Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուսաստանից եկած կամավոր. «Բոլորը միաձայն ասում են՝ եթե սկսվի կգանք, արդեն վաղուց է սկսվել» (Տեսանյութ)

Մայիս 12,2016 14:41

«Պարզվեց, որ մենք ապրում ենք կեղծ իրականության մեջ»,- մայիսի 12-ին «Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում հասարակական կազմակերպության վարչության անդամ Քերոբ Ղազարյանը:

Նա նշեց, որ Հայաստանի իշխանությունները անընդհատ պնդում էին, որ մենք լավ ենք ապրում, տնտեսական աճ ենք արձանագրում, որ արտագաղթը բնական երեւույթ է, ունենք տարածաշրջանի ամենամարտունակ բանակը, մեր սահմանները ապահով են եւ մենք առաջ ենք գնում: Սակայն, ըստ նրա, իրականում Հայաստանը թաղված է կաշառակերության, կոռուպցիայի, ամենաթողության մեջ. «Եվ հանկարծ եկավ ապրիլը: Մեր իշխանությունների որդեգրած քաղաքականությունը, այսպես ասած «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն»-ը պայթեց պատերազմով: Եվ այդ պատերազմը բախեց բոլորի դռները՝ Ղարաբաղից մինչեւ Գյումրի, Տավուշ՝ Հայաստանի բոլոր մարզերը, հարյուրավոր սեւ թղթեր ստացանք: Այն դեպքում, երբ երկու տարուց ավելի է լարվածությունը աճում էր թե՛ Ղարաբաղի սահմաններում, թե՛ Հայաստանի սահմաններում»:

Քերոբ Ղազարյանը համարում է, որ պատերազմը բոլորի համար անակնկալ եղավ, որովհետեւ դրան պատրաստ չէինք: Նա համարում է, որ մինչեւ առաջնագիծ գնալը կամավորները պարտավոր են անցնել համապատասխան վարժանքների շրջան, վերհիշել իրենց ծառայությունը, ծանոթանալ նոր զինատեսակներին, մարտավարությանը եւ դրանից հետո միայն մեկնել ռազմաճակատ:

Քերոբ Ղազարյանը հայտնեց, որ իրենց հայտարարությունից հետո մի քանի հարյուր մարդիկ ցուցակագրվել են աշխարհի տարբեր հատվածներից՝ Լեռնային Ղարաբաղից, Ռուսաստանից, Եվրոպայից, Վրաստանից, Միացյալ Նահանգներից, Բեյրութից եւ Թուրքիայից, Հայաստանից: Ցուցակագրված կամավորների 15 տոկոսը կազմում են կանայք, մինչեւ 30 տարեկան կամավորները՝ 20 տոկոս, 31-50 տարեկանները՝ 50 տոկոս եւ 50-ից բարձր՝ 30 տոկոս. «Մեր ծրագրերի մեջ մտնում է դիմել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, որպեսզի այս մարդկանց հետ անցկացնեն զորավարժանքներ, կազմվեն ստորաբաժանումներ, նշանակվեն հրամանատարներ: Միայն այդ ամենը անցկացնելուց հետո պաշտպանության նախարարության տրամադրության տակ մեկնել համապատասխան վայր՝ իրենց ծառայությունը անցկացնելու համար»:

Kamavor-2

Մամուլի ակումբում ներկա էին Ռուսաստանի Դաշնությունից եկած 2 կամավորներ՝ Հովհաննես Հարությունյանը եւ Թաթուլ Թամրազյանը: Վերջինս նշեց, որ իր կյանքի 20 տարիները ապրել է Սիբիրում, նա վստահություն հայտնեց, որ դեռ շատերը կգան Հայաստան. «Դժվար ժամանակներ են, մարդիկ են պետք, ինչպես ես: Նրանք պետք է այստեղ գան, որովհետեւ դրա կարիքը կա: Պետք է գան ոչ թե 10-20 հոգի, այլ հազարավոր մարդիկ»:

Իսկ Հովհաննես Հարությունյանը հավելեց. «Բոլորը միաձայն ասում են՝ եթե սկսվի կգանք, արդեն վաղուց է սկսվել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031