Գործադիրը հավանություն է տվել ՀՀ-ում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքի այլընտրանքային ծառայությունների համակարգի զարգացման հայեցակարգին, որով կսահմանվեն այդ ծառայությունների նոր տեսակները, հիմնական ուղղությունները և սկզբունքները: Կստեղծվեն նախադրյալներ հաստատությունների բեռնաթափման և երեխաների մուտքը հաստատություններ կանխարգելելու համար: Ըստ հիմնավորման՝ միջազգային փորձը ցույց է տալիս, որ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքի ու պաշտպանության առավել արդյունավետ ձևը փոխարինող ընտանիքն է, որը խնամքի ու դաստիարակության շարունակականության ու անընդհատության ապահովումից զատ, հնարավորություն է տալիս երեխայի նկատմամբ ցուցաբերել անհատական մոտեցում` ապահովելով երեխայի սիրված լինելու ու հոգեկան կապվածության պահանջմունքի բավարարումը: Խնամքի այլընտրանքային ծառայությունների զարգացման համար առկա խնդիրներն են՝ նոր տիպի ծառայությունների սահմանումը, խնամքի այլընտրանքային ծառայություններ տրամադրող վերապատրաստված մասնագետների պակասը, խնամքի այլընտրանքային ծառայությունների մոնիթորինգի մեխանիզմների բացակայությունը, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների վերաբերյալ տեղեկատվական ոչ լիարժեք համակարգը և այլն:
Կառավարությունը սահմանել է օտարերկրացի աշխատողի համար գործատուին աշխատանքի թույլտվություն տրամադրելու և մերժելու կարգը և ժամկետները, համապատասխան աշխատանքով օտարերկրացուն չապահովելու դեպքում գործատուի կողմից ծախսերի հատուցման կարգը և չափերը, աշխատանքի թույլտվություն տրամադրելու համար անհրաժեշտ փաստաթղթերի և բարձր որակավորում ունեցող օտարերկրացի մասնագետներին առանց աշխատանքի թույլտվության ՀՀ-ում աշխատելու իրավունք տվող մասնագիտությունների ցանկերը: Ըստ հիմնավորման՝ աշխատանքային միգրացիայի պետական կարգավորման շրջանակում օրակարգային է դարձել գործատուների կողմից օտարերկրյա աշխատուժի օգտագործման հետ կապված հարաբերությունների համալիր կանոնակարգումը, մասնավորապես` «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքից բխող օտարերկրացիների աշխատանքի թույլտվության (ՕԱԹ) իրավունքի իրացման մեխանիզմների ամբողջական ներդրումը: Որոշմամբ, մասնավորապես, ամբողջականացվել է ՕԱԹ տրամադրման ընթացակարգը, սահմանվել են գործատուի կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի և առանց աշխատանքի թույլտվության ՀՀ-ում աշխատելու իրավունք տվող մասնագիտությունների ցանկերը: Ամբողջականացվել են նաև գործատուի կողմից ՀՀ օրինական մուտք գործած և աշխատանքի թույլտվություն ստացած օտարերկրացի աշխատողի և նրա ընտանիքի անդամների հետ վերադարձի հետ կապված ծախսերի փոխհատուցման պայմանները և չափերը` գործատուի կողմից օտարերկրյա աշխատողին համապատասխան աշխատանքով չապահովելու դեպքում:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ