Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցում կազմակերպվել էր Արցախյան պատերազմի ազատամարտիկ, ազատագրական շարժման գործիչ, գրող, դպրոցի նախկին աշակերտ Դավիթ Սարապյանի՝ Դևի 50-ամյակին նվիրված հուշ-երեկո:
Միջոցառումն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և ՀՀԿ Կենտրոն տարածքային կազմակերպության երիտասարդական խորհրդի նախաձեռնությամբ:
Միջոցառման շրջանակում ներկաները նախ մեկ րոպե լռությամբ հարգել են ապրիլի սկզբին առաջնագծում զոհված զինծառայողների հիշատակը, որոնք, ինչպես և Դավիթ Սարապյանը, զոհվեցին հանուն հայրենիքի:
Երեկոյի ընթացքում երիտասարդներն ու դպրոցի աշակերտները ներկայացրել են Դևի կարճ, բայց հերոսական դրվագներով լեցուն կյանքի ճանապարհն ու թղթին հանձնված նրա այն մտքերը, որոնցով այսօր առաջնորդվում են դպրոցի աշակերտները:
Միջոցառմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետն ու Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը, ինչպես նաև Դևի մարտական ընկերները:
Հյուրերը ծանոթացել են նաև ուսուցիչների ջանքերով դպրոցում ձևավորված Դավիթ Սարապյանի հուշանկյունին:
Միջոցառումն ուղեկցվել է ազգային մարտական երգերով և ռազմապարերով:
Երևանի քաղաքապետարան