«Հայաստանում կան հիմնական գործ անողներ եւ հոսանքի մեջ ընկնողներ: Հիմնական գործ անողն, օրինակ, օպերա է կառուցում, սիմֆոնիա է գրում, ֆիլմ նկարում… Բայց կան մարդիկ էլ, որ հասցնում են մի քանի բան անել, երեւի տաղանդավոր են, հասցնում են: Ամեն դեպքում լուրջ ուսումնասիրություն անելը բարդ գործ է… Ես, օրինակ, զենքը ձեռքիս չեմ կռվել, բայց այն ֆիլմերը, որ նկարում եմ՝ սկսած «Մեր թաղի ձայներից», «Կոնդից», ու «Սպիտակ քաղաքից», ամենամեծ քաղաքականությունն են, դրանք ազգի պատմության, ճակատագրի, տեսակի, հարաբերությունների, հոգեւոր կյանքի, դատարկության, սխալների, կտրվածության միայնակության մասին են: Դրանք ուսումնասիրություններ են, գիտական նյութեր, որոնց մեջ, փառք Աստծո, արվեստ կա, որովհետեւ ես առանց արվեստի կինո չեմ պատկերացնում»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է ճանաչված կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը:
Նրա համոզմամբ՝ լավ ֆիլմ անելը համազոր է ազգիդ սցենարը գրելուն, իսկ այդ սցենարը, ըստ նրա, չպետք է լինի հորինված կամ ծայրահեղությունների մեջ ընկնելու արդյունքում ծնված: «Ես տեսել եմ, թե ոնց են ոմանք, օրինակ, պոետները, գրում ազգի պատմության մասին, էն էլ ջղային ժամանակ, հայոյելով ազգին, կամ էլ էյֆորիկ վիճակներում՝ անիմաստ գովերգելով»,-նշում է կինոռեժիսորը:
Հարություն Խաչատրյանն իր ֆիլմերով բազմիցս փաստել է, որ արվեստների մեջ կինոն ամենակարեւորներից է՝ մեր մասին խոսելու, ինչպես ինքն է ասում՝ մեր եղած չեղածը, րոպեականը, վայրկենականը, հերոսությունն ու թերությունները ասելու-ցուցադրելու համար:
Հարություն Խաչատրյանի հետ հարցազրույցի մանրամասները՝ մայիսի 13-ի տպագիր «Առավոտում»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Հարություն Խաչատրյանի ֆեյսբուքի էջից