ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ապրիլի 18-ի կարգադրությամբ մայիսի 12-ին հայրենիք-սփյուռք համագործակցության զարգացման գործում ներդրած ավանդի համար ՀՀ ԱԺ պատվո մեդալ է շնորհվել «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակին: Բարձր պարգեւը ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանին հանձնել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
ԱԺ փոխնախագահը շնորհավորել եւ երախտիքի խոսք է հայտնել պարոն Կարապետյանին ու հանձնախմբի անդամներին ծավալած հայանպաստ ակնառու գործունեության համար: Նա բարձր է գնահատել հանձնախմբի կատարած աշխատանքը Հայոց ցեղասպանության ճանաչման, Արցախի միջազգային ճանաչման եւ Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդման գործում: Որպես ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար՝ տիկին Նաղդալյանն առանձնակի կարեւորել է այն աջակցությունը, որ ցուցաբերում է հանձնախումբը եվրոպական միջազգային կառույցներում մեր երկիրը ներկայացնող պատվիրակություններին:
Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի անդամների անունից շնորհակալություն հայտնելով ԱԺ բարձր պարգեւի արժանանալու համար՝ Գասպար Կարապետյանն ընդգծել է, որ իրենք շարունակելու են արդար պայքարը ճշմարտությունն աշխարհին ներկայացնելու ուղղությամբ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ