Լրահոս
Օրվա լրահոսը

«Կուզե՞ք անդրադառնամ Սերժ Սարգսյանի գործուղումներին». Փոստանջյանը Հովիկ Աբրահամյանին առաջարկում է «վերեւից» սկսել

Մայիս 12,2016 16:55

«Ես ընդհանրապես հավատով մարդ եմ, բայց իրենց չեմ հավատում: Իրենք պետք է փաստերով խոսեն: Խոսքերը դեռ հավաստի չեն, իրենք պետք է ներկայացնեն դրա վերաբերյալ ապացույցներ: Մինչեւ ապացույցը չտեսնեմ՝ չեմ հավատա»,- Aravot.am-ի հետ զրույցում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարության  հետ կապված, որ պատրաստվում են լուրջ կրճատումներ անել, գործուղումների, ներկայացուցչական ծախսերը կրճատել՝ այսպես արձագանքեց «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Նրա խոսքերով՝ ծախսերի կրճատման մեծ տեղ կա. «Կուզե՞ք անդրադառնամ Սերժ Սարգսյանի գործուղումներին: Իր կողմից ՀՀ հարկատուների հաշվին ծախսվող գումարներին, որոնք վերաբերվում են նրա ինքնաթիռի թռիչքների կազմակերպմանը: Եթե մենք այստեղից սկսենք…իհարկե, ունենք տեղ եւ պետք է խնայենք: Մենք այն պետությունը չենք, որ կարող ենք նման շռայլություն մեզ թույլ տալ: Ամեն դեպքում չեմ կարծում, որ խնդիրներն ամբողջական կլուծվեն, որովհետեւ եթե նրանք ցանկանային խնդիրները ամբողջական լուծել, պետք է սահմանադիր օրենքներ ընդունեին, որոնք ժողովրդավար տրամաբանության ներքո են: Դրանցից մեկը Ընտրական օրենսգիրքն է: Դուք տեսնում եք Ընտրական օրենսգրքի հետ կապված ինչ դիրքորոշում ունի այսօրվա իշխանությունը»:

Զարուհի Փոստանջյանը Հովիկ Աբրահամյանին առաջարկում է, որ ոչ թե նախարարությունների ծախսերից սկսեն, այլ՝ հենց իր եւ Սերժ Սարգսյանի. «Եթե հաշվենք նրանց պահպանությունը որքան է կազմում, այդտեղից պետք է սկսենք: Նախ թող վերադարձնեն այն գումարները, որը տարել են: Առաջինը պետք է սկսել հենց Սերժ Սարգսյանից, կամ ինքը իրենից: Որպեսզի մենք կարողանանք մեր պետական միջոցները խնայել, դրանք պետք է մուտքագրվեն, մինչդեռ այսօր մարդիկ խուսափում են իրենց պետական պարտավորություններից, չկա որեւէ վերահսկողություն: Թույլ են տալիս, որ այդպես տեղի ունենա»:

Հարցին՝ կառավարությունում չգիտե՞ն մենաշնորհներն ում ձեռքում են, որ վարչապետը նոր է հանձնարարում էկոնոմիկայի նախարարին, որ ուսումնասիրի այդ հարցը՝ Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Կան հեղինակավոր կազմակերպությունների կողմից կազմված զեկույցներ, որտեղ ամեն ինչ մատնանշված է, ուղղակի այդ ամենին պետք է ընթացք տալ: Կա Վերահսկիչ պալատի զեկույց, թե ով որտեղից որքան է հափշտակել: Այնպես չի, որ նոր պետք է պարզեն: Ամեն ինչ պարզ է, դրանց վերաբերյալ կան զեկույցներ, ապացույցներ, այդ ամենին պետք է ընթացք տրվի, արդյոք տրվելո՞ւ է ընթացք: Չեմ հավատում»:

Զարուհի Փոստանջյանը վստահ է, որ եթե իշխանությունն իր շղթայի մի մասին որպես թիրախ ընտրի, «զոհաբերի»՝ ներքին դժգոհությունների լուրջ առիթ կտա: Կլինեն դժգոհ տրամադրություններ, որն իրենց ձեռնտու չէ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031