Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյան.Մենաշնորհների դեմ պայքարի զենքը նոր Սահմանադրությունն է (Տեսանյութ)

Մայիս 12,2016 16:24

Մենաշնորհների դեմ պայքարում էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի հույսը նոր Սահմանադրությունն է: Այսօր կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդես եկավ հայտարարությամբ, ըստ որի, վարչապետը ի թիվս մի շարք խնդիրների, անդրադարձել է կոռուպցիային եւ մենաշնորհներին. «Հանձնարարում եմ էկոնոմիկայի նախարարին եւ առաջարկում եմ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին, Հայաստանում գործող տարբեր միջազգային կառույցների ներգրավմամբ, ամենասեղմ ժամկետում՝ առավելագույնը երեք շաբաթվա ընթացքում, վերլուծել Հայաստանում առկա մենաշնորհները, դրանց ազդեցությունը ազատ մրցակցային պայմաններ ունենալու վրա և առաջարկել արդյունավետ լուծումները, որոնք կարող են շտկել ստեղծված իրավիճակը»:

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողներն Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեցին, թե ինչ է նախատեսում նախարարն անել մենաշնորհների դեմ պայքարում: Ըստ Մինասյանի, նոր Սահմանադրությամբ տրված կարգավորումներն են հնարավորություն տալիս հակամենաշնորհային ակտիվ քաղաքականություն վարել մեր երկրում. «Սահմանադրական կարգավորումով ասվում է շատ պարզ՝ մենաշնորհը երկրում արգելվում է: Ցանկացած մենաշնորհ պետք է բացառապես օրենքով սահմանվի: Առաջին հերթին օրենսդրական վերանայումների կարիք կա, երկրորդը՝ գործիքակազմի վերանայում ու հստակեցում»:

Դիտարկմանը, որ հանրությունը լուրջ չի ընդունում, երբ պաշտոնյաները խոսում են, որ պետք է պայքարեն մենաշնորհների եւ կոռուպցիայի դեմ, Մինասյանն ասաց. «Գլխավոր հարցը շարունակում է մնալ բաց շուկաներ ապահովելը: Երբ խոսում ենք մենաշնորհի առաջացման մասին, առաջին հերթին պետք է քաջ գիտակցենք, որ եթե շուկայի մուտքը լինի բաց, ապա դա նշանակում է, որ շատ արագ կարող է մրցակցային միջավայր ձեւավորվել»:

Լրագրողների դիտարկմանը ՝ շաքարավազի շուկան փակ է, Արծվիկ Մինասյանն ասաց. «Ոչ, շաքարի ներկրման մասով առանձին ուսումնասիրություն է պետք, էկոնոմիկայի նախարարությունը պետք է նման ուսումնասիրություն ունենա իր ձեռքի տակ»:

Նախարարն ասաց, որ շաքարավազի մուտքը շուկա պետք է ուսումնասիրեն, որպեսզի կարողանան գնահատական տալ. «Քանի՞ սուպերմարկետ կա Երեւանում, դուք՝ որպես լրագրող, կարո՞ղ եք ուսումնասիրել, էդ բոլորը մի գնորդի՞ց են ձեռք բերում շաքարավազ, թե՞ կարող են ներմուծել: Եթե կարող են ներմուծել, ի՞նչ խնդիրների առաջ են կանգնում»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031