Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի՜նչ լավ է ասված. «թերությունները շտկելու ժամանակն է»: Հրա՜շք…

Մայիս 12,2016 17:43

Երբ վարչապետն ասում է «մեր ռեսուրսները սահմանափակ են», տարակուսում ես և ուզում ես հարցնել. ու՞մ ռեսուրսները. Հայաստանի Հանրապետությա՞ն, թե՝ կառավարության կաբինետի անդամների:

Եթե Հայաստանի՝ այո, եթե կառավարության կաբինետի՝ հաստատապես՝ ոչ: Կարելի է հաշվել կառավարության անդամների, նրանց աշխատասեր տիկնանց, տարատեսակ վարչությունների պետերի, նրանց ժրաջան տիկնանց ևս՝ օրենքով հայտարարագրված եկամուտները (օրենքովը միայն), գումարել պատգամավորներինը՝ առանց նրանց աշխատատենչ տիկնանց մոռանալու, և համոզվել, որ ռեսուրսները սահմանափակ չեն:

Համոզվել, որ նրանց ռեսուրսներն ավելին են, քան Հայաստանի Հանրապետությանը: Ի դեպ, այդ հաշվարկը մի քանի ժամ կարող է տևել ընդամենը, եթե դրան միանան (քանի դեռ չեն օպտիմալացվել) վարչապետի տաս խորհրդականներն ու չորս օգնականները: Երբ այդ շլացուցիչ թվերը հանրագումարային տեսքով հայտնվեն վարչապետի սեղանին, կարելի է շատ ներկայացուցչական հանձնաժողով ստեղծել՝ պարզելու այդ գումարների ծագման օրինականությունը, սահմանադրականության խախտման անչափելի օրինակները, քրեորեն պատժելի արարքների սահմանը, և անշուշտ, կարելի է առաջարկել գոնե ինքնահրաժարականներ՝ դիմումները հանձնելով իրավապահ մարմիններին:

Երբ վարչապետն ասում է «…պետք է անցնենք խնայողության առավել խիստ ռեժիմի: Պետք է ձևավորենք առավել քիչ ծախսատար պետական կառավարման ապարատ: Պետք է կրճատենք այն ծախսերը, որոնք չունեն էական ազդեցություն իրական արդյունքի վրա…գործուղումները, ներկայացուցչական ծախսերը, վերանորոգումները, ծառայողական մեքենաները և այլն», տարակուսում ես և ուզում ես հարցնել. իսկ ո՞վ պետք է պատասխան տա անցած տարիների անխնա ռեժիմի, մեծածախս պետական կառավարման ապարատի, արված անիմաստ գործուղումների, ներկայացուցչական փուչ ծախսերի, կառավարական սեղաններին բազմած այսբերգաչափ ծաղիկների, շքեղ վերանորոգումների, ծառայողական թանկարժեք մեքենաների համար:

Ազնիվ չէ սեփական աշխատասենյակների ոսկեզօծումից հետո վերանորոգումը մեղքերի շարքին դասել: Թե՞ ինքնախարազանում է վարչապետի ելույթը: Կարելի է մեկ ժամվա ընթացքում «Հրազդան» ստադիոնի հարակից տարածքում հավաքել ամբողջ Հայաստանի կառավարական մեքենաները (պետական բյուջեով գնվածները) նաև ճշգրտել պետական համարանիշերով ավտոմեքենաների իդենտիֆիկացիան (ի դեպ, այդ հանձնարարությունը երկրի նախագահն էր տվել) և տեսնել, թե ինչ ահասարսուռ պատկեր կուրվագծվի:

Այլապես դժվար է տեսնել, թե ինչպես են տարբեր պճնվածության կանայք պետական համարանիշերով թանկարժեք ու ծախսատար հսկա ավտոմեքենաներ վարում «քոսոտ երկրում» (բնորոշումը գիտական է) ՝ հաճախ դես ու դեն հարվածելով, տեսնել, թե ինչպես են, ասենք սփյուռքի նախարարությունում սկավառակի վրա ձայնագրում պետական օրհներգը և հավատալ, որ անցնում ենք «ավելի արդյունավետ պետության», կամ որ «պետական կառավարման ապարատը պետք է դառնա ավելի կոմպակտ»: Եվ հարկ չկա փարիսեցիության՝ ասելու, թե պետական պաշտոնյաներն իրենց անձնական օգտագործման մեքենաներն օր ու գիշեր վարում են պետական կարիքների համար՝ ի դեպ, որպես վարորդ «շահագործելով» կանանց, կամ որ սփյուռքի նախարարի հետ լուսանկարվում են ի փառս պետության:

Երբ վարչապետն ասում է «Դա, իհարկե, մեկ օրվա խնդիր չէ, սակայն մենք օպտիմալացման նպատակով պետք է մինչև 2017 թվականի բյուջետային քննարկումների մեկնարկը ունենանք մանրամասն վերլուծություն», մի առաջարկություն է հասունանում. խնդրել վարչապետի տաս խորհրդականներին և չորս օգնականներին մի քանի ժամ աշխատավարձի հաշվին ուսումնասիրել հայկական մեդիան և կազմել կոռուպցիայի, թալանի, բյուջեի հոշոտման «մանրամասն վերլուծությունը»՝ չսպասելով 2017-ին: Այլապես հետագայում կպարզվի, որ մի քանի միլիոն դոլար ենք ծախսել պետական բյուջեից «մանրամասն վերլուծության» վրա:

Երբ վարչապետն ասում է «…կոռուպցիոն երևույթներն ըստ մարմինների պետք է դառնան առանձին չափման առարկա, այդ թվում՝ սոցիոլոգիական հարցումների միջոցով: Թե՛ մարմինների ղեկավարները և թե՛ կոռուպցիայի դեմ պայքարող իրավապահները պետք է հանրային հաշվետվություն ներկայացնեն այդ ցուցանիշների դինամիկայի հետ կապված: Վատթարացող կամ անփոփոխ վիճակի պարագայում մենք հետևություններ կանենք, այդ թվում՝ կադրային հարցերում», կրկին տարակուսում ես և արձանագրում, որ «վատթարացող կամ անփոփոխ» իրավիճակի մասին կառավարությունում, փաստորեն տեղեկատվություն չկա: Ժամ առ ժամ հարստացող պետական պաշտոնյաները կոռուպցիայի իրավիճակի ցուցիչ չեն, փաստորեն: Պետական բյուջեի վատնումները ցուցիչ չեն: Նույնիսկ Իշխան Զաքարյանի դարակազմիկ բացահայտումները ցուցիչ չէին: Աստծո սիրուն, սոցիոլոգիական հարցումների համար բյուջեից ծախս անելու անհրաժեշտություն չկա: Մանավանդ, որ արդեն տասնամյակներ ընդամենը մի հարցում անցկացնող ունենք: Սոցիումի հետ շփվելու անհրաժեշտություն կա ուղղակի:

Եվ հավանաբար վերջին տարակուսանքը. վարչապետն ասում է «Հանձնարարում եմ էկոնոմիկայի նախարարին և առաջարկում եմ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին, Հայաստանում գործող տարբեր միջազգային կառույցների ներգրավմամբ, ամենասեղմ ժամկետում՝ առավելագույնը երեք շաբաթվա ընթացքում, վերլուծել Հայաստանում առկա մենաշնորհները, դրանց ազդեցությունը ազատ մրցակցային պայմաններ ունենալու վրա և առաջարկել արդյունավետ լուծումները, որոնք կարող են շտկել ստեղծված իրավիճակը, իսկ նոր վերակազմավորված Պետական եկամուտների կոմիտեին՝ շարունակել ակտիվ և հետևողական աշխատանքներ իրականացնել՝ ուղղված բյուջեի հարկային եկամուտների ապահովմանը, ՓՄՁ-ների նկատմամբ մեղմ վարչարարության իրականացմանը, մաքսային և հարկային ոլորտներում ռիսկերի արդյունավետ կառավարմանը, տնտեսվարող սուբյեկտների գործունեության անհարկի միջամտության երևույթների վերացմանը, տնտեսվարման հավասար պայմանների ապահովմանը»:

Երկարատև և բուռն ծափահարություններից առաջ կարելի է ուղղակի զարմանալ, որ առայսօր այդ վերլուծությունը չի եղել:

Կարելի է՞ արդյոք կառավարությանը մեղադրել հանցավոր անփութության, անգործունակության, անճարակության, անձեռնահասության մեջ: Անկասկած՝ այո: Այդ դեպքում կարիք չկա սպասել 2017-ին կամ սահմանադրական բարեփոխումների ավարտին: Կարելի է որոշումներ ընդունել, հրամանագրեր ստորագրել, հրամաններ տալ և այլն:

Հ.Գ. Ի դեպ, երբ վարչապետը պատրաստվում էր հեղաշրջել Հայաստանը, ԱԺ փոխխոսնակի ամուսինը կառավարության շենքի առաջ պատռում էր ցուցարարների պաստառը՝ որպես «հանրային երկխոսության» լավագույն օրինակ: Մինչ Արծվիկ Մինասյանը՝ չիմանալով, թե ինչպես, ջանում է զոհվածների ընտանիքների համար աշխատանքի ու եկամուտների հնարավորություն ստեղծել (ի՜նչ վեհանձնություն կառավարության կողմից), զոհվածների ընտանիքները պարտք արած փողով քառասունք են նշում, իսկ եռաբլուրում պետությունից մարդ չկա: Մինչ մենաշնորհների դեմ պայքարը կմտնի հունի մեջ ու կոռուպցիայի դեմ անխնա կռիվ կտրվի, Թալիշում զոհվածի շուշեցի տասներեքամյա տղան ուզում գոնե «խոզերը շատացնի», որ ընտանիքը պահի: Ինքն է մնացել:

Հ.Գ. Չգիտեմ, առաջարկություններս ուղարկե՞մ Դավիթ Հարությունյանի էլ. փոստի հասցեին, թե…Եվ, ի դեպ, ինչու՞ վարչապետի հայտարարությունը հնչեց հենց զոհերի քառասունքի օրը: Խորհրդականներն ու օգնականները աշխատել էի՞ն, թե՝ չէին աշխատել:

Արայիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031