Լրահոս
Օրվա լրահոսը

Բորիս Նավասարդյան. «Վստահորեն ասել, որ ԶԼՄ-ները նպաստում են կանանց դեմ բռնությանը, ճիշտ չէ»

Մայիս 12,2016 19:28
boris navasardyan

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով` դժվար է վստահորեն ասել, թե ուղիղ կապ կա կանանց նկատմամբ բռնությունների և ԶԼՄ-ների հաղորդումների միջև: Նշենք, որ  «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության»  կոալիցիան, «Կնասպանությունը Հայաստանում․ լուռ համաճարակ» թեմայով զեկույցը պատրաստելով, եկել է այն եզրահանգման, որ «շատ դեպքերում կանանց դեմ բռնություններին նպաստում են նաև ԶԼՄ-ները։ Ամենահայտնի հեռուստատեսային ծրագրերից շատերը, ամրապնդում են կանանց ստորադասող և հայրիշխանական նորմերը՝ տարածելով բռնության ու ճնշումների միջոցով կանանց վերահսկելու գաղափարը»:

Aravot.am-ի հարցին` արդյոք ճի՞շտ է ուղիղ կապ տեսնել ԶԼՄ-ների աշխատանքի և կանանց դեմ բռնությունների միջև, պարոն Նավասարդյանը պատասխանեց. «Մենք կոնկերետ այս թեմայով երբևէ ուսումնասիրություն չենք կատարել, բայց զուտ պատահական տպավորությամբ կարող եմ ասել, որ ընդհանրապես մեր շատ հաղորդումներ, եթե հեռուստատեսության մասին է խոսքը, սերիալներ ու նմանատիպ հաղորդումներ, փորձում են երբեմն նաև գռեհիկ  ձևով ներկայացնել իրականությունը: Չի կարելի բացառել, որ այնտեղ որոշակի դրսևորումներ գենդերային հարցերին վերաբերող կամ անհավասարությանը` կին և տղամարդ հարաբերություններում, կարող են լինել: Չի բացառվում, որ նույն այդ դրսևորումները կարող են իրական կյանքում ազդեցություն ունենալ հարաբերությունների վրա: Բայց արդյոք նման ուղիղ կապ կա՞, վստահորեն ասել շատ դժվար է: Դրա համար երևի թե հատուկ ուսումնասիրություն է պետք և՛ սոցիոլոգիական, և՛ մեդիա բովանդակության: Այս պահին որպես տագնապ հնչեցնելու միջոց այդպիսի դրույթ կարևոր է, որ լինի զեկույցում, բայց որ հաստատակամ ասենք` արտացոլում է իրական խնդիրները, երևի թե ավելի լուրջ ու խորը ուսումնասիրություններ են պետք»:

Զեկույցի մյուս եզրահանգումն այն էր, որ իշխանությունները ևս նպաստում են կանանց դեմ բռնությունների աճին. «Մինչ օրս չկա ընտանեկան բռնությունը կարգավորող օրենսդրություն, և այդ իրավիճակի պահպանումը շարունակում է խոչընդոտել կանանց՝ օգտվելու իրենց անվտանգության ու պաշտպանված լինելու մարդու հիմնարար  իրավունքներից»:

Պարոն Նավասարդյանից հետաքրքրվեցինք` ո՞րն է այս ձգձգման պատճառը, նա հիշեցրեց, որ եվրոպական շատ կառույցների հետ մեր կառավարությունը քննարկում է այդ թեման, որը ժամանակին նախապայման էր ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիր ստորագրելու համար: Հարցը մինչև հիմա օրակարգում է գտնվում:

Լուծման ձգձգման պատճառը պարոն Նավասարդյանը մի քանի գործոններով է պայմանավորում. «Բավականին ուժեղ են պահպանողական տրամադրությունները մեր հասարակության և քաղաքական վերնախավի մոտ, ինչպես նաև կապված է արդարադատության, հանդուրժողականության, խտրականության բացառման հետ: Դերակատարություն ունեն նաև աշխարհաքաղաքական զարգացումները: Քանի որ ՀՀ-ն հայտնվել է Եվրասիական միությունում, և գաղափարական-քաղաքական բավականին մեծ ազդեցություն կա մեզ վրա Ռուսաստանի կողմից, ապա այն նույն խնդիրները, որոնք ՌԴ-ում ստանում են համապատասխան լուծում, նույն կերպ նաև հասնում են ՀՀ: Ու չնայած երկխոսությունը ԵՄ-ի հետ շարունակվում է,  բայց կան խանգարող հանգամանքներ, որոնք էլ դանդաղկոտության և հաճախ նաև չկամության պատճառ են դառնում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031