Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը մտահոգված է իրավասու մարմինների անտարբեր վերաբերմունքով կալանավոր Հրաչյա Գևորգյանի առողջական վիճակի նկատմամբ: Վերջինս գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում և բազմիցս առողջական վիճակի վատթարացման պատճառով տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, մի քանի անգամ ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց:
Մի շարք քրոնիկական հիվանդությունների պատճառով կալանավորը զրկված է իր կենսական պահանջմունքները բավարարելու հնարավորությունից, ինչը լրացուցիչ անհարմարություն է ստեղծում և իր համար, և նրա խցակիցների համար, որոնց օգնությանն է հաճախ դիմում Հր. Գևորգյանը: Շարունակելով գտնվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում և չստանալով իր առողջական վիճակին համապատասխան բժշկական օգնություն և խնամք՝ արդեն մի քանի օր է՝ Հրաչյա Գևորգյանը գտնվում է հացադուլի մեջ, որով վերջինս իր դժգոհությունն է արտահայտում քրեակատարողական հիմնարկի ղեկավարության նկատառմամբ: Կոչ ենք անում իրավասու մարմիններին անհապաղ քայլեր ձեռնարկել կալանավոր Հրաչյա Գևորգյանին անհրաժեշտ բժշկական օգնություն և խնամք տրամադրելու հարցում, այլապես դա կարող է ունենալ անդառնալի հետևանքներ: Նշենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ Հրաչյա Գևորգյանի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Սաֆարյանի կողմից արդեն իսկ միջնորդություն է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ անհապաղ միջոցներ կիրառելու մասին:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ