ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին հիշեցնում է նախագահ Սարգսյանի հայտարարությունների բառապաշարը: «Բառապաշարը համահունչ է նախագահ Սարգսյանի հայտարարություններին թե վստահության մեխանիզմների ամրապնդման, թե զինադադարի պահպանման մասին: Մենք տեսնում ենք, որ այսօր խնդիր չկա նոր փաթեթի մասին, խոսքը գնում է բացառապես այն առաջարկների վերաբերյալ, որի մասին խոսել է հանրապետության նախագահը՝ վստահության մեխանիզմների ներդրում, զինադադարի պահպանում: Երբ ես նշեցի, որ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հիմնականում դրական է արձագանքել նախագահի հայտարարությանը, այսօր ես տեսա, որ համանախագահ երկրներն էլ խոսում են այն բառապաշարով, որի մասին խոսել է նախագահը»,- խորհրդարանում մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահն`անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այն հայտարարությանը, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կարող են հանդիպել հաջորդ շաբաթ`Վիեննայում:
«Այն սկեպտիկները, կամ այն գործիչը, որոնք քննադատում էին նախագահի դիրքորոշման կոշտացումը, թե դա չի բխում մեր շահերից եւ կարող է հանգեցնել կոնֆլիկտի` համանախագահ երկրների ու Հայաստանի միջև, մենք տեսանք, որ դա կոնֆլիկտի չհանգեցրեց: Ընդհակառակը՝ նախագահի ամբողջական կոչից ու ազդակից հետո այսօր համանախագահները խոսում են այն բառապաշարով, որի մասին խոսում է մեր նախագահը»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահն ասաց, որ նախագահների հանդիպման մասին պաշտոնական տեղեկատվությունը օրենքով սահմանված ժամկետներում կտրվի:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ