Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր կառավարության նիստից հետո անդրադառնալով քառօրյա պատերազմում ծանր վիրավորում ստացած զինծառայողների բուժմանը, նշեց, որ արդեն մի քանի հիվանդների տեղափոխել են Կարմիր խաչի վերականգնողական կենտրոն.«Կուզեի առանձնահատուկ նշել, որ հաջողություններ են գրանցվում: Մասնավորապես, տղաներից մեկի հետ, Հայկի հետ, որը որ գլխուղեղի ներթափանցող վնասվածք ուներ, ես անձամբ իր հետ քայլել եմ: Մեր մյուս Հայկը եւս խոստացավ, որ 4 շաբաթ հետո եւս կփորձի ոտքի կանգնել, եւ կուզեի, որ թերահավատություն չլինի հայկական բժշկության հանդեպ»:
Ինչ վերաբերում է ծանր վիրավորում ստացած Ռուբեն Առաքելյանի եւ Արման Լազգիյանի ծնողների՝ իրենց որդիներին արտերկիր տեղափոխելու պնդմանը, նախարարն ասաց. «Մենք չենք կարող այս հարցում զերծ լինել հուզական կոմպոնենտից, որը պարբերաբար լսում ենք ծնողներից ու հարազատներից: Բայց շատ սթափ քննարկում ունեցանք, ծնողներն էլ համոզվեցին, որ Հայաստանում հնարավոր են բուժման այն եղանակները, որն իրենք տեսնում են արտերկրում: Սակայն ծնողներն, անկախ ամեն ինչից, հասկանալով, որ Հայաստանում այդ հնարավորությունը կա, պնդում են նրանց տեղափոխել արտերկիր: ՀՀ կառավարության որոշումը վերաբերում է այն դեպքերին, երբ Հայաստանում անհնար է կիրառել բուժական այս կամ այն տեխնոլոգիան կամ մասնագետի առկայությունը: Իրենք համոզվեցին, որ Հայաստանում սա հնարավոր է, եւ մեր երկիրը փորձ ունի, սակայն ցանկություն են հայտնում ամեն դեպքում տեղափոխել արտերկիր: Մեր աշխատանքը կլինի այստեղ այդ ամբողջ ընթացակարգային գործընթացն ապահովելն ու բարերարների հետ աշխատանք տանելը: Ես կարծում եմ՝ արդեն բարերարներ կան, իրենք փոխանցումներ ունեն»:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Մուրադյանը նաեւ նշեց, որ պետք է հաշվի առնել նաեւ այն հանգամանքը՝ արդյոք տղաներն ի վիճակի են թռիչքին դիմանալ.«Ռիսկերը բարձր են, ծնողներին մանրակրկիտ բացատրվել է եւ զինվորի բուժումն արտերկրում իրականացնելը նրանց իրավունքն է»:
Ըստ նախարարի, զինծառայողներին բուժման համար արտերկիր հնարավոր է տեղափոխել պետական միջոցներով, այն դեպքում, եթե մեր երկրում չկա մասնագետների եւ տեխնոլոգիաների հնարավորություն: Մինչդեռ, նախարարը վստահեցնում է, որ Հայաստանում հնարավոր է բուժումը: Փաստորեն, զինծառայողների ծնողները, եթե որոշել են իրենց զավակներին տեղափոխել արտերկիր, ապա առանց պետական միջոցների են ստիպված դա անել:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ