ձեռքին՝ չի կողմնորոշվում ինչպե՞ս է կազմակերպելու հետագա կյանքը: Ո՛չ աշխատանք ունի, ո՛չ բնակարան:

Aravot.amի հետ զրույցում հերոսի կինը պատմեց, որ քառասունքից հետո Ջեբրայիլ է մեկնելու, իրերի հետեւից. Էլզան այլեւս չի կարող բնակվել զինվորականներին հատկացրած հանրակացարանում, ամուսնու մահից հետո հերոսի ընտանիքին տրամադրած սենյակը վերցնելու են: Նրա խոսքերով, այսպես թե այնպես, հանարակացարանը չունի կոմունալ հարմարություններ, բայց այդ ամենին դիմացել է, քանի որ ամուսնու կողքին է եղել:

Ի՞նչ եք անելու՝ հարցին ի պատասխան, Էլզան երկար լռում է ու ասում` չգիտեմ, երեւի վերադառնամ Հայաստան, բնակարան վարձեմ ու մի գործ գտնեմ: Երեխաներին պահելու համար միջոցներ հայթայթելու հարցն օր ու գիշեր երիտասարդ կնոջը հանգիստ չի տալիս:

Խոստացել են երեխաներին նպաստ նշանակել, բայց դեռեւս չեն զանգել եւ անհրաժեշտ փաստաթղթեր չեն պահանջել: Էլզան մասնագիտություն չունի, սակայն որոշել է վարսավիրի արհեստ սովորել ու այդ ճանապարհով գումար վաստակել, բայց մինչ այդ ընտանիքի ապրուստն անորոշ է: Հերոսի ընտանիքին անհատներ օգնել են, բայց պետական աջակցություն դեռ չի եղել:

Էլզան ծնունդով Թալինից է, սակայն փոքրուց բնակվել է Ղարաբաղում եւ այնտեղ էլ ծանոթացել Վարդանի հետ: Էլզան գիտի առանց հոր մեծանալու ցավն ու դժվարությունները եւ այդ պատճառով էլ սիրտը ցավում է երեխաների կարգավիճակի համար: Նա էլ դպրոցական է եղել, երբ հորը հիվանդության պատճառով կորցրել է: Ինչպես մեզ հետ զրույցում Էլզան է ասում` մոր կարիքը շատ է զգում, բայց քանի որ 4 եղբայրներն այս օրերին դիրքերում են, մայրը չի կարողանում նրանց թողնել ու իր հետ Հայաստան վերադառնալ: Էլզայի երկու եղբայրը պայմանագրային զինծառայող են, մյուս երկուսն էլ` կամավոր են մեկնել առաջնագիծ:

Ամուսնու ծնողները, եղբայրը նույնպես Ջեբրայիլում են բնակվում, չնայած դրան` Վարդանին հուղարկավորել են Շիրակի մարզի հայրենի գյուղում` Գետափում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031