Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի խուլ գյուղի դպրոցի տնօրենին բանտարկելը դեռ կոռուպցիայի դեմ պայքար չէ». Արտակ Ավետիսյանը՝ վարչապետի հայտարարության մասին

Մայիս 12,2016 16:09

Aravot.am-ն արեւելագետ Արտակ Ավետիսյանին հարցրեց, թե ուշացած չէ՞ արդյոք ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ արդյունավետ պետություն կառուցելու, կոռուպցիայի դեմ պայքարելու մասին այսօրվա հայտարարությունը, երբ հայ պաշտոնյաներից շատերի անունը կապվում է օֆշորային սկանդալների հետ: Եվ մի՞թե հնարավոր է զսպել շքեղ ծառայողական մեքենաների, ճոխ գործուղումների սովոր պետական չինովնիկների ծախսերը:

Ի պատասխան մեր հարցերի՝ Արտակ Ավետիսյանն ասաց, որ վարչապետի այսօրվա հայտարարությունը սպասելի էր երկրում փոփոխություններ կատարելու համատարած մտահոգությունների ֆոնին ու երկրում ինչ-որ լավ բան անելու համար երբեք ուշ չէ:

Ըստ մեր զրուցակցի, կարեւորը կամքն է, ու այդ կամքի բացակայությունն է մեզ հասցրել այս օրվան: «Մի կարեւոր ուղերձ կա. իշխանություններն ամենաբարձր մակարդակով ընդունում են, որ խնդիրներ կան, նույնիսկ ոլորտներ են նշվում. տարիներ ի վեր առողջապահությունն ու կրթությունը համարվում են ամենախոցելի ոլորտները կոռուպցիայի առումով: Կառավարական՝ ամենաբարձր մակարդակով ինչ-որ ոլորտներ թիրախավորեցին, ըստ էության այս ոլորտներում սպասվում է որոշակի տեղաշարժ, բայց քաջ ծանոթ լինելով՝ ասեմ, որ կոռուպցիայի մասին այս ոլորտներում շատ ավելի խոսվում է, քան իրականում կա: Շատ ավելի ուրիշ ոլորտներ կան, որտեղ կոռուպցիա կա՝ դատաիրավական համակարգն է, որտեղ շատ ավելի լուրջ կոռուպցիա կա ու ավելի շատ է արձագանքը սոցիալական ցանցերում, քան այս ոլորտներն են:

Այսօրվա օրենքները առողջապահական ու կրթական ոլորտների ստորին պաշտոնյաների համար այնպիսի պայմաններ ու իրավիճակներ են ստեղծել, որ առավելագույնը, ժողովրդի լեզվով ասած, մեղր ծախողը մատն է լիզում, դրանից ավելի հնարավորություն էլ չկա: Եթե մենք մտածում ենք, որ մեր երկրի ամբողջ դժբախտությունն այս երկու ոլորտներն են ու այս երկու տեղում պետք է գտնենք երկիրը քանդող, երկրի պաշտպանությանն ու անվտանգությանը հարվածող, ըստ էության, երեւի թերի կլինի կոռուպցիայի դեմ պայքարը:

15 տարի էլ լսում ես, որ այս երկու ոլորտներն ամենախոցելի են: Լավ, ասենք մի քանի տնօրեններ ինչ-որ անվան տակ դրամահավաք են անում, էն էլ, ըստ էության, պետության գրպանը չեն մտնում, ծնողից են գանձում, ծնողն էլ լավ, թե վատ տալիս է: Պետությունն այնքան է կրճատել, նվազագույնի է հասցրել առողջապահական, կրթական ծախսերը, որ ես չգիտեմ որտեղ է թալանելու տեղը, մեծ կոռուպցիային այսօր պետք է այդ մակարդակով անդրադառնալ: Ավելի թաքնված խութեր կան, որոնց հասարակ մահկանացուները չեն տիրապետում, մարդկանց համար անհասկանալի ինչ-որ բաների մասին է խոսքը, թաքնված ու չերեւացող հատվածի բացահայտումներ պետք է լինեն»:

Մեր զրուցակցի կարծիքով, լուրջ կոռուպցիան գործուղումների ծախսերի մեջ չէ: «Ես գիտեմ, որ տոմսերի մի երկու կոպեկ ավել-պակաս ծախսելու վրա չէ կոռուպցիան, ասենք մի քսան նախարար տարին 5 գործուղում է գնում, հարյուր գործուղում ու ամեն մեկը մի տոմսի մեջ 100 դոլար փող է աշխատում, գումարես ծիծաղելի գումարի մասին է խոսքը: Այդքան աղմուկը չարժե, այսօրվա թերթի խմբագիրը պաշտոնյայի դեմ սեւ հոդված չգրելու համար մի էդքան գումար վերցնում է ծախսերի համար: Ես այստեղ ավելի շատ միտում եմ տեսնում իրական թիրախներից հեռու տանելու»:

Մեր զրուցակիցն, անդրադառնալով հայ պաշտոնյաներից ոմանց օֆշորային սկանդալների մեջ թաղված լինելուն, ասաց. «Մի հայտնի խոսք կա չէ՞. ասում են՝ իմ առաջին միլիոնի մասին մի հարցրեք, մնացած միլիոնների մասին ես տեղեկություն կտրամադրեմ, մեր երկրի ցանկացած միլիոնատեր էլ էդ սկզբունքով է հարստացել, երեւի հարյուրից մեկն է, որը օրինական ճանապարհով է միլիոնատեր դարձել, ինչ-որ մի տեղ անպայման ինչ-որ մի բան խախտել են, մի ուրիշ տեղ հարկերը չեն վճարել, մի ուրիշ տեղ մաքսերը չեն տվել, մի երրորդ տեղ չակերտավոր օրինական հարկային արտոնություններ են տվել Ազգային ժողովի մակարդակով, հիմա էլ ենք մենք տեսնում՝ այս մի գործարարին կամ ընկերությանը տրվում է արտոնյալ կարգավիճակ, մենք շատ ավելի ուրիշ տեղեր ունենք պայքարելու, բա՞ մենաշնորհները…Հարկավոր է հետ գնալ, հասկանալ, թե այդ միլիոնները որտեղի՞ց, տարբեր հրապարակումներ ենք կարդում, թե օրինակ՝ ԴԱՀԿ պետը Լոնդոնում 800 միլիոն դոլար արժողությամբ սեփականություն է ձեռք բերել կամ ընդհանուր կարողությունը հասել է դրան, այստեղ է խնդիրը: Պետք է հասկանանք, որ մարդը իր ամբողջ կյանքում պետական ծառայող, չինովնիկ է եղել, ինչպե՞ս է դարձել միլիարդատեր»:

Մեր ճշտող հարցին, թե, ըստ ձեզ, վարչապետի պայքարն ավելի անկեղծ կլինի ու ոչ ձեւական, եթե միլիարդատերերի կուտակած գումարների ակունքները հետազոտվե՞ն, Արտակ Ավետիսյանն ասաց. «Ես չեմ ասում ձեւական է վարչապետի պայքարը, հեչ ձեւական էլ չէ, կպայքարեն, կբռնեն, կբանտարկեն մի երկու հատ առողջապահական հիմնարկի տնօրենի, ասենք Կապանի որեւէ խուլ գյուղերից մեկի պոլիկլինիկայում կամ չգիտես որտեղ կբռնեն որեւէ դպրոցի տնօրենի, աշխատանքից կազատեն, մանր-մունր բան են…

Ինչ-որ սպասում է, պահանջում է հասարակությունը, այստեղ չէ, իհարկե՝ պիտի կրթական, առողջապահական ոլորտներում էլ պայքարենք կոռուպցիայի դեմ, բայց պիտի հասկանանք, որ կոռուպցիան ուրիշ բան է, քրեական հանցագործություններ ուրիշ: Երբեմն մենք խառնում ենք, որ դասախոսին ուսանողի կողմից տված կաշառքը, ինքը խորքի մեջ հա կոռուպցիոն երեւույթ է, քրեորեն դատապարտելի արարք, բայց եթե դասախոսին բռնեցին, դատեցին, բան չփոխվեց, լուծումներ են պետք, որպեսզի բուհական համակարգում վերանա կաշառակերությունն ու կաշառատվությունը, համակարգային փոփոխություններ են պետք, կառավարման մոդել է պետք փոխել, չթույլատրել միանձնյա կառավարում»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031