Լրահոս
Օրվա լրահոսը

Շավարշ Քոչարյան. «Թե ի՞նչ ենք մենք հանձնելու, դա թող մտահոգի Ադրբեջանին» (Տեսանյութ)

Մայիս 12,2016 15:47

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի՝ «Համակողմանի լուծումը կներառի Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումը ու հարակից տարածքների վերահսկողությունը Ադրբեջանին վերադարձնելը» հայտարարությանն ասաց.«Եթե խոսքը գնում է մադրիդյան սկզբունքների մասին, որոնք գաղտնազերծված են, ապա ակնհայտ է, որ խոսքը գնում է ե՛ւ կարգավիճակի, ե՛ւ տարածքների մասին: Կարեւոր է արձանագրել հետեւյալը՝ Ադրբեջանը փորձում է դուրս բերել այդ ամբողջ փաթեթից, դա նաեւ երեկ Գերմանիայում Մամեդյարովի հայտարարությունն էր, իր պատկերացմամբ՝ խնդիրը լուծվում է տարածքների վերադարձմամբ եւ այլն եւ այլն:

Կարեւոր է արձանագրել հետեւյալը՝ տարածքային հարցերը առաջ քաշելիս, մինչեւ առաջ քաշելը, Ադրբեջանը պարտավոր է, եթե այդքան կարեւորում է այդ հարցը, վերադարձնել ԼՂ օկուպացված շրջանները եւ ճանաչել Լեռնային Ղարաբաղը: Ինչո՞ւ, որովհետեւ ճանաչելով նա կունենա այն սուբյեկտը, որն իրավազոր է քննարկել նմանատիպ հարցեր: Հայաստանի Հանրապետությունը չի կարող Ղարաբաղի փոխարեն լուծել այդպիսի հարցեր. սա է ամենակարճ ճանապարհը, որպեսզի Ադրբեջանը հասնի իր բաղձալի նպատակին»:

Իսկ թե ինչ օկուպացված տարածքների վերադարձի մասին է խոսքը, Քոչարյանը գերադասեց խոսել այն տարածքների մասին, որոնք, իր խոսքերով ասած՝ Ադրբեջանն է օկուպացրել.«Դա Մարտունու շրջանն է, Մարտակերտի որոշ տարածքներ, Շահումյան: Իսկ թե ի՞նչ ենք մենք հանձնելու, դա թող մտահոգի ադրբեջանցիներին, դա ինձ չի մտահոգում»:

Հայաստանում ՌԴ դեսպանատան երկրորդ քարտուղարի հայտարարության, թե քանի դեռ Հայաստանը չի ճանաչել Արցախը, ոչ մի ռուսական զենք չի կարող գնալ Արցախ, մասին էլ Շավարշ Քոչարյանն ասաց. «Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշմանը, որն արտահայտվում է այդ հարցում, մենք քաջ տեղյակ ենք: Կարող են լինել տարբեր շեղումներ, արտահայտություններ, մենք պարտավոր չենք ամեն ինչի պատասխանել»:

Իսկ Վոլինկինի այն հայտարարության մասին էլ, ըստ որի դեսպանը փաստաթուղթ ուզեց հայ լրագրողներից, որը կապացուցի, թե Ռուսաստանը շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին, փոխարտգործնախարարն ասաց.«Ակնհայտ է, որ դրան պետք է Հայաստանում ՌԴ դեսպանը չպատասխանի, դրան պատասխանող այլ ատյաններ կան, որոնց առջև այդ հարցերը բարձրացվում են»:

Դիտարկմանն էլ, որ 1991 թվականին Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնելու փաստաթուղթ էր շրջանառվում, հիմա ի՞նչ եղավ այդ փաստաթղթի հետ, Քոչարյանն ասաց.«Այո, եղել է վերամիավորման հարցը, որից հետո Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հանրաքվեով իր կամքն արտահայտել է որպես անկախ պետություն, եւ այստեղ խաղարկելու բան չկա: Մենք հո Ադրբեջա՞ն չենք, որ չընդունենք Ղարաբաղի որոշումը»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031